64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում:
«․․․ԱԺ-ն աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին: Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը”, ասված է հայտարարության մեջ:
“ԱԺ-ն քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը”, ասվում է նախագծում:
«Հայաստան» խմբակցությունը, հայտարարելով, որ չի մասնակցելու ՔՊ-ի հակահայկական օրակարգի քննարկմանը, նշում է, որ “հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները”:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը”:
Խմբակցությունը հիշեցրել է ավելի վախ իր արած հայտարարությունը․ «Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:
ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը”, ասված է հայտարարության մեջ։
Մասնավորապես, Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտճնշման հետևանք է, և արցախահայության բռնիտեղահանման միջազգայնորեն արդարացում, ասվում է հայտարարության մեջ։