Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ ութերորդ գագաթնաժողովը։ Երեկ Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերը ռազմավարական նշանակություն ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, հիշեցրեց, որ հենց այս համայնքի գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ Պրահայում 2022 թվականին, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց հարգանքը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
2022 թվականից ի վեր Փաշինյանը, Շառլ Միշելի և Մակրոնի ձեռամբ, պնդում է, որ նախկին խորհրդային սահմանները “պաշտպանում է” ոչ թե Մոսկվան (որն ինքն է խախտել դրանք Ուկրաինայում), այլ Փարիզը և Բրյուսելը։ Եվ որ Եվրոպան է Բաքվի և Երևանի միջև «խաղաղության մայրը», որ «հայրությունը» Թրամփը ճանաչեց օգոստոսի 8-ին։
Եվրոպայի կողմից նախկին խորհրդային սահմանների այս աստիճանի երկրպագելը, և դրանով 2023 թվականին Արցախի բռնի բռնազավթումը, ցեղասպանությունը և բնիկ հայ բնակչության տեղահանությունը արդարացնելը, անխուսափելիորեն պետք է հանգեցներ մեծ պատերազմի հենց Եվրոպայում։ Ռուսաստանը, որը 2020 թվականին դարձավ նոյեմբերի 9-ի հայտարարության «կնքահայրը», Արցախում ուժի կիրառմամբ “խաղաղությունից” քաջալերված, 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա՝ ինքը հայտնվելով աղետի եզրին։ Իսկ այն բանից հետո, երբ Եվրոպան հանկարծ հիշեց 1991 թվականի խորհրդային սահմանները և պատրաստակամորեն ընդունեց Արցախի օկուպացիան և ցեղասպանությունը, պատերազմի ուրվականը հայտնվեց Եվրամիույան գլխին։
ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանը դաշինքի դեմ հիբրիդային պատերազմ է մղում և պատրաստվում է իրական պատերազմի: ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումների հետ կապված հաղորդված և ապացուցված միջադեպերի աճող թիվը հանգեցրել է Եվրոպայում լարվածության արագ աճի և Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ մտահոգությունների։
Ֆրանսիական բանակի հրամանատար գեներալ Շիլը խոսել է ռազմական գործողությունների հանկարծակի բռնկմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին, ըստ Valeurs Actuelles-ի: Նա նշել է, որ ֆրանսիական զինվորականները պետք է պատրաստ լինեն մարտական գործողությունների մասնակցելու նույնիսկ «այսօր երեկոյան», եթե անհրաժեշտ լինի։
Այսօրվա BBC-ն մանրամասնորեն ներկայացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև անխուսափելի պատերազմի հավանականությունը՝ նշելով, որ դա, հավանաբար, վաղը տեղի չի ունենա, բայց Եվրոպան արդեն պատրաստվում է։
Եվրոպացիները մտադիր են օգտագործել ոչ թե անօդաչու թռչող սարքեր, այլ բարձր ճշգրտության հրթիռներ և հրետանի, լայնածավալ օդուժ և ռազմածովային ուժեր։
Լեհաստանը ստեղծել է տարածքային պաշտպանության ուժեր և պարտադիր զինվորական գրանցում է մտցրել 60 տարեկանից փոքր բոլոր տղամարդկանց և որոշակի կատեգորիաների կանանց համար: Լեհաստանի զինված ուժերի ընդհանուր պահեստազորը ներկայումս գնահատվում է ավելի քան 1 միլիոն անձնակազմ, որոնցից 350,000-ը անցել են ռազմական պատրաստություն։
Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, նույնպես ակտիվորեն զարգացնում են իրենց զորահավաքային պահեստազորային համակարգը։
Գերմանիայի հիվանդանոցները պատրաստվում են օրական ընդունել մոտ 1000 վիրավոր, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Բունդեսվերի կենտրոնական բժշկական ծառայության ղեկավար Ռալֆ Հոֆմանը։
Եվրոպայում, Ռուսաստանից բացի, ռազմավարական միջուկային ուժեր ունեն նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Սակայն Եվրոպայում կա նույնպես մարտավարական միջուկային զենք: Ռուսաստանը ևս ունի դրանք՝ տեղակայելով մարտագլխիկներ Բելառուսում: Միացյալ Նահանգները նույնպես ունի՝ և այն պահեստավորել է ցածր հզորության միջուկային ռումբեր Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Գերմանիայում և Թուրքիայում: Ավելին, Ֆրանսիան կարող է ունենալ մարտավարական միջուկային զենք, ինչը մեծացնում է միջուկային պատերազմի հավանականությունը։
«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան՝ Եվրամիության աջակցությամբ, կարող է վերադարձնել իր ամբողջ տարածքը։ Այս զարմանալի լավատեսության հետևում թաքնված է ԱՄՆ-ի ներգրավվածությունը նվազեցնելու և պատերազմը դադարեցնելու պատասխանատվությունը Եվրոպային փոխանցելու խոստումը։ Ճշմարտությունն ավելի լավ է, քան պատրանքները», – սոցիալական ցանցերում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Անհնար է անընդհատ հազար կամ երկու հազար դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքերը խփել այնպիսի հրթիռներով, որոնք գուցե կես միլիոն կամ մեկ միլիոն դոլար արժեն… Մենք բոլորս արագ զարգացնում ենք տեխնոլոգիաները և սովորում ուկրաինացիներից», – Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։
Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն չունի անհրաժեշտ սարքավորումներ, Ռյուտեն պատասխանել է. «Կարճաժամկետ հեռանկարում՝ այո, այդպես է»։
Պանդորայի արկղը, որը բացվեց Արցախում, կոչնչացնի նրանց, ովքեր թույլ տվեցին, որ այն բացվի։