Վրաստանում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության շտաբի նախնական տվյալների համաձայն՝ այն ապահովել է համոզիչ հաղթանակ՝ բոլոր մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Թբիլիսիում և երկրի խոշորագույն քաղաքներում, հավաքելով ձայների ավելի քան 70%-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ռուսթավիի հաղորդմամբ, սակայն՝ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Օրբելիանիի նախագահական պալատի բակ։
Ցուցարարները ճեղքել են մետաղական արգելապատնեշները, և որոշներին հաջողվել է մտնել նստավայրի բակ։ Որոշները ձերբակալվել են։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հատուկ նշանակության ուժերը պղպեղի սփրեյ են կիրառել դարպասների մոտ գտնվող ցուցարարների դեմ։ Ցուցարարների դեմ նաև ջրցան մեքենաներ են օգտագործվել։
Թբիլիսիում բողոքի ակցիայի հիմնական կազմակերպիչներից մեկը՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, հայտարարեց Ազգային ժողովի կազմավորման մասին և հավաքվածներին կարդաց դրա Հռչակագիրը։
Նրա խոսքով՝ այսօր քաղաքացիներն ունեն «պատմական և, հավանաբար, վերջին հնարավորությունը՝ վերադարձնելու իրենց երկիրը»։ Բուրչուլաձեն հայտարարեց, որ Վրաստանը ստիպված են փրկել Բիձինա Իվանիշվիլիի պատճառով։
«Եվ ես ուրախ եմ, որ այդքան շատ ոգեշնչված մարդիկ են հավաքվել, քանի որ այսօր մենք պետք է միասին որոշենք երկրի ճակատագիրը։ Ոչ մի «վաղը»։ Մենք այստեղ չենք եկել բախումների համար։ Ես այսօր այստեղ եմ եկել իմ թոռների հետ, բայց մենք չպետք է պարտվենք. մենք այսօր պետք է հաղթենք։ Վրաստանի քաղաքացիները այլ ընտրություն չունեն»։
Հայտարարելով, որ երկրում իշխանությունը «պատկանում է մեզ, այլ ոչ թե Բիձինա Իվանիշվիլիին», Պաատա Բուրչուլաձեն կարդաց Ազգային ժողովի Հռչակագիրը.
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, հավաքված Ազգային ժողովում, հայտարարում ենք.
Մեր հայրենիքը առևանգվել է, այսպես կոչված կառավարությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, իսկ պետական ինստիտուտները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Վրաստանի Սահմանադրությունը նշում է. Վրաստանում իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսօր ժողովուրդը վերադարձնում է իր իշխանությունը բռնազավթիչից՝ խաղաղությունը, անվտանգությունը և ազգային շահերը պաշտպանելու համար։ Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարումը իրական սպառնալիք է ստեղծել Վրաստանի և յուրաքանչյուր քաղաքացու ինքնիշխանության համար։
Վերոնշյալի հիման վրա քվեարկության են դրվում հետևյալ հարցերը.
1. Ազգային ժողովը հայտարարում է, որ իշխանությունն ամբողջությամբ պատկանում է վրաց ժողովրդին։
2․ Ազգային ժողովը հայտարարում է, որ այսպես կոչված կառավարությունը, հոկտեմբերի 26-ի [2024] կեղծված ընտրություններից և միջազգային չճանաչումից հետո, սահմանադրորեն կորցրել է իր լեգիտիմությունը, և, հետևաբար, նրա լիազորությունները դադարեցվել են։
3․ Ազգային ժողովը հայտարարում է խաղաղ անցումային շրջան, որը կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը, ժողովրդավարական ինստիտուտների ազատագրումը, ԵՄ անդամակցության համար երկխոսության կայուն վերականգնումը և երկրի անվտանգության ու խաղաղության պաշտպանությունը»։
Յուրաքանչյուր կետի հայտարարումից հետո բողոքի ակցիայի մասնակիցները բուռն ծափահարում էին։
Բուրչուլաձեն նաև հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարությունն այժմ պետք է ենթարկվի վրաց ժողովրդի կամքին, այլ ոչ թե Բիձինա Իվանիշվիլիին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն այլևս չպետք է ծառայի ավազակախմբերին և խունտային։ Նա նաև հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարությունը պետք է ձերբակալի ռեժիմի «գլխավոր չարագործներին», որոնք են՝
1. Իրակլի Կոբախիձե
2. Շալվա Պապուաշվիլի
3. Անզոր Չուբինիձե
4. Մամուկա Մդինարաձե
5. Թեա Ցուլուկիանի
6. Բիձինա Իվանիշվիլի