Օրեր առաջ նյութ էինք տեղադրել արցախցի թոշակառու կնոջ՝ Նաիրա Իսրայելյանի մասին, ով հայտնվել էր ծանր իրավիճակում և կարիք ուներ անհապաղ վիրահատական միջամտության։ Արցախցի կինը չունի փախստականի կարգավիճակ և նրա վիրահատությունը կատարվել է վճարովի հիմունքներով։
Եղվարդի <<Նաիրի>> բժշկական կենտրոնում, շնորհիվ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Տիգրան Սարիբեկի Մարտիրոսյանի, թոշակառու կինը կրկին կյանքի է վերադարձել։ Վիրահատությունը շատ բարդ ու երկարատև էր, սակայն պրոֆեսիոնալ բժշկի ու անձնակազմի շնորհիվ այն անցել է բարեհաջող, և ինչպես տիկին Նաիրան է ասում՝ փրկվել է կյանքը, քանի որ ֆինանսական պատճառով ուշացրել էր բժշկի գնալը։
Նա իր շնորհակալությունն է հայտնում ԲԿ-ի ողջ անձնակազմին։ Թոշակառու կինը չի կարողանում զսպել իր արցունքները, երբ խոսում է բժշկի, բուժքույրերի ու մայրապետերի հոգատար ու սրտացավ վերաբերմունքի մասին։
Հ․Գ․
Նշենք, որ օրեր առաջ Step1.am-ում տեղադրված նյութն իր արձագանքն է գտել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սոցիալական ծառայողները կապ են հաստատել արցախցի թոշակառուի ընտանիքի հետ՝ հետագայում աջակցելու նպատակով։
Հուսանք, որ ոչ մի արցախցի տարեց մարդ անուշադրության չի մատնվի՝ անկախ նրանից, ունի ժամանակավոր պաշտպանության վկայական, թե ոչ։