
Կիևը կարող է ստանալ ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռներ, եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմի խաղաղ կարգավորումից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ի գիշերը՝ Air Force One ինքնաթիռում։ Նա պարզաբանել է, որ այս հարցը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հոկտեմբերի 11-ին և 12-ին։
Թրամփը մեկնում է Եգիպտոս՝ գագաթնաժողովի, որտեղ համաձայնություն կկնքվի Գազայի հարցով։ Երեկ Գազայի հատվածում այլևս կրակոցներ չեղան, իսկ այսօր առաջին իսրայելցի պատանդները Համասի կողմից հանձնվեցին Կարմիր խաչին։
«Գուցե ես պետք է խոսեի ռուսների հետ «Տոմահավկ»-երի մասին։ Նրանք ուզո՞ւմ են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ։ Ես այդպես չեմ կարծում», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ պատրաստվում է զգուշացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս հնարավորության մասին։ «Ես կարող եմ ասել. «Տեսեք, եթե այս պատերազմը չլուծվի, ես նրանց «Տոմահավկ» կուղարկեմ», – ասել է Թրամփը։ Նա բացատրեց, որ եթե որոշում կայացվի, ԱՄՆ-ն հրթիռները չի վաճառի անմիջապես Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք կարող են դրանք փոխանցել Կիևին։
«Տոմահավկը անհավանական զենք է, շատ հարձակողական զենք։ Եվ անկեղծ ասած, Ռուսաստանին դա պետք չէ։ Ես կարող եմ նրանց ասել, որ եթե այս պատերազմը չլուծվի, մենք կլուծենք։ Մենք կարող ենք դա չանել, բայց կարող ենք անել», – հավելեց հանրապետականը։
Հոկտեմբերի 12-ին Fox News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները իր երկրին տրամադրի հեռահար «Տոմահավկ» թևավոր հրթիռներ, դրանք չեն օգտագործվի ռուս խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։ «Միայն ռազմական թիրախների։ Մենք երբեք չենք հարձակվի նրանց խաղաղ բնակչության վրա», – ասել է Զելենսկին։ Նույն օրը Զելենսկին երկու օրվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ։
Թրամփը նաև ասել է, որ եթե Միացյալ Նահանգները հունիսին չհարվածեր Իրանին, «շատ մութ ամպ կկախվեր Գազայի խաղաղության համաձայնագրի վրա»։
Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը վտանգված կլիներ, քանի որ Թեհրանը կունենար միջուկային զենք։ «Եվ եթե մենք չոչնչացնեինք Իրանի միջուկային օբյեկտը և կնքեինք այս համաձայնագիրը, դրա վրա շատ մութ ամպ կկախվեր, և մարդիկ փողոցներում չէին պարի», – ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելեց, որ Իրանը կարող էր միջուկային զենք ձեռք բերել հարվածներից երկու ամիս հետո։ Հանրապետականի խոսքով՝ իրանական օբյեկտների վրա հարվածները հարթեցին համաձայնագրի ճանապարհը. դրանցից հետո Թեհրանի աջակցությունը վայելող Համասը պատրաստ դարձավ փոխզիջման գնալ Իսրայելի հետ։
Թրամփիմի քիչ խորամանկույուն է անում․ ՀԱՄԱՍ-ին աջակցում են ոչ այքան Իրանը, այլև Թուրքիան և Կատարը։
Բայց Գազայի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բոլոր ջանքերը պատրաստվում են կենտրոնացնել հենց Իրանի վրա։