
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության դեմ «համապարփակ ճնշման պայմաններում», ասվում է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և ընդլայնման, արևելյան հարևանության, վերակառուցման և Ուկրաինայի հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի՝ հոկտեմբերի 5-ին։
«Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքները, ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսդրության փոփոխությունները լրջորեն սահմանափակել են արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի կողմից միջազգային դիտորդներին մասնակցելու թույլտվություն չտալը «խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը»։
Երկրում հնարավոր նոր զանգվածային բողոքի ցույցերից առաջ Կալլասը և Կոսը կոչ են արել ցուցարարներին և վրացական իշխանություններին պահպանել «հանգստություն և զսպվածություն»։ Նրանք նաև խնդրել են վերջիններից հարգել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում տեղի ունեցած ընտրություններում։ Այն ստացել է ձայների ավելի քան 81%-ը՝ չնայած ռեկորդային ցածր մասնակցությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ընտրություններին մասնակցել է գրեթե 1.5 միլիոն ընտրող՝ ընդհանուրի 40%-ից մի փոքր ավելին։ Նախորդ ընտրություններում մասնակցությունը կազմել է գրեթե 52%։
Ընդդիմադիր կուսակցությունները խոստովանում են, որ ընտրությունները բոյկոտելու իրենց որոշումը, հնարավոր է, սխալ է եղել։