Մարինե Հովսեփյանն Արցախից տեղահանվելուց հետո Գորիսում է հաստատվել։ Մասնագիտությամբ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ինչպես ասում են նրա աշակերտները՝ դասաժամին ճանճի տզզոցն անգամ չէր լսվում։ Նա իր ռուսերենի անթերի իմացությունը, սակայն, չի կարողանում գործի դնել։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով շարժվում է հենակներով։ Ունի սրտի, ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Տառապում է շաքարային դիաբետով։ Երրորդ կարգի հաշմանդամ է։
Բնակվում է Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում՝ ամսական վճարելով 50000 դրամ։
-Տեղահանությունից հետո իմ առողջական վիճակն ավելի է վատացել։ Առանց հենակների չեմ կարողանում շարժվել։ Անընդհատ բժիշկների վերահսկողության տակ եմ և կարիք ունեմ վիրահատության։ Ողնաշարիս վրա ուռուցք է հայտնաբերվել, որն անպայման պետք է հեռացվի։ Հաշմանդամության համար ստանում եմ ընդամենը 39000 դրամ։ Այս պահին ոչ մի աջակցություն չեմ ստանում պետության կողմից։ <<Փարոս>> ծրագրի շահառու էի, դրանից էլ զրկվեցի։ Գորիս քաղաքում 33 տարի է, ինչ գործում է <<Կամար>> կազմակերպությունը, որն ունի անվճար ճաշարան։ Որպես հաշմանդամ ինձ գրանցել են և ապահովում են ամենօրյա սննդով, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։
Առողջությունս հանկարծակի խաթարվել է 2014 թվականի մայիսին: Կոմայի մեջ՝ մահամերձ վիճակում ինձ հասցրել են հիվանդանոց: Բուժմանս համար պահանջվում էին երկու վիրահատություններ, որոնք կապված էին գլխուղեղիս հետ՝ խոշոր չափսերի ուռուցքի հեռացում և աջ մասի պլաստիկ փակում: Պետպատվերի շրջանակներում կատարվել են վիրահատություններս: Աստծո կամոք, վերակենդանացա, ապրեցի: Հետո երկար հետվիրահատական շրջան եմ ապրել։ Ծանր պահերին իմ կողքին միշտ կանգնած էին բարի ու կարեկցող մարդիկ, որոնց արածը ես չեմ կարող մոռանալ։
Այժմ բոլորն են հայտնվել դժվարության առաջ, բոլորս անտուն ու անօգնական ենք։ Սակայն էլի գտնվել են մարդիկ, ովքեր օգնության ձեռք են մեկնում ինձ։ Նրանց տված գումարով ես կարողանում եմ մեքենայով տեղաշարժվել՝ պարբերաբար հիվանդանոց գնալու համար։
2023-ի սեպտեմբերին, փրկվելով ցեղասպանվելուց, ցանկանում եմ ապրել։ Եթե Աստված ինձ ողջ հասցրել է Հայաստան, ապա պետք է ուժ գտնեմ ապրելու, գնահատելու կյանքը,- ասում է Մարինեն՝ հավելելով, որ բնակապահովության ծրագիրը հասու չէ իրեն։ Անգամ, եթե Գորիսում մեկ շնչին հատկացվում է 5 մլն դրամ։
Արցախյան առաջին պատերազմում զոհված Ազատ Հովսեփյանի քույրը չի կորցնում հավատը, որ մի օր կվերադառնա Արցախ, որտեղ ծնողների և մինուճար եղբոր շիրիմներն են։
-Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, ես տանն էի։ Մի քանի օր էր, ինչ հիվանդ պառկած էի մենակության մեջ։ Սկզբից չէի մտածում, որ էլի պատերազմ է սկսել։ Կարծում էի, որ հերթական սադրանքն է թշնամու կողմից։ Զանգեցի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանին՝ իմանալու, թե ինչ է կատարվում և հաց թխելո՞ւ են Ասկերանում, քանի որ մի քանի օր ցամաք հաց չէի կերել։ Ալյուր չլինելու պատճառով հաց չէին թխում․ լսել էի, որ այդ օրը պետք է թխվեր։
Նա նախ զարմացավ, որ դեռ տանն եմ, ապա հորդորեց շուտ գնալ մոտակա ապաստարանը։ Ասաց, որ արդեն սկսվել է բնակչության տարհանումը, ամեն ինչ շատ լուրջ է։ Ուժերս հավաքեցի, դուրս եկա տանից ու տեսա, որ իսկապես մեր թաղամասում մարդ չկար․ հավանաբար բոլորը տարհանվել էին։ Գնացի վարչակազմի նկուղը, որտեղ շատ մարդիկ կային։ Քիչ հետո <<Ուրալ>> մակնիշի ավտոմեքենայով մեզ տարան Ստեփանակերտի օդանավակայան, քանի որ այնտեղ ռուս-խաղաղապահների հատվածն է, ու պարզ է՝ թշնամին այդ ուղղությամբ չի կրակելու։
Մեզ տեղավորեցին վրաններում։ Մի քանի օր մնալուց հետո ցանկացա գնալ տուն, քանի որ բացի փաստաթղթերից տանից ինձ հետ բացարձակ ոչինչ չէի վերցրել։ Կանայք չթողեցին՝ ասելով, որ շատ վատ բաներ են կատարվում, թշնամին համարյա Ասկերան է մտել։ Հետո լսեցինք, որ մեր դիրքերում զոհեր կան։
Առողջությունս ավելի էր վատանում, քանի որ տառապում եմ նաև շաքարային դիաբետով։ Համարյա ուշագնաց վիճակում ինձ հասցրին ռուսների հոսպիտալը, որտեղ հասկացան, որ վիճակս լուրջ է։ Ինձ հասցնում են ճաշարան, որ մի կտոր հաց ուտեմ։ Երբ ուշքի եկա, առաջինն ինչ նկատեցի՝ նրանց պահեստների առատությունն էր։ Մեծ ցավ ապրեցի, որ մեզ միտումնավոր սովի են մատնել, որ 9 ամիս շարունակ արցախցին դիմադրում էր՝ հանուն ոչնչի։ Իսկ այդտեղ՝ մեզ իբր պաշտպանողները, մեր հողում ապրում են լիության մեջ։
Օդանավակայանում խանութներ կային, որոնց մուտքն արգելված էր մեզ համար։ Ցանկանում էի մտնել՝ չթողեցին։ Ինձ հետևում էր ռուս զինծառայողը՝ ինքնաձիգը ձեռքին։ Երկրորդ անգամ, երբ կրկին հայտնվեցի ռուսական հոսպիտալում, մի մարտակերտցի մարդու ևս բերեցին։ Նա շատ ծանր վիճակում էր․ մահացավ իմ աչքի առաջ։
Վրաններում կանայք հաց էին թխում, ուտելիք պատրաստում, որ գոյատևեն։ Սկզբից չգիտեինք, որ շուտով ամենաահավորն է լինելու։ Հետո սկսվեց տեղահանությունը։ Խուճապն ուժեղանում էր։ Ես օդանավակայանից դուրս եմ եկել սեպտեմբերի 30-ին՝ Հայաստանից ուղարկված ավտոբուսով։ Փրկվեցինք՝ մտածում էինք․․․
Արցախցիների տեղահանությամբ կանխվեց մի ողջ ժողովրդի ցեղասպանությունը։ Ողջ մնացինք, սակայն մի՞թե սա ապրել է։ Այն, ինչ տեսել ու զգացել ենք մենք, երբեք չի ջնջվի մեր հիշողությունից, երբեք չենք մոռանա այն, ինչ զգացել ենք Արցախում ապրած վերջին օրերին։ Իսկ Հակարի կամրջին ունեցած մեր ապրումները, թշնամու հետ առերեսվելն մի ահավոր զգացողություն էին,- ասում է Մարինեն և ավելացնում,-կարոտում եմ բոլորին, ամեն օր երանի եմ տալիս Արցախում ապրած իմ ամեն մի օրվան։ Մենք կորցրինք մի երկիր, որին միայն դրախտ կարելի է անվանել․․․ Չեմ ուզում կորցնել հույսս, որ կգա այն օրը, երբ կրկին կտեսնեմ բոլորին․․․
Վաղը ուսուցչի տոնն է։ Մանկավարժ Մարինե Հովսեփյանն այն կդիմավորի հյուրանոցի իր փոքրիկ, անշուք սենյակում, որը զուրկ է լիարժեք ապրելու պայմաններից։ Ժամանակին՝ նա իր մանկավարժ եղբոր հետ միասին խոսք էր տվել անմնացորդ նվիրվել մատաղ սերնդի դաստիարակությանն ու կերտել արժանի անհատներ։
Մարինե Հովսեփյանն Արցախում աշխատել է նաև Ասկերանի ՄՊՍԿ–ում՝ որպես տնօրեն, ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի փոխտնօրենի և գլխավոր մասնագետի պաշտոններում, ինչպես նաև տարիներ շարունակ եղել է ժողովրդական ատենակալ Ասկերանի շրջանային դատարանում։
Հ․Գ․
Ովքեր ցանկանում են բարի գործ կատարել և հնարավորինս աջակցել Մարինե Հովսեփյանին, կարող են գումար փոխանցել նրա քարտի համարին՝ 5220651018164619։
Նա ունի աջակցության կարիք։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ