«Է»-ն՝ հորից, աստղիկները՝ օրագրում, հեծանիվ ունենալու և Արցախ վերադառնալու երազանքը

  • 09:39 06.10.2025

Էլենը ծնվել է Արցախում։ Երբ հայրը գրանցում էր նրա ծնունդը, երկար ժամանակ բացատրում էր աշխատակցին, թե ինչպես պետք է հայերեն, ծահանաձև «Է» գրել դստեր անվան մեջ։

2023 թվականի սեպտեմբերին ընտանիքի կյանքը գլխիվայր շրջվեց։ Նրանք հայտնվեցին հազարավոր մարդկանց շարքում, ովքեր բռնի կերպով տեղահանվեցին Արցախից։ Էլենի մայրը հիշում է՝ երկար ժամանակ պատերազմից և ելքից հետո աղջիկը վախենում էր ամեն աղմուկից՝ կարծելով, թե նորից ռմբակոծություն է։ Իսկ երեք սարսափելի օրերը «դժոխային ճանապարհին» նա հիշում էր արցունքներով։ Ժամանակի ընթացքում Էլենը հաղթահարեց իր վախերը։

Հայրը վստահ է․ ուժն ու տոկունությունը հենց իր մեջ են, իսկ «Է» տառը կարծես պահապան լինի ու դարձնի նրան տարիքից ավելի իմաստուն։

Այժմ ընտանիքը ապրում է Չարենցավանում։ Էլենը սովորում է երկրորդ դասարանում։ Նրա օրագիրը լի է բազմաթիվ աստղիկներով՝ որպես փոքրիկ հույսի շողեր, ապացույց, որ պատերազմի միջով անցած երեխայի սիրտը կարող է ուրախանալ ու հաղթել։

Վերջերս ուսուցչուհին հանձնարարել է գրել իր կյանքի պատմությունը։ Էլենը հաջողությամբ կատարեց առաջադրանքը, ստացավ ևս մեկ աստղիկ, իսկ մայրը սիրով պահեց դստեր պատմությունը իր հեռախոսում։

Էլենը երկու մեծագույն երազանք ունի։ Առաջինը՝ վերադառնալ տուն՝ Արցախ։ Երկրորդը՝ ունենալ հեծանիվ։ Բայց սա պարզապես մանկական ցանկություն չէ։ Նա երազում է, որ կվերադառնա և նոր հեծանիվով կշրջի իրենց բակում՝ այնտեղ, որտեղ իր ծիծաղն էր հնչում ընկերների ծիծաղի հետ։ Այն նույն ընկերների, որոնցից պատերազմն ու բռնի տեղահանումը բաժանեցին նրան։

Էլենի երազանքները միայն հեծանիվի ու տան մասին չեն։ Դրանք մանկության, խաղաղության և կյանքի վերադարձի մասին են, որտեղ կարելի է կրկին ուրախանալ՝ առանց վախի։

Ալվարդ Գրիգորյան