2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական տանդեմը սանձազերծեց լայնածավալ և նախապես մանրակրկիտ ծրագրավորված պատերազմ Արցախի Հանրապետության դեմ։ Այն ուներ ոչ միայն ռազմական, այլև հստակ ցեղասպանական բնույթ՝ նպատակ ունենալով ոչնչացնել արցախահայության ֆիզիկական գոյությունը և վերացնել նրա բազմադարյա մշակութային ներկայությունը հայրենի հողում։
Պատերազմի հենց առաջին րոպեներից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերը թիրախավորեցին քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը, կենսական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը պատերազմում էր ոչ թե հայկական բանակի դեմ, այլ հայկական ինքնության ու հիշողության դեմ։ Այդ քաղաքականությունը, իր էությամբ, ուղղված էր ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ՝ որպես քաղաքակրթական ու մշակութային արժեհամակարգի կրողի։
Այս հանցավոր քաղաքականության ամենաուժեղ դրսևորումներից էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա իրականացված հարձակումը։
Ադրբեջանական զինուժը նույն օրը երկու անգամ հարվածեց սրբավայրին՝ լիովին գիտակցելով, որ հարվածում է ոչ թե ռազմական թիրախի, այլ հոգևոր կենտրոնի։
Այդ հարձակումից վիրավորվեցին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սա բացահայտ հանցագործություն էր՝ ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի դեմ։
Հաագայի 1954 թ. «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի երկրորդ արձանագրությամբ նման հարձակումները որակվում են որպես ռազմական հանցագործություն, որի համար պատասխանատվության են ենթարկվում թե՛ հրաման տվողները, թե՛ կատարողները և թե՛ նրանք, ովքեր չեն կանխել հարձակումը։
Ադրբեջանի իշխանությունների նպատակը պարզ էր՝ ոչնչացնել համաշխարհային արժեք ներկայացնող հայկական սրբավայրերը, ջնջել հայկական հետքը Շուշիում և ընդհանրապես Արցախում։
Քաղաքի բռնազավթումից հետո Բաքուն ձեռնարկեց կեղծ «վերականգնման» աշխատանքներ, որոնք իրականում ուղղված էին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետական կերպարի աղավաղմանը և հայկական ինքնության վերացմանը։ Այսպես կոչված «վերականգնումը» դարձել է Ադրբեջանի մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մաս՝ նպատակ ունենալով յուրացնել հայկական մշակույթը և կեղծ պատմական պատկեր ստեղծել։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր լռության պայմաններում։ ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մի շարք այլ կառույցներ սահմանափակվեցին արարողակարգային հայտարարություններով՝ չցուցաբերելով իրական կամք՝ կանխելու պատերազմական և մշակութային հանցագործությունները։
Այդ լռությունն ու կեղծ չեզոքությունը, ըստ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի, փաստացի դարձան կանաչ լույս Բաքվի համար՝ շարունակելու իր հանցավոր քաղաքականությունը։
«Միջազգային հանրության անգործությունն ու երկակի ստանդարտները վերածվեցին անպատժելիության մեխանիզմի, որը, իր հերթին, նոր հանցագործությունների համար պարարտ հող ստեղծեց։ Եթե միջազգային կառույցները 2020-ի պատերազմից հետո գործեին համարժեք կերպով, եթե Ադրբեջանը ենթարկվեր պատասխանատվության իր հանցագործությունների համար, ապա չէր լինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հերթական ագրեսիան», — նշում է Ավանեսովը։
Այդ օրը Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ նոր պատերազմ, որն ավարտվեց տարածաշրջանի լիակատար բռնազավթմամբ։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային բռնի տեղահանության՝ իր բնույթով ցեղասպանական գործողության, իսկ պատմական հայկական տարածքում մեկնարկեց մշակութային ցեղասպանության նոր փուլ։
Հայկական եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու գերեզմանատները կամ ոչնչացվում են, կամ «վերակառուցվում» ադրբեջանական ձևով՝ ջնջելով հայկական ինքնության վերջին հետքերը։
«Միջազգային հանրության լռությունն այս ամենի նկատմամբ այլևս չեզոքություն չէ. այն հանցակցություն է հանցագործությանը։ Երբ միջազգային կառույցները չեն արձագանքում, չեն պահանջում պատասխանատվություն և շարունակում են քաղաքական շողոքորթությունը Բաքվի նկատմամբ, նրանք դառնում են նույն հանցագործության հանցակիցը», — շեշտում է Ավանեսովը։
Նրա խոսքով՝ անպատժելիությունը միշտ էլ հանգեցնում է նոր հանցագործությունների, և Արցախի դեպքում դա առավել ակնհայտ ձևով է դրսևորվել․ «Այսօր, երբ Արցախը հայաթափված է, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է համակարգված ոչնչացման, միջազգային հանրության լռությունը դարձել է համաշխարհային խայտառակություն։ Այդ լռությունը ոչ թե խաղաղության նշան է, այլ արդարության մահախոսական»։
Ավանեսովը կոչ է անում միջազգային կառույցներին գիտակցել՝ եթե այսօր չի պատժվում Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հանցագործությունը, վաղը նույն ոճիրը կկրկնվի այլ տեղում, այլ ժողովրդի նկատմամբ։
Մարիամ Սարգսյան