Ալյոնա Գաբրիելյան․ Ծովիկ բաբոն գյուղի լուռ, բայց ամուր սյուներից մեկն էր

  • 17:15 13.10.2025

Ալյոնա Գաբրիելյանն Արցախից է։ Նա 19 տարեկան է, սովորում է ԵՊՀ անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսում։ Նա նաև ստեղծագործում է գրքերն Արցախյան պատերազմների ու Արցախում ապրած կյանքի մասին են։ Ալյոնայի ընտանիքը տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան գյուղում։

Արցախցի աղջիկն իր գյուղն է հիշում, գյուղի ամենատարեց, ամենաբարի ու սրտացավ Ծովիկ բաբոյին մտաբերում, ով գյուղի լուռ ու ամուր սյուներից էր

-Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում։ Մանկությունս ու պատանեկությունս անցել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Սովորել եմ Սառնաղբյուրի, Նախիջևանիկի, ապա Այգեստանի դպրոցներում։ Իմ հողում ես սովորեցի սիրել ու գնահատել ամենափոքր բանը, հավատալ ուժին, համառությանը։

Մանկությանս ամենատաք ու ամենահիշվող կերպարներից մեկը Ծովիկ բաբոն է։ Ծովիկ բաբոն առանձնանում էր իր լռությամբ, խոհեմությամբ ու անսահման սրտացավությամբ։ Նա երբեք բարձր չէր խոսում, բայց նրա յուրաքանչյուր բառ ու ժպիտ խորը տպավորվում էին իմ մեջ։ Ապրում էր գյուղի մի անկյունում՝ հին, բայց միշտ մաքուր ու հյուրընկալ իր տանը։ Նրա դռները միշտ բաց էին բոլորի առաջ։ Եթե որևէ մեկը օգնության կարիք ուներ, առաջինը նա էր հասնում․ գալիս էր՝ առանց շատ խոսելու, բայց մեծ սիրով ու խորհրդներով։

Երբ գյուղում դժվար օրեր էին լինում, կամ ինչ որ բան էր կատարվում, բոլորը շրջվում էին դեպի Ծովիկ բաբոն։ Եվ այսօր, երբ հիշում եմ իմ գյուղն ու մանկությունս, նրա կերպարը միշտ առաջիններից է, որ կենդանանում է մտքիս մեջ։ Ինձ համար նա խորհրդանիշ է։ Խորհրդանիշ այն սերնդի, որը մեծ դժվարություններ ապրեց, բայց երբեք չկորցրեց իր արժանապատվությունն ու մարդկային ջերմությունը։ Ծովիկ բաբոն գյուղի լուռ, բայց ամուր սյուներից մեկն էր։ Տարիներ հետո այդ դժվարությունները պատեցին մեզ՝ նոր սերնդին։ Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ կկարողանա՞ նոր սերունդն այդչափ դիմացկուն ու ուժեղ լինել, և հոգուս խորքում երազում եմ, որ մեր մեծերին արժանի լինենք․․․

2020-ից հետո Ալյոնայի բոլոր նպատակները կապված էին Արցախի ու եղբոր՝ 2020-ի 44-օրյա պատերազմում զոհված Հայկի այդպես էլ չիրականացված երազանքների հետ։ Նա հույս ուներ, որ Արցախը կապաքինվի, կուղղի կորացած մեջքը

-44-օրյա պատերազմը ծանր հետք թողեց բոլորիս վրա։ Մտքերս թղթին էի տալիս, ու դա մի փոքր թեթևացնում էր հոգուս ցավը։ Ստեղծագործում եմ մանկուց, գրքեր եմ գրում։ Վերջինը 2023-ի հուլիսին սկսեցի․ վերջաբանում կամուրջը բաց էր, ապրում էինք սովորականի պես։ Պատերազմից հետո գրքի վերնագիրն ու սյուժեն փոխվեցին։

Չեմ ուզում շարունակել բացասական տողերով, երևի զգում եմ, որ դեռ լավ օրեր են գալու, Վերածննդի մասին եմ անպայման գրելու։

Ստեղծագործական ուղիս նույնպես մնաց առանց փոփոխության։ Վախենում էի շրջափակման ժամանակ ստեղծագործություններս հրատարակեի ու ինձ չհասներ, որովհետև ասում էին՝ Հակարիից հայկական ոչ մի իր չէին թողնելու անցնի։

Սովի, անորոշության դեմ 9-ամսյա պայքարն անասելի ցավ բերեց իմ ժողովրդին։ Զգում էինք միշտ <<սպասվող>> պատերազմի վտանգը։ Հիշում եմ սեպտեմբերի 19-ի գիշերը։ Ինչ որ շատ վատ բան էի կանխազգում։ Դպրոցից հարցրեցի, որ տուն գնամ (սովորում էի Այգեստանի միջնակարգ դպրոցում)։ Ճանապարհին արդեն լսվում էին պայթյունների ձայները․ հարազատներիցս լուր չունեի։ Հայրս ուշ երեկոյան վերադարձավ։ Երբեք այդպես չէի գրկել նրան։ Հորս բաճկոնից հողի ու արյան հոտ էր գալիս։

Ոիշքս ու միտքս հարազատ Սառնաղբյուրն էր։ Ինձ կորցրած գոռում էի՝ ովքե՞ր չեն վերադարձել գյուղից, ովքե՞ր են վիրավորվել կամ գուցե՞։ Նա մեծ դժվարությամբ անուններ արտասանեց… Ես դեռ եղբորս կորստի ցավից չէի սթափվել, բայց ստիպված էի սառնասիրտ մնալ, որ ոչինչ չզգամ։ Երբ նրան հարցրի՝ ե՞րբ ես տուն գնալու, գոնե մի քանի բան վերցնես։ Հայրս պատասխանեց՝ տուն չկա, գյուղ չկա, մարդիկ չկան…

Այդ պահին ձեռքս ուժգին խփեցի պատին։ Ծանր հոգեվիճակում էի։ Մինչև օրս ձեռքիս վրա զգում եմ այդ ցավը, որը հիշեցնում է գյուղիս ու մարդկանց կորուստների մասին։ Բայց ամենաանհավատալին ու ցավոտը Դավիթի չլինելու փաստն էր, իմ մանկության ընկերոջ… Ասես մանկությունս կանգ առավ ինչ որ անտեսանելի սահմանում։

Ալյոնան մորմոքով է խոսում պատերազմի զոհերի ու արցախահայության ճակատագրի մասին։ Նրա մատաղ հոգին չի հանդարտում

-Հետ դարձի տուն այլևս չկար։ Հազարավոր մարդիկ զոհ դարձան ստի ու կեղծիքի, կրակի ու պատերազմի։ Նրանք, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է, ապրում են իմ մտքում։ Գիտեմ՝ կգան, զգում եմ՝ ողջ են։

Վառելիքի պայթյունը խլեց ինձնից ամենահարազատներին։ Վլադիմիրը դեռ նոր պիտի կյանք մտներ, իր առաջին քայլերը պիտի աներ, բայց չհասցրեց։ Կամոն՝ իմ ընտանիքի ամենահարազատը, թողեց իր ընտանիքին մղկտոցների մեջ․ նրա բացակայությունը միշտ մեզ հետ է՝ ամենուր։

Հետո եկավ ամենադժվարը՝ բռնի տեղահանությունը։ Պատերազմից հետո ստիպված եղանք լքել մեր հայրենի տունը, որտեղ ամեն ինչ թողել էինք՝ ոչ միայն նյութական, այլ նաև հիշողություններ ու կյանք։

Տեղահանությունից հետո Հայաստանում ստիպված էինք զրոյից նոր կյանք սկսել։ Սկզբում ամեն ինչ դժվար էր․ մեր առջև լեզվական, նյութական, հոգեբանական փորձություններ էին։ Բայց ժամանակի ընթացքում սովորեցի հաղթահարել։

Կրթությունն ու ինքնազարգացումը դարձան իմ ուժի աղբյուրը։ Ես փորձում եմ ներգրավվել հասարակական ու կրթական ծրագրերի մեջ, շարունակել ուսումս, կառուցել ապագա, որտեղ կարող եմ օգտակար լինել թե՛ իմ ընտանիքին, թե՛ հայրենիքին։

Ես հավատում եմ, որ երիտասարդությունը կարող է պահել հիշողությունը, բայց միևնույն ժամանակ ստեղծել նոր իրականություն՝ արժանապատիվ և ուժեղ։

Իմ պատմությունը նաև բազմաթիվ արցախցի երիտասարդների պատմությունն է։ Մենք կորստի մեջ գտնում ենք դիմադրելու ուժը։ Մեր հիշողությունները ցավոտ են, բայց հավատը՝ անկոտրուն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ