Չորրորդ հանրապետության ստեղծումը՝ սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է

  • 13:14 02.10.2025

Նիկոլ Փաշինյանի արարքներում ոչ միայն առերեւույթ պետական դավաճանության, նաեւ առերեւույթ սահմանադրական կարգը տապալելու մասին կասկածներ կան։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այն հայտարարությանը, թե չորրորդ հանրապետություն են ստեղծում։

«Հպարտորեն հայտարարում եք չորրորդ հանրապետության մասին։ Եթե դուք տապալում կամ դադարեցնում եք երրորդ հանրապետության գոյությունը, եթե դուք ասում եք՝ երրորդ հանրապետությունը՝ որպես պետություն, չկա այլեւս, չորրորդն ենք ստեղծում, սա սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե որեւէ հանրապետության գոյություն դադարեցնում եք՝ ստեղծելով նորը, նշանակում է՝ դուք այն հանրապետության դեմ եք գործել, որի Սահմանադրության շրջանակներում եկել եք իշխանության։ Դուք, որ բառերն օգտագործում եք, իրավական առումով գոնե նախնական ուսումնասիրություն չեք անո՞ւմ»,- ԱԺ ՔՊ խմբակցությանը դիմեց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այս կասկածները կարիք ունեն լրջագույն իրավական գնահատականի․ «Ձեր հայտարարություններն իսկապես առերեւույթ պարունակում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ՝ ուղղված ՀՀ սահմանադրական կարգի դեմ»։

Ավելի վաղ Արծվիկ Մինասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության վերաբերյալ 18 էջանոց փաստեր ունի, որոնք ներկայացրել է դատախազություն։