Արցախցիներին բնակվարձի փոխհատուցման պետական վճարումների դադարեցումից հետո (բացառությամբ որոշակի կատեգորիաների), նոր անձնագրերի համար դիմողների և բնակարանային վկայականներ ստացողների թիվը կտրուկ աճել է։
2025 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ արցախցիներին տրամադրված նոր անձնագրերի թիվը հասել է գրեթե 20,000-ի, որոնցից 12,000-ը չափահասներ էին, իսկ մնացածը՝ անչափահասներ։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ տրամադրվել էր 3,038 բնակարանային վկայական, որից 1,066-ը իրացվել է։
Վկայականների մեծ մասը իրացվել է մարզերում. միայն 136 ընտանիք է կարողացել տուն գնել Երևանում։ 102 տուն է գնվել Արարատի մարզում, 159-ը՝ Արմավիրում, 40-ը՝ Գեղարքունիքում, 119-ը՝ Լոռիում, 213-ը՝ Կոտայքում, 44-ը՝ Շիրակում, 54-ը՝ Սյունիքում, 18-ը՝ Վայոց Ձորում, 24-ը՝ Արագածոտնում և 28-ը՝ Տավուշում։ Նոր տների կառուցման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 93 վկայական։ Պետության կողմից տրամադրված միջոցները բավարար են միայն երկրորդական շուկայում էժան բնակարաններ գնելու համար։
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, որ Արցախ վերադարձը նա համարում է ոչ միայն անիրատեսական, այլև «վտանգավոր խաղաղության գործընթացի համար», բնակարանային վկայականների համար դիմող արցախցիների թիվն էլ ավելի է աճել։ Հատկապես, որ Հայաստանի մյուս քաղաքական ուժերը նույնիսկ հիպոթետիկ չեն խոսում Արցախը վերադարձնելու մասին. Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի պես հայտարարեց, որ Արցախի հարցը փակված է։
Արցախցիների հոսքը բանկեր հանգեցրել է վկայականների ֆինանսավորման դանդաղեցման և դադարեցման։ Մասնավորապես, Fast Bank-ը դադարեցրել է նոր տների կառուցման դիմումների ընդունումը։ Սոցիալական ապահովության նախարարությունը դա պայմանավորել է բանկի ծանրաբեռնվածությամբ և խոստացել է վկայականների սպասարկմանը ներգրավել այլ բանկերի։ Նախարարությունը վստահեցրել է, որ ծրագրի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան, և դիմումների ընդունումը կվերսկսվի 1-1,5 ամսից։
Սոցիալական հարցերի և աշխատանքի նոր նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարումից հետո խոսում էին, որ արցախցիների սոցիալական աջակցության հայեցակարգը կվերանայվի։ Մինչ օրս վերանայման կամ բարելավման նշաններ չկան, մասնավորապես, չի լուծվում հիմնական խնդիրներից մեկը՝ միայնակ բնակիչների և փոքրաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրը։ Սոցապ նախարարությունը հայտնում է, որ հնարավոր է որոշում կայացվի նրանց վարձավճարը փոխհատուցելու վերաբերյալ, սակայն մինչև որոշում կայացնելը մարդիկ, հիմնականում տարեցներ և հիվանդներ, հազիվ են հաղթահարում դժվարությունները։ Կամ չեն հաղթահարում. վաղաժամ մահերի թիվը արցախցիների շրջանում կտրուկ աճում է։
Նախարարության աշխատակիցները այնուամենայնիվ սկսել են ավելի հաճախ արձագանքել ահազանգերին և փորձում են դրականորեն լուծել խնդիրները, թեև «ձեռքի» եղանակով: Արցախցիների սոցիալական աջակցությունը սակայն առ այսօր վստահված է չոր և անողոք էլեկտրոնային ծրագրերին: Չկան վայրեր, որտեղ արցախցիները կարող են դիմել և լուծել իրենց անհատական մտահոգությունները: Կառավարությունը այդպես էլ չի ստեղծել առանձին մարմին կամ փախստականների կոմիտե՝ արցախցիների հարցերը լուծելու համար։ Թեկուզ 2026-ի բյուձեում արցախցիներին օժանդակելու համար 55 մլրդ․ դրամ է նախատեսվում։
Նոր անձնագրեր ստանալը հանգեցրել է նոր խնդիրների: Օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանով տեղահանված արցախցիները նոր անձնագիր ստանալուց հետո մեկ տարի իրավունք ունեն անվճար բժշկական օգնություն ստանալու: Սակայն նոր անձնագիր ստանալուց հետո նրանց քաղաքացիության կարգավիճակը ԱՐՄՄԵԴ-ում փոխվում է, և անհատը անմիջապես կորցնում է իր արտոնությունները։
Էլեկտրոնային ծրագրերում անհամապատասխանությունների հարցը լուծվում է կրկին ձեռքով, բայց այն արդեն խնդիր է դարձել շատ արցախցիների համար, ովքեր չեն կարողացել օգտվել անվճար բժշկական օգնությունից: Իսկ վճարովի բժշկական օգնությունը շատերի համար անհասանելի է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է տիրում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Կյանքի երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին հանրային խորհրդական Արաքսյա Գրիգորյանը։ Նա չի կարողացել գտնել նախարարաությունում արցախցիների զբաղվածության ծրագրի պատասխանատու անձին, որը կմեկնաբաներ ծրագրի պայմաններն ու փոփոխությունները։ Այս ծրագրի համար նույնպես ասում են, որ միջոցները սպառվել են, և ծրագիրը կասեցվել է։
Սակայն, իր վերջին նիստում կառավարությունը գրեթե կրկնապատկեց զբաղվածության ծրագիրը, և այժմ մինչև 800 արցախցի կարող է մասնակցել։
Վերլուծաբանները Հայաստանի պետական մարմինների վերաբերմունքի աննշան փոփոխությունը արցախցիների նկատմամբ և նրանց խնդիրները լուծելու պատրաստակամությունը, ինչպես նաև ատելության խոսքի գրեթե վերացումը, բացատրում են երկու գործոնով՝ մոտեցող ընտրություններով և ԵՄ-ից նոր ֆինանսական օգնության սպասումով։
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխող կուսակցությունը սկսում է հասկանալ, որ Արցախի և արցախցիների գործոնը կարող են ճակատագրական դեր խաղալ իրենց համար։ Ներկայումս իշխող կուսակցությունը փորձում է իր կողմը գրավել արցախցիներին՝ թե՛ անհատներին ու խմբերին «գնելով», թե՛ ընդհանուր առմամբ արցախցիների հանրային համակրանքը նվաճելով։
Մյուս կողմից, արցախցինրից եկող ազդանշանները Եվրամիությունում բազմաթիվ հարցեր են առաջացնում՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից միջոցների օգտագործման արդյունավետության հետ։ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալի միջոցներ են հատկացրել Արցախի ժողովրդին օգնելու համար, և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշում է, որ այս աջակցությունը կշարունակվի։ Եվրոպացի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնում քննարկել այս օգնության առաջնահերթությունները, բայց չկա մեկը, որի հետ դա քննարկի։
ՀՀ իշխանությունները չեն կարողանում պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ հնարավոր կոռուպցիոն և այլ սխեմաների վերաբերյալ հարցերի, հատկապես, որ նրանք այդպես էլ չեն ստեղծել փախստականների աջակցության միասնական հիմնադրամ իր հոգաբարձուների խորհուրդով, որը կարող է գնահատել կարիքները և վերահսկել միջոցների օգտագործման արդյունավետությունը։ ՀՀ իշխանությունները, որոնք ներկայումս ավելի մեծ ֆինանսական աջակցություն են փնտրում ԵՄ-ից, մտադիր են խուսափել սկանդալներից՝ կապված արցախցիների նկատմամբ իրենց վերաբերմունքի հետ։
Արցախի հասարակական կազմակերպությունները նշում են, որ չնայած տեղահանությունից հետո կառավարության կողմից արցախցիներին տրամադրված հսկայական աջակցությանը, երկարաժամկետ ծրագրերը՝ զբաղվածության և բնակարանային ապահովման, մեծ մասամբ ձախողվել են։