Պուտինը «լոդկայում» դաժան վրեժ լուծեց Ալիևից

  • 09:39 10.10.2025

«Բաքու-Մոսկվա տրանզիտ» բազմաակտ տրագիկոմեդիայի ավարտին երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Պուտինի և Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Պուտինը խոստովանեց Ռուսաստանի ՀՕՊ ուժերի ներգրավվածությունը ադրբեջանական ինքնաթիռի խոցման գործում՝ նշելով, որ ՌԴ-ն չի թիրախավորել ինքնաթիռը, պարզապես հրթիռները պայթել են մոտակայքում։ Նա հիշեցրեց, որ արդեն ներողություն է խնդրել Ալիևից, ով միանգամից մեծահոգաբար ներեց իրեն և հայտարարեց, որ Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերությունը երբեք կասկածի տակ չի դրվել և կշարունակվի ավելի մեծ եռանդով։

Ալիևը նախկինում հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն “լոդկայում” են՝ այդպիսով ընդունելով, որ բոլոր հանցագործությունները՝ ցեղասպանությունը, ագրեսիան, օկուպացիան, բնիկ բնակչության տեղահանությունը և նավթի ու գազի վաճառքը ստվերային սխեմաներով, կատարել են Պուտինի հետ ձեռք ձեռքի տված։ 2020-ին Ռուսաստանը իր կեղտոտ աշխատանքը կատարեց Արցախում, իսկ 2024-ի գարնանը Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնում նշելոց Արցախից ռուսների դուրս գալը՝ ռուս գեներալը հայտնեց, որ Ղարաբաղում վերջապես խաղաղություն է հաստատվել։ Իդեպ․ կողմերից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, հետ չի կանչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հայաստանի գլխավոր ռուս «ընկերը»՝ Կոնստանտին Զատուլինը, խոստովանեց, որ մինչ Ալիևը Վաշինգտոնում էր՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցություններ վարելով, «նրա համար ձեռնտու էր հեռանալ Ռուսաստանից, որպեսզի այն չխառնվեր Փաշինյանի և Թրամփի հետ իր բանակցություններին, քանի որ նա ցանկանում էր արդյունքի հասնել»։

Այլ կերպ ասած՝ Եվրոպայի և Թրամփի համաձայնությունը Հայաստանի հարավային մասի բռնակցմանը ապահովելու համար Պուտինը և Ալիևը բեմադրեցին ինքնաթիռի հետ կապված տրագիկոմեդիա, որը ոգևորությամբ ընդունվեց։ Ուկրաինացիներն ու արևմտյան հակապուտինյան կողմնակիցները ծափահարեցին Ալիևին, մինչդեռ հայ քաղաքական վերլուծաբանները ծափահարում էին Պուտինին, ով «շուտով վրեժ կլուծի Ալիևից, կվերադարձնի Ղարաբաղը և կկանխի Հայաստանում ռուս սահմանապահների փոխարինումը ամերիկյաններով»։

Ռուսամետ հայ քաղաքական վերլուծաբանները ամեն տեսակի սցենարներ էին հորինել, այդ թվում՝ թե ինչպես է Մոսկվան կանխելու «Թրամփի ճանապարհը» և ինչպես է հարձակվելու Ադրբեջանի վրա հյուսիսից, իսկ այնտեղից էլ գրավելու ու ՌԴ-ին միացնելու Ղարաբաղը։

Սա այն դեպքում, երբ Վաշինգտոնում «Թրամփի ճանապարհի», այսինքն՝ ռուս-թուրքական «ստվերային» միջանցք ստեղծելու համար Հայաստանի հարավի անեքսիայի մասին պայմանագիր ստորագրելուց անմիջապես հետո, Մոսկվան աջակցեց փաստաթղթին։ Ավելին, Մոսկվան ակնարկեց, որ այս ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումն է, որը նախատեսում էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից պահպանվող միջանցքի ստեղծում։

ԱԴԾ մասնակցության հարցը, ըստ երևույթին, լրացուցիչ քննարկման կարիք ուներ, և միայն վերջերս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ռուս սահմանապահները կշարունակեն տեղակայվել հայ-իրանական սահմանին։

Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը չի կանխորոշում հայ-իրանական սահմանի պարեկության հարցը, PassBlue-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Անհասկանալի է, թե «Թրամփի ճանապարհի» որ կողմում կկանգնեն ռուս սահմանապահները՝ իրանակա՞ն, թե՞ հայկական կողմում, կամ գուցե երկուսում էլ։ Սակայն Մոսկվան և Բաքուն այդ հայտարարությունից հետո հասկացել են, որ ժամանակն է ավարտել ներկայացումը. Հայաստանի հարավի անեքսիան “սղացվել” է անհավանական ձևով՝ թյուրքական միջանցք-«Թրամփի ճանապարհ»՝ Իրանի սահմանին, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից։

Հայ քաղաքագետները կարող են տոնել հաղթանակը. Պուտինը «վրեժ լուծեց» Ալիևի հանդեպ հենց “նավակի” մեջ և կրկին «փրկեց» Հայաստանը, մինչդեռ հայ հասարակությունը թունավոր նարկոզի ևս մեկ չափաբաժին է ընդունել՝ նոր անդամահատմանը դիմանալու համար։