
Վերջին օրերին ահազանգեր կան, որ բռնի տեղահանված արցախցիներից խաբեությամբ հափշտակել են գումարներ, բայց բնակարաններ չեն տրամադրել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Ունենք նմանատիպ փաստեր, մարդիկ ահազանգում են, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում»,- ասաց նա։
«Փաստաբանի հետ խոսել եմ, ասաց, որ 5-րդ դեպքն է տվյալ կազմակերպության մասով, որ խաբեությամբ արցախցիներից գումարներ է շորթել եւ ինչ-ինչ պատճառներով բնակարանները չեն տրամադրունմ։ Փաստաբանը նշեց, որ գործը վարույթ է ընդունվել, սպասում են դատարանի վճռին»,- հավելեց Իսկանդարյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում նման դեպքերը կանխելու համար, Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Դա Հայաստանի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է։ Եվ կարծում եմ՝ այս ֆորմատը եւս կարող է լրացուցիչ նպաստել, որպեսզի աչալուրջ լինեն, եւ նմանատիպ դեպքերը կանխվեն»։