«Չեմ կարծում, որ ճիշտ է Բաքվում ընթացող գործընթացները դատավարություն համարել, որովհետեւ այստեղ լուրջ թակարդ կա, դա վտանգավոր է նաեւ մեր մտայնության համար։ Մենք պետք է միշտ հասկանանք, թե ինչ է կատարվոմ իրականում։ Ցավոք սրտի, Ադրբեջանի համար շատ ցանկալի իրավիճակ է, եւ այդ դատավարությունները հստակ նպատակ ու սցենար ունեն»,- այս մասին այսօր հայ գերիների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ միջազգային դատական գործընթացները շատ կարեւոր են։ «Ինչի՞ համար են կարեւոր միջազգային դատարանները, սրա մասին շատ թերահավատորեն ենք խոսում, 2020 թվականից ի վեր ես անընդհատ տարբեր առիթներով առերեսվում եմ մի հարցի հետ, թե առհասարակ իմաստ ունե՞ն միջազգային դատական գործընթացները, միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, եթե Ադրբեջանն առհասարակ որոշում է չկատարել դրանք։ Միջազգային դատական գործընթացներն առանցքային են այստեղ, որովհետեւ եթե դու միջազգային դատական գործընթացները հանում ես այս ամբողջ պատկերի միջից, մնալու են Բաքվի դատավարությունները։ Ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը այնքան էլ լավ հետեւանքներ չի ունենում նաեւ երկարաժամկետ հատվածում։ Ինչի՞ մասին է խաղաղությունը, խաղաղությունը նաեւ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետեւ դժվար է սեղմել այդ ամենը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա։
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ հույս ունի՝ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն, որովհետեւ սրանք կարեւոր անվտանգային երաշխիքներ են պարունակում։ Նա հավելեց, որ միջազգային դատարանների կայացրած դատարանների որոշումներին հետամուտ լինելու պրոցեսը պետք է անընդհատ լինի, այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է հետամուտ լինեն դրանց կատարմանը։ Նրա խոսքով՝ որոշումն իր կյանքն ունի նաեւ դրա կայացումից հետո, դա ազդում է քաղաքական գործընթացների ու որոշումներ կայացնողների վրա։
«Այդ իրավունքների պաշտպանության որոշումները շատ կարեւոր են, մենք ունենք ՄԻԵԴ որոշումներ՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին, բացի այդ, ունենք նաեւ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցներ կիրառելու մի քանի որոշումներ։ Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի որոշումը վերաբերում է նաեւ պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս որոշման կարեւորություն ինչո՞վ է նաւե ընդգծվում, այն հանգամանքով, որ Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի տրամաբանության վրա, որի տրամաբանությունը խտրական վերաբերմունքի բացառումն է, որը հենց առանցքն է այս ամբողջ պատմության։ Այսինքն՝ այն հակահայկական մթնոլորտը, որը կա»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Կիրակոսյանն ասաց․ «Իմ անձնական ընկալմամբ՝ խաղաղություն առաջին հերթին նաեւ ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Իրավական պրոցեսներն ինքնին խաղաղության կարեւոր անկյունաքար են, ավելին, հիմք են, դրա պատկերի կտորներից մեկն են։ Դա է նաեւ երաշխիք տալիս, որպեսզի բարդ եւ խորը պատմական հիմքեր ունեցող կոնֆլիկտի դեպքում փաստական հանգամանքներով կարողանաս ապացուցել։ Այսօրվա աշխարհում նման բարդ ու խորքային կոնֆլիկտների դեպքում նաեւ գնում է նարատիվների կռիվ, այսինքն՝ յուրաքանչյուր կողմ, հատկապես այն կողմերը, որոնք ոչ դեմոկրատական ռեժիմներ են, ավելի ագրեսիվ նարատիվային կռիվներ են տալիս։ Այդ նարատիվային կռիվները նպատակ ունեն իրենց չակերտավոր ճշմարտությունը սարքել գերիշխող, իրենց վրայից մեղադրանքը հեռացնելու նպատակ ունեն»։