
Արցախյան քաղաքական «հանգիստ ջրերը» հանկարծակի խառնվել են. փաստաբան Ռոման Երիցյանը կտրուկ դեմ է արտահայտվել հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի կողմից Արցախի ժողովրդի անունից ելույթ ունենալուն և Արցախը հանձնած Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելուն: «Ո՞վ է լիազորել Լիաննա Պետրոսյանին: Ես նրան որևէ լիազորություն չեմ տվել», – հայտարարել է Ռոման Երիցյանը։
Իր հերթին, Լիաննա Պետրոսյանը ցույց է տալիս առցանց հարցումների արդյունքները, որտեղ հազարավոր մարդիկ նրան վստահության քվե են տրամադրում: Լիաննա Պետրոսյանն ասում է, որ զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ նշելով, որ ոչ ոք չի կարող արգելել իրեն օգնել մարդկանց: Նա ասում է, որ քաղաքական ամբիցիաներ չունի։
Ռոման Երիցյանն ինքը հայտարարել է Սամվել Կարապետյանի «Միասնության թևեր» շարժմանը միանալու մասին։
Հայաստանը մտել է նախընտրական շրջան, որտեղ միտումը կրկին կլինի ոչ թե համախմբումը, այլ սոցիալական և քաղաքական ատոմիզացիան: Եվ արցախցիների մասնակցությունն այս գործընթացներին արդեն իսկ ակնհայտ է: Սա հատկապես նկատելի է Սամվել Բաբայանի վարքագծում, ով սկսեց կտրուկ քննադատել իշխանություններին և հայտարարեց Արթուր Վանեցյանի հետ հնարավոր դաշինքի մասին, թեկուզ ուրիշներիհետ էլ է բանակցում:
Սակայն Լիաննա Պետրոսյանի լիազորությունների հարցը քաղաքական ընտրության հարց չէ։ Ի վերջո, հարցը նրանում չէ, թե ինչու է Լիաննա Պետրոսյանը զբաղվում արցախցիների հարցերով (որքանով գիտենք, նա նույնիսկ վերջերս ստացել է եվրոպական դրամաշնորհ դրա համար)՝ դա նրա իրավունքն է։ Հարցն այն է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները աշխատում Լիաննա Պետրոսյանի հետ, ինչու է նոր նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում Լիաննայի հետ, և ոչ թե ուրիշների։ Գուցե ուրիշներ չկա՞ն։
ՀՀ պետական, քաղաքային, հանրային և այլ օրինական ինստիտուտները վերջին երկու տարիների ընթացքում չեն կարողացել համախմբվել և ստեղծել Արցախի խորհուրդ, որը լիազորված կլիներ բանակցել ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների հետ, մշակել ընդհանուր օրակարգ, անհրաժեշտության դեպքում համատեղ բոյկոտել Արցախի ժողովրդի համար անցանկալի որոշումները և ստեղծել սոցիալական պաշտպանության ամուր քաղաքական և իրավական հիմք։
Այս տարվա ապրիլից մինչև հունիս ամիսները համախմբման փորձ եղել է։ Ստեղծվել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, հրավիրվել է հանրահավաք, և կառավարությանը ներկայացվել է բավական հիմնավոր, 12 կետից բաղկացած խնդրագիր, որը ներառում է քաղաքական և իրավական կետեր։ Ամեն ինչ սակայն անփառունակ ավարտվեց նրանով, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը վրանը հեռացրեց Ազատության հրապարակից, որտեղ արդեն սկսել էին հաճախել և հարցեր տալ եվրոպացի գործիչները՝ սոցիալական օգնության երկու ամսով երկարաձգելու դիմաց։
Այդ երկու ամիսն էլ ավարտվեց, բայց կառավարությունն արդեն “ջոկել” է արցախցինրի հանրային ճնշման գինը։ Հիմա նույնիսկ եղած վճարումներն են ուշացնում, Արցախի հարցը դարձել է ոչ ակտոիալ, և բոլորը հասկացել են, որ արցախցիները այլևս գործոն չեն։
Ինչ վերաբերում է Արցախի պետական մարմիններին, նրանք այնքան խորն են թաքնվել, որ նրանց չես կարող գտնել նույնիսկ խոշորացույցով։ Եթե չեք ուզում, որ Լիաննա Պետրոսյանը կամ ուրիշները խոսեն ղարաբաղցիների սոցիալական խնդիրների մասին, ապա ցույց տվեք Արցախի սոցիալական ապահովության նախարարին կամ գոնե սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարին։
Չի կարող այնպես լինել, որ կա Արցախի խորհրդարան, բայց այն նիստեր է անցկացնում և որոշումներ է կայացնում գաղտնի, կա պետական նախարար, բայց ոչ ոք չգիտի, թե ովքեր են կառավարության անդամները կամ ինչ են անում։ Կա դատական համակարգ, բայց այն անհասանելի է արցախցիների համար։
Ստեղծված պայմաններում կամ պետական մարմինները ստանձնում են արցախցիների իրավունքները պաշտպանելու լիազորությունները, կամ հայտարարում են ինքնալուծարման մասին և նախաձեռնում են այնպիսի մարմինների ընտրություն, որոնք կունենան ժողովրդի մանդատ։
Դա անհրաժեշտ է, քանի որ, նախքան սոցիալական խնդիրներին անդրադառնալը, որոնք Արցախի հպարտ և արժանապատիվ ժողովրդին հասցրել են նվաստացուցիչ իրավազուրկության, պետք է պարզ հարց տալ. ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի ժողովուրդը՝ փախստականի, թե՞ ներքին տեղահանվածների։
Եթե Արցախի ժողովուրդը փախստական է, այսինքն՝ Հայաստանի քաղաքացի չէ, և եթե չի կարող վերադառնալ իր բնակության վայրեր, և Հայաստանը նրանց միայն ժամանակավոր պաշտպանության տակ է դրել, դա ենթադրում է արտաքսված արցախցիների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի խիստ միջազգային երաշխիքներ։ Սակայն, եթե արցախցիները ներքին տեղահանված անձինք են, ապա Հայաստանը պարտավոր է Արցախը համարել օկուպացված տարածք՝ Արցախի ժողովրդին տրամադրելով կորցրած գույքի համար փոխհատուցում և համարելով նրանց լիարժեք քաղաքացիներ։
ՀՀ կառավարությունը, օգտվելով այն փաստից, որ ոչ ոք նման հարցեր չի տալիս, փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում։ Ե՛վ կառավարությունը, և՛ միջազգային դոնորները, որոնք հետաքրքրված չեն այս հարցի պարզաբանմամբ, կաշխատեն նրանց հետ, ովքեր հարցեր չեն տալիս և խոսում են միայն փողի մասին։ Քանի որ ընդամենը մեկ լավ ձևակերպված հարց կարող է փլուզվել Արցախի խնդրի «լուծումը»։
Նաիրա Հայրումյան