Չկա չեզոք միջազգային կազմակերպություն, որը Բաքվում կայցելեր հայերին

  • 17:26 01.10.2025

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայերի՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Այս մասին այսօր հայ գերիների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ սա ամենեւին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են եւ Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր։

«Ցավոք, եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես, գերիների սպանություններ։ Կան ապացույցներ մի կողմից Ադրբեջանում գերի լինելու վերաբերյալ, մյուս կողմից, սպանվածի մարմինը արդեն իսկ գտնվում է ՀՀ տիրապետության ներքո։ Երկրորդը, որ գերիներն ուղղակի բռնի անհետացել են, այսինքն՝ գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ ,որոնցով պայմանավոված մենք կորցրել ենք տեղեկատվությունն այս անձանց վերաբերյալ։

Եվ ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ ու հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։ Ցավոք սրտի, նման անորոշության պայմաններում նաեւ չկա որեւէ անկախ կազմակերպություն, որը որոնողական գործողությունների արդյունքում կկարողանար հայտնաբերել փնտրվող բռնի անհետացած գերիներին, կստուգեր նրանց ողջ լինելը եւ մեզ տեղեկություններ կտար նրանց ողջ լինելու վերաբերյալ։ Դրա համար, այո, մենք ունենք 23 գերիներ, որոնք գտնվում են Ադրեջանում եւ ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ։ Բազմիցս խոսվել է 80 անձի մասին, դա իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են, բայց փաստացի այդ թվերը կարող են շատ ավելին լինել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա ասաց, որ 23 գերիների թվում 8 անձ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Իրավապաշտպանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր վերջին տեսակցությունը հայ գերիների հետ կարողացել է կազմակերպել այս տարվա հունիս ամսին, դրանից հետո մուտքն արգելափակված է, ԿԽՄԿ գործունեությունն Ադրբեջանում ամբողջովին դադարեցված է։ Եվ այս պահին չկա որեւէ չեզոք միջազգային կազմակերպությունը, որ կկարողանա այցելել հայերին եւ անմիջական դիտարկումների միջոցով պարզել նրանց իրական դրությունը։

«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, եւ չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություններ ունեցած կլինեն որոշ հայերի հետ։ Այս պահին ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց, բայց ապագայում մենք հայտարարությամբ հանդես կգանք այս հարցի առնչությամբ»,- հավելեց նա։