
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստակամություն հայտնեց վերադարձնել իր կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի հատվածի վրա հարձակումները՝ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար։
Դրանից առաջ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Համասին. խմբավորումը պետք է կամ ընդունի Գազայի հատվածի համար նրա խաղաղության ծրագիրը մինչև կիրակի երեկո, կամ էլ կոչնչացվի։
Ուրբաթ երեկոյան ՀԱՄԱՍ-ը սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեց՝ արտահայտելով իր պատրաստակամությունը մասամբ իրականացնել Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից հաստատված ծրագիրը։
«Ռազմական գործողությունների դադարեցման և զորքերի Գազայի հատվածից լիակատար դուրսբերման հասնելու համար շարժումը հայտարարում է բոլոր իսրայելցի գերիներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, ազատ արձակելու իր համաձայնության մասին՝ համաձայն նախագահ Թրամփի առաջարկության մեջ ներառված փոխանակման բանաձևի», – ասվում է հայտարարության մեջ։
Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնության գալուց մեկ օր անց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խոստացավ, որ դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, դիտորդները նշում են, որ ՀԱՄԱՍ-ը լիովին չի ընդունել Թրամփի ծրագիրը, և Իսրայելը շաբաթ օրը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածին: