Օկամպո․ Հայաստանը չի կարող Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ

  • 21:55 08.10.2025

Առավոտ

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ՝ Հայաստանը չի կարող Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Արցախցիներին պետք է ներկայացնի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։

«Հստակ է, որ Հայաստանը չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ուստիեւ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության։ Շնորհակալ եմ պարոն Ֆոնտոբելին (արցախցիների վերադարձի հարցով շվեյցարական խորհրդարանական նախաձեռնության հեղինակն է – Ա․Ա․)՝ իր նախաձեռնության համար», – ասել է Լուիս Մորենո Օկամպոն։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելը պայքար է հանուն քաղաքակրթության»։

Մորենո Օկամպոն դրական է վերաբերվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ ստորագրություններին այն իմաստով, որ կանխվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ։

«Բայց ակնհայտ է, որ [խաղաղության] համաձայնագիրը պաշտոնապես չի ներառում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ պատանդների հարցը։ Հենց այս պատճառով Էրիկ Ֆոնտոբելի նախաձեռնությունը շատ կարեւոր է», – ասաց նա։

Նա նաեւ ընդգծեց, որ մի շարք խորհրդարանականներ՝ Միացյալ Նահանգներից Միացյալ Թագավորություն եւ Եվրոպական Միություն հանդես են գալիս արցախցիների վերադարձին եւ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հայրենադարձման ուղղությամբ։

Իրավաբանը նաեւ հիշեցրեց՝ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հիման վրա, պարտավորեցրեց ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագ կերպով։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը» նոր թափ է հավաքում եւ կարիք կա աջակցել դրան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/10/08/1514804/