
Մասիսի արվարձաններում հակահամաճարակային հիվանդանոցին կից արցախցիների ութ ընտանիք է ապրում: Լքված հիվանդասենյակներն ու շինանյութ են տրամադրել նրանց, որպեսզի վերանորոգեն եւ ապրեն: Այդպես էլ արել են եւ մեծ հաշվով, արցախցիները գոհ են: Այս ընտանիքներից շատերը հենց այստեղ էլ ուզում են ապրել, ուզում են, որ այս հիվանդասենյակները նրանց սեփականությունը դառնա, “այսքան չարչարվել, վերանորոգել ենք”, ասում են նրանք: Ընդհանրապես, արցախցիները շատ են գովում Մասիսի քաղաքապետին, ասում են, որ անձամբ եկել “շինհարթակ” եւ սնունդ էր բերում նրանց համար, երբ աշխատում էին:
Փոշոտ բակում կապույտ ու շականակագույն խալաթներով երիտասարդներ են ծխում: Բուժվող զինվորներ են հավանաբար: Նույն բակում լվացք է փռած, երեխաներ են խաղում, սա էլ արցախցիների նոր կենցաղն է: Մի մասնաշենքը գործող հիվանդանոցն է, մյուսը` արցախցիների կացարաններ:
Որքան կարողացել, որքան շինանյութն ու փողը հերիքել է` վերանորոգել են, ով ինչ նվիրել` դրանով էլ կահավորել են ներսը: Առաստաղի համար ոչ մեկի ոչ փողը, ոչ շինանյութը չի հերիքել, եւ այդպես էլ բաց է մնացել բետոնը: Կանանցից մեկը հենց նոր գնած կարի մեքենա է փորձարկում. “բարձի երես եմ ուզում կարել, երբեք այսպիսի գործեր չեմ արել”, ասում է նա, ի՞նչ անեմ, իննը հոգի ենք, չի հերիքում տեղաշորը”:
“Չգիտեմ… ինչպե՞ս եղավ, ի՞նչ եղավ, ո՞նց տվեցին: Դուք լրագրողներ եք` ավելի լավ կիմանաք այդ նորությունները”, – ասում է կար անող կնոջ հարեւանը, մարտունեցի Ալինան, ով Հարությունագոմեր հարս է գնացել: Չնայած իր նոր կենցաղի ու սոցիալական հարցերից էինք պատրաստվում զրուցել, բայց ավելի շատ պատերազմի մասին էր ստացվում:
“Սեպտեմբերի 23-ին է սկսվել, գիշերը դուրս ենք եկել, 24-ին Պողոսագոմերում լուսացրել, հետո Կիչան, ասել են փաստաթղթերը վերցրեք եւ դուրս եկեք: Եկել ենք օդակայան, հետո` 3-րդ դպրոց, ամուսինս շրջափակման մեջ էր հայտնվել, սարսափելի լուրեր էին միայն մեզ հասնում՝ սա է զոհվել, նա է զոհվել, սաղ մարդ չկա, պոստ են վերցրել: Հինգ օր բացարձակ տեղեկություն չի եղել ամուսնուցս, քույրս հիվանդանացում էր աշխատում, աղջիկս էլ Մարտակերտում էր․ նա այնտեղ, իսկ քույրս Ստեփանակերտում սկսել են բոլոր հիվանդանոցներում փնրել ամուսնուս, անգամ մորգն ենք ստուգել, ուզում էինք իմանալ, ողջ է, թե մահացած, որ հետո դուրս գանք: Ինչեւէ, հաջորդ օրը շտաբից հայտնում են, որ նա ողջ է, բայց շրջափակման մեջ, Հաթերքի դիրքերում էր, ասացին, որ կամ վերադառնալու է, կամ տանելու են Ադրբեջան, ռուսների միջնորդությամբ նրան վերադարձրին: Մեր գյուղից հինգ հոգի զոհվել են, բոլորն էլ իմ հարեւաններն էին, ում դին մորգում էր, կարողացել են Հայաստան բերել, մյուսներին Ստեփանակերտում են հուղարկավորել: Անհայտ կորած էլ կա մեր հարեւան գյուղից, Հոռաթաղից, Արշակը, քսան տարեկան էլ չկա, բայց ասում են՝ ողջ է…” – պատմում է նա:
-Ո՞վ է ասում ողջ է, – ընդհատում է որդին` Արտաշը:
-Նկարը ցույց են տվել, ասել են՝ նա Ադրբեջանում է, ընկեր Վանյանն ունի նկարը, կասես` ցույց կտա, թունելի մեջ էր նա լուսանկարում:
–Թո՞ւնելի, — հարցնում է որդին:
“Չգիտեմ, ոչինչ հիշել չեմ ուզում, ուղղակի որ տալու էին` երեսուն տարի առաջ տային: Մենք լավ ղեկավար չենք ունեցել, միայն փողի, կամ աթոռի համար են պայքարել: Հիմա էլ պահանջում են, որ Նիկոլը հեռանա, իբր որ հեռանա, նորն ի՞նչ է անելու”, – հարցնում է Ալինան:
“Թե ասես՝ այստեղ կարող ես Ղարաբաղի պես ապրել` սուտ է, եթե չաշխատես` կսկսես փայ հավաքել: Մեր մրգերի, բանջարեղենի համն ու հոտը չկա, վեց ամիս դաշտում աշխատել եմ, ո՞վ է տեսել երկու օրում պոմիդոր հասնի, սրսկում են, հետո ասում են՝ Հայաստանում քաղցկեղը շատ է, այստեղ երկար ապրել չես կարող: Պոմիդորը սրսկում են, վարունգը սրսկում են, կառտոֆիլը սրսկում են, լոբին սրսկում են, ամեն ինչ: Ուտում` համ չես զգում: Ղարաբաղում իմ բոստանում ես երբեք նման բան չեմ արել, բայց միայն խամբարը (եգիպտացորեն) ձեռքիս չափ մեծանում էր: Ղափանն է շատ դուրս եկել, իսկեւիսկ մեր բնությունն է, Իջեւանը… Սիսյանում էինք մնացել մի քանի ամիս, այնտեղ նույնպես օդը մաքուր է, այնտեղ նույնպես հավանել եմ, կառտոֆիլը թրիքով էին աճեցնւմ, բայց դա բնական է, պարատանյութ է, իսկ այստեղ փոքր պոմիդորը երկու օրում սրսկում` կարմրեցնում են, պինք քար, բայց կարմիր”, ասում է նա:
Նրա ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են, որդին, Արտաշը ՀՀ քաղաքացիություն է ստացել, ասում է, որ ցանկանում է ծառայել բանակում, իսկ մինչ այդ մոր հետ ծխախոտի գործարանում է աշխատում:
“Մեկ օր չաշխատես` բոմժ կդառնաս”, ասում է նրա մայրը: “Ամուսինս ասում է՝ գնա դիմում գրիր` ազատվիր աշխատանքից, ես աշխատում եմ` հերիք է: Բայց երբ հաշվարկ ենք անում, միայն ամուսնուս ու որդուս աշխատավարձով ապրել չի ստացվում, շատ դժվար է: Ղարաբաղում փողի, տան մասին չենք մտածել, մեկի փոխարեն երկու տուն ենք ունեցել, ամուսնուս աշխատավարձը բարձր էր, ես չէի աշխատում, լիուլի ապրում էինք, իսկ հիմա՞, սա ի՞նչ կյանք է: Ինչի նայում` Ղարաբաղն եմ հիշում, մի բույս եմ տեսնում, ասում եմ սրանից Ղարաբաղում էլ կար: Ուրցը, անգամ ուրցը չի համ ունի, Հրազդանից բերել էին, այդ պահին հոտ ունի, բայց երբ թեյ եմ պատրաստում` անհետանում է բույրը”, – ասում է նա ու սուրճ հյուրասիրում:
Պատերազմներ, բլոկադա, բոստան, բույսեր, աշխատանք, վարկ, տուն, մի թեմայից մյուսն է անցնում մեր զրույցը:
“Չգիտեմ, այսպես եթե շարունակվի` Հայաստանն էլ է կործանվելու: Մարդ կա, որ չի հասկանում մեզ, ասում եմ դուք դա հասկանալ չեք էլ կարող, մինչեւ ձեր մաշկի վրա չզգաք, Աստված մի արասցե: Մարդիկ կան, որ պարզապես խոսում` ներվեր են ուտում, ուրիշներն էլ կան, ովքեր Սումգայիթ են տեսել, նրանք այլ կերպ են մտածում: Դեռ երեխա էի, երբ առաջին ղարաբաղյան պատերազմը սկսվել էր, չորս պատերազմ եմ տեսել դրանից հետո, թե դրանից առաջ ինչ է եղել` դա էլ մեր ապուպապերը գիտեն: Փոքր երեխա էի, երբ մայրս ինձ գրկած բլինդաժ է տարել, քույրս իննիսունականներին է մահացել, հենց մեր տան մեջ, գրադի արկը խփել սպանել է:
Աշխատատեղում մի բան են ասում` տրամադրությունդ ընկնում է ամբողջ օրը: Գողության դեպք էր եղել, որ իսկապես ղարաբաղցի էր հանցագործը, մատնաշում են, սա՞ չեն ձեր ղարաբաղցիները, կամ այն օրվա դանահակահրության դեպքը Լոռիում` դարձյալ… ես էլ հակադարձում եմ, իսկ ուրիշ հանցագործություն չի՞ լինում Հայաստանում, ամեն գյուղում էլ շուն կա: Ղարաբաղում երբ տաս տարին մեկ այսպեսի մի դեպք էր լինում` բոլորն ապշում էին, իսկ այստեղ նման դեպքերը սովորական բան են:
Ո՞ւր գնամ, կամ այնտեղ փախստական, կամ այստեղ` միեւնույն է: Այս սթրեսը պարզապես սպանում է մեզ, աչքիս առաջ ամուսինս հյուծվում է, չի կարողանում հարմարվել, ամբողջ օրը մտածմունքների մեջ է, իր բոլոր հարազատների, ընկերների գերեզմաններն այնտեղ են: Հայրս էլ 2004 թվականին է մահացել, ծննդյան օրը գալիս է` գնալու տեղ չկա: Գնում եմ հիվանդանոց, ասում են օ~, մի՛ լարվիր, ամբողջ օրը լարված ես, մոռաց, ցրվի՛ր, արյունդ թանձրանում է… Ի՞նչպես մոռանամ, դա ինձանի՞ց է կախված, մի խոտի նայում եմ` Ղարաբաղն եմ հիշում, մտքերս ակամա այնտեղ են ինձ տանում, չի ստացվում: Ի՞նչպես ուրիշի գերեզմանով հանգստանամ: Քույրս, եղբայրս, պապիկս, բոլորի գերեզմաններն այնտեղ են, ամեն վայրկյան հիշում եմ, ամեն երեկո վատանում եմ, աշխատատեղում էլ, մի իր եմ տեսնում, որը Ղարաբաղում էլ կար, նայում եւ մտքերս անմիջապես այնտեղ են տեղափոխում: Այնքանը ստեղծես ու մեկ վայրկյանում կորցնես ամեն ինչ: Ձեռքս չի գնում մի բան գնել, ավելացնել, բացարձակ: Երբեմն մտածում եմ, չգնա՞մ վարկ վերցնեմ, մեկ էլ ասում եմ ո՛չ, ոչ մի բան ինձ պետք չէ: Ինչ տեսնում եք այստեղ ամերիկահայ մի աղջիկ է նվիրել ծննդյանս օրը` մայիսի չորսին: Սեղան, աթոռներ, հեռուստացույց, սառնարան անգամ հարթուկը չի մոռացել (“Մեր յեղն առթեն մոխուր ա տեռալ էլ (մեր յուղը մոխիր է դարձել այլեւս)”, սա էլ ազոխեցի մի կին ասաց Մասիսում եւ արցախյան այս կարճ ասույթով ամեն ինչ այնպես բացատրեց, որ ոչ մի քաղաքագետ չի կարող իր երկար վերլուծություններով):
Սարսափելի էր Հակարին անցնելիս: Ուրալով ենք եկել: Կանգնեցրել եւ տղամարդկանց հանել են բեռնատարից, երեխաները վախից մտել էին տոպրակների տակ, մենք էլ նստած դողում էինք, ստիպեցին, որ մեքենայի հետեւից վազեն տղամարդիկ…
Հիվանդասենյակներ, դոմիկներ ու հաուսմանյան ճարտարապետություն. Ինչո՞ւ հայերի մոտ չի ստացվում
Ասել են սարքեք` վերցրեք, ձերն է, անգամ կադաստրի թուղթ են տվել, հիմա էլ ուրիշ բան են ասում, չգիտենք… Ուզում են, որ բնակարանային ծրագրով մենք սերտիֆիկատ վերցնենք, իսկ փողը փոխանցենք նրանց, ասում են հիվանդասենյակ-կացարանների բնակիչները:
Հովհաննեսն ինձ Փարիզում բացատրում էր, թե ինչպես են ֆրանսիացիները հաուսմանների ճարտարապետությամբ բնակարանային եւ սոցիակալան խնդիր լուծել: Բանվորները կտուրներում էին ապրում` հարուստներից առանձին, սակայն ժամանակի ընթացքում նրանց կարգավիճակը հավասարվեց եւ հարուստ-քյասիբ բարդույթը վերացավ: Ավելին, այսօր կտուրներն ավելի գրավիչ ու կոմֆորտ տեղ ու գրասենյակներ են: Մի ուրիշ ֆրանսիացի էլ ասում էր, որ եթե Ֆրանսիայում այսպիսի թանկարժեք մեքենաներ տեսնեն, ինչպես Հայաստանում` մեկն ավելի շուտ բանալիով, կամ դանակով կքերի փայլող ներկը, քան կզմայլվի դրանցով: Նա նաեւ հիշեցրեց, թե ինչպես են Փարիզում թանկարժեք ռեստորանը վառել, որտեղ Սարկոզին նշում էր իր հաղթանակը նախագահական ընտրություններում: Չգիտեմ ինչպես նա կարողացավ այսքանը նրբորեն ասել, որ բռնության կոչի պես չհնչեց:
Տունն ավելին է, քան չորս պատը, տղամարդը տուն է կառուցում, բայց կինն է այն տուն դարձնում, իմ տունն իմ ամրոցն է, տոն քընդողեն տոն չինիլ (տուն քանդողին տուն չի լինում), հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ (east or west home is best), հազար ասացվածք կարելի է հիշել տան մասին: Ոչ Արցախում, ոչ էլ այսօր Հայաստանում բնակարանային հարց լուծել չեն կարողանում հայերը: Կա անտուն մարդ` մի կտուր տանք` մտնի տակը, այսպիսի մոտեցում է հիմնականում կամ լավագույն դեպքում: Այնինչ, հարցն ավելի խորքային է, քան կարող է թվալ: Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվում եւ արդյունքում հասարակության մի անհասկանալի միքս է ստացվում, որտեղ արցախցիները Սրվանցի դոմիկներում, Մասիսի հիվանդասենյակներում են սկսում ապրել, հնդիկները “սրճարանում” ու գարաժներում, ուրիշներն էլ Երեւանի նորակառույցներում:
Մարութ Վանյան