«ՌԴ հետ ՀՀ հարաբերություններում կան խնդիրներ, պետք է ազատ ու բաց նստենք խոսենք, որպեսզի նոր իրողությունների պայմաններում հասկանանք՝ ինչպե՞ս ենք մեր ռազմատեխնիկական ու արտաքին քաղաքականությունն առաջ տանում։ Ռուսաստանի դեպքում ինձ համար մեծ խնդիր է այն, որ խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում էթնիկ զտումներ տեղի ուենցան Արցախում։ Մեր բոլոր հայրենակիցներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ այդպես եղավ, 2020-ին մեր հայրենակիցները վերադարձել էին Արցախ, նրանց մի մասը մնում էին այնտեղ՝ ունենալով նաեւ երաշխավորներ, որոնք ռուս խաղաղապահ ուժերն էին։ Բայց ունեցանք ամբողջական հայաթափում, դա ինձ համար խնդրահարույց հարց է, որը պետք է ամբողջական պարզել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա հավելեց․ «Ինձ համար նաեւ խնդրահարույց է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի եւ Սյունքի նկատմամբ հարձակումների ժամանակ դարձյալ ՌԴ-ից չեղավ աջակցություն։ Բացատրությունները, թե ՀՀ սահմանը դելիմիտացված չէ, ինձ համար ընդունելի չեն։ Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է պարզենք, որովհետեւ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ անընդհատ բախվելու ենք նման հարցերի, մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ այդպես եղավ այն պայմաններում, երբ ունեինք ստորագրված փաստաթղթեր»։
Ըստ Թաթոյանի՝ խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանն աջակցություն չցուցաբերեց Հայաստանին։