Արցախի Ավետարանոց համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը, թեև Հայաստանից տեղափոխվել ու բնակություն է հաստատել ՌԴ Ստավրոպոլ քաղաքում, միևնույն է՝ հեռու–հեռվից չի դադարում ապրել համագյուղացիների կյանքով, կիսել նրանց տխրությունն ու ուրախությունը։ 2020 թվականին, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու տիրապետության տակ անցավ Ավետարանոց գյուղը, Սմբատի մտքով չանցավ Արցախից հեռանալ։ Ընտանիքի հետ հաստատվեց Ստեփանակերտ քաղաքում, իսկ հետո, երբ ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը, բարերաների օգնությամբ գրասենյակ բացեց ու իր շուրջը հավաքեց համագյուղացիներին։ Կրկնակի տեղահանությունը մեծ ցավ էր ինչպես նրա, այնպես էլ Ավետարանոցի ողջ բնակչության համար։ Տեղահանվելով Հայաստան, սակայն, ոչ բոլորը մնացին այստեղ և տարբեր պատճառներով ստիպված էին արտագաղթել այլ երկրներ։
Համայնքի ղեկավարը ցավ է ապրում, որ համագյուղացիները ցրված են տարբեր տեղերով
-Ամենօրյա կապի մեջ եմ համագյուղացիներիս հետ․ և՛ նրանց, ովքեր Հայաստանում են հաստատվել, և՛ նրանց, ովքեր ՌԴ-ում են։ Այս տարվա մեջ 4 անգամ եկել եմ Հայաստան, քանի որ այդտեղ դեռ շատ անելիքներ ունեմ։ Եռաբլուրում են մեր գյուղի հերոս տղաներն ամփոփված, ու նրանք սպասում են մեզ։ Հայաստանում մի խումբ երիտասարդների հետ պարտադիր այցելում ենք զոհվածների ընտանիքները, փորձում ինչ-որ բանով օգնել նրանց, թեկուզ՝ մի բարի խոսքով։ Այդ ավանդույթը, կարծում եմ՝ միշտ կպահպանվի, քանի որ մենք՝ ապրողներս, տղաներին ենք պարտական։
Մեր գյուղից արդեն 5 ընտանիք պետության կողմից տրամադրված հավաստագրով տուն է ձեռք բերել Հայաստանի տարբեր մարզերում։ Շուրջ 15 ընտանիք այս պահին զբաղված է թղթաբանությամբ։ Աջակցության դադարումից հետո մարդիկ տրամադրված են տուն գնել, քանի որ չեն կարող ամբողջ կյանքում վարձավճարով ապրել։ Մեր համագյուղացիների 80 տոկոսն աշխատում է։ Ճիշտ է, շատ դժվար է, սակայն Ավետարանոցի բնակչությունը սովոր է աշխատել ու ստեղծել։ 2020-ից հետո, երբ մենք կորցրինք ամեն ինչ, հասկացանք, որ չպետք է ընկճվենք, այլ մտածեցինք կրկին ստեղծելու մասին։ Բայց հետո պատմությունը, ցավոք, կրկնվեց, ու ողջ արցախահայությունը հայտնվեց տեղահանվածի կարգավիճակում։
Այնպես է ստացվել, որ այստեղ՝ Ստավրոպոլ քաղաքում, իրար հարևանությամբ ապրում ենք իմ համադասարանցու հետ։ Գյուղում նույնպես հարևաններ էինք։ Միասին աշխատում ենք փափուկ կահույքի գործարանում։
Օգտվելով առիթից, որ ուսուցչի տոն օրն էր, ցանկանում եմ շնորհավորել Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ու բոլորին մաղթել առողջություն և դժվարությունները հաղթահարելու կամքի ուժ։
Սմբատ Մադաթյանը կիսում է մեզ հետ իր ուրախությունը․ 8-ամյա որդին՝ Բագրատը, Ստավրոպոլի երկրամասում բարձր է պահել արցախցու անունը։ Մասնակցելով՝ Կուդո մարտարվեստի ամենամյա մրցույթին, իր տարիքայինների խմբում զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը։
Արցախցի փոքրիկն այս մարտարվեստն ընտրել է նրա համար, քանի որ Կուդոն ոչ միայն մարտարվեստ է, այլ նաև կյանքի դպրոց։ Այն կոփում է թե՛ մարմինը, թե՛ միտքը՝ օգնելով դառնալ ուժեղ, հավասարակշռված և ինքնավստահ։ 8-ամյա Բագրատը լավ գիտի, որ արցախցին պարտավոր է լինել ուժեղ, որպեսզի կարողանա դիմակայել բոլոր փորձություններին։
Փոքրիկ Բագրատը շատ է կարոտում Արցախը, իր ընկերներին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ