«Արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մասն է»․ Թաթոյան

  • 17:12 09.10.2025

«Արդար եւ ազնիվ չի լինի, եթե ես հիմա խոսեմ Արցախ վերադարձի մասին, մենք այդ հարցը չենք քննարկում, բայց ունենք 120 հազարից ավելի հայրենակիցներ, որոնք ուղղակի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք, սա ես ինձանից չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է, հաստատված ու գոյություն ունեցող միջազգային կանոն է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա ասաց, որ վերադարձի միջազգային իրավունքը ճանաչված է ոչ միայն Ադարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի դատական ակտով, նաեւ այլ միջազգային փաստաթղթերով։ Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությամբ հստակ արձանագրված է այս հարցը, այսինքն՝ սա միջազգայնորեն ճանաչված իրավունք է։

Թաթոյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգայի դատարանն արձանագրել է արցախցիների վերադարձի իրավունքը եւ նշել է վերադարձի սկզբունքներ՝ ապահով վերադարձ, կամովին վերադարձ, կայուն վերադարձ։ Սրանք վերադարձի միջազգային սկզբունքներ են։ Նրա  խոսքով՝ մոռացության չպետք է մատնել տեղի ունեցած բոլոր հանցանքները, որոնք կատարվել են ադրբեջանական քաղաքականության հետեւանքով կամ ՀՀ գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով։ Արցախցիների նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտում, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։

Արման Թաթոյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով արցախցիների վերադարձի հարցին է հավասարեցրել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի թեզը եւ ասում է, որ հարցը հավասարապես փակ է։ Նա նշեց, որ կան միջազգային դատական ակտեր, որոնք փակել են ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Օրինակ՝ 2021 թվականին Եվրոպական դատարանը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլեւս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը եւս 2024 թվականին արձանագրել է, որ դա այլեւս այդ դատարանի քննությանը ենթակա հարց չէ»,- նշեց նա։

«Արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մասն է, սա մեզ համար կարեւոր սկզբունք է լինելու»,- հավելեց Թաթոյանը։