
Արցախցիները կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, ստեղծվել է «Արցախն իմ սրտում» հիմնադրամը, որի հիմնական նպատակն անապահով արցախցիներին աջակցելն է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամի շահառու են լինելու առաջին հերթին Արցախից տեղահանված զոհվածների ընտանիքները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց եւ պայթյունի զոհ դարձած անձանց ընտանիքները։ Ըստ նրա՝ այս ընտանինքներում օրհասական խնդիրներ կան, բայց կառավարության կողմից բավարար աջակցություն չկա։
«Կառավարությունից մեզ խոստացել էին լուծել վառելիքի պահեստի պայթյունից զոհված ընտանիքների կարգավիճակի հարցը, բայց մինչ օրս այդ խոստումները մնացել են քննարկման մակարդակում։ Մեկ անգամ եւս նշում եմ, որ այս կառավարությունից մեծ սպասելիքներ չունենք, եւ փորձում ենք ելքեր գտնել։ Այսօրվա հանդիպման նպատակն է կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ եւ արցախցիների ցավն իրենց ցավն է, սատար կանգնել արցախցիներին։
Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե, որոշ արտոնություններով։ Ժամանակն է, որ իրենք առաջինը գան եւ իրենց հայրենակիցների կողքին կանգնեն, եթե չեն ուզում փողոցներում տեսնել զոհվածների ընտանիքներին։ Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլեւ բարոյական, ժամանակն է համախմբվելու եւ միասին լուծելու մեր օրվա խնդիրները։
Նաեւ կոչով եւ խնդրանքով դիում եմ ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանը, եւ վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթեւացնենք։ Նաեւ դիմում ենք մեր հայ բարերաներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին՝ սատար կագնելու եւ միասին լուծելու առկա խնդիրները»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ հատկապես ծանր վիճակում են պայթյունի հետեւանքով զահվածների ընտանիքների անդամները, մասնավորապես՝ փոքր կազմով՝ 2-3 հոգանոց ընտանիքները։ Այս ընտանիքները որեւէ աջակցության ծրագրից չեն օգտվում, մարդիկ ուղղակի հայտնվելու են փողոցում։ Առկա աջակցության ծրագրերը հատուկ խմբերի համար գործելու են մինչեւ տարվա վերջ, եւ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով, հայտնի չէ, թե հաջորդ տարվանից ինչ աջակցության ծրագրեր են գործելու արցախցիների համար։
Ինչ վերաբերում է բնակապահովման ծրագրին, նա ասաց, որ ի սկզբանե իրենք բարձրացրել են հարցը, որ այդ ծրագիրը չի լուծում արցախցիների կարիքները։