Հայաստանի սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտմամբ, այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այսպես կոչված սահմանազատման գործընթացին։
Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն ներխուժել են ՀՀ տարածք, այլ զավթել են սեփականության իրավունքով մեր քաղաքացիներին պատկանող հողերն ու տները։ Այնինչ, կադաստրային փաստաթղթերով այդ հողերն ու տները պատկանում են ՀՀ քաղաքացիներին։
Նա ասաց, որ իրականում մենք ունենք հարուստ փաստաթղթային բազա, որը պետք է ծառայեցվի հայկական կողմի շահերին, բայց ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ՌԴ գլխավոր շտաբում առկա քարտեզների հիման վրա։
«Գոյություն ունի 1984-1987 թթ․ սահմանազատման գործընթաց, որով իրականացվել է Հայաստանի 975 կմ տարածքի սահմանազատում։ Դա հիմնված է եղել Խորհրդային միության գերագույն խորհրդի որոշման վրա։ Այդ սահմանազատման արդյունքում կազմվել են քարտեզներ, որոնք երեքական օրինակով տրվել են Հայաստանին, Ադրբեջանին ու Մոսկվային։ Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք այս հարցերով հստակ ունենք Հայաստանի օգտին փաստաթղթեր։ Գլխավոր շտաբի քարտեզներն ինձ համար անընդունելի են, որովհետեւ դրանք ռազմական քարտեզներ են, ռազմական նշանակություն ունեն, իսկ 1984-1987 թվականների սահմանազատման պրոցեսում խոսքը վերաբերում է քարտեզի տեղանքները որոշելուն»,- ասաց նա։
Անդրադառնալով միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու հնարավորությանը՝ Թաթոյանն ասաց, որ հայցերի հետ քաշելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, քանի որ, եթե ի օգուտ Հայաստանի վճիռներ կայացվեն միջազգային ատյաններում, Ադրբեջանը մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում։
«Սրանք մեզ համար կենսական նշանակության հայցեր են մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը խոսում հայցերը հետ քաշելու մասին՝ հստակ իմանալով, որ դա մարդկանց իրավունքների պաշտպանության համար է»,- ասաց նա։