ԱՄՆ նախագահի գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պաոլո Զամպոլլին նշել է. «Հեգնական է, որ Նոբելը կարողությունը կուտակվել է ադրբեջանական նավթի վրա, սակայն հանձնաժողովը անտեսում է այն մարդուն, ով խաղաղություն է հաստատել Ադրբեջանում»։
«Խաղաղությունն Ադրբեջանում» լեզվի սայթաքում չէ, այլ արձանագևում․ «խաղաղությունը» կապ չունի Հայաստանի հետ, կամ, ավելի ճշգրիտ, այն ձեռք է բերվել Հայաստանի հաշվին։
Փաշինյանն ու Ալիևը Եգիպտոսում բոլորի շուրթերին էին. Թրամփը վերջապես սովորեց արտասանել երկրների անունները և ասաց, որ Փաշինյանն ու Ալիևը անընդհատ գրկախառնվում էին։ Փոքր պատերազմը… որը տևեց 31 տարի, ավարտվեց Թրամփի կողմից մեկ ժամում՝ շնորհիվ «ուժեղ առաջնորդ» Ալիևի։ Թրամփը այդպես էլ չհիշեց «մյուս տղայի» անունը։
ԱՄՆ, Եգիպտոսի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը, Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին ստորագրեցին համաձայնագիր՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ որպես Իսրայելի և Համասի միջև միջնորդներ։
Պարզվեց, որ Թուրքիան գլխավոր «միջնորդն» էր։ Այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան Համասի գլխավոր հովանավորներից մեկն է՝ Քաթարի հետ միասին։
«Էրդողանն ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը։ Նա շատ ավելի հզոր է, քան պնդում է։ Նա հաղթել է բազմաթիվ հակամարտություններում, բայց չի ձգտում փառքի, նա պարզապես ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն», – ասաց Թրամփը։
Նա Էրդողանին անվանեց «կոշտ, բայց հավատարիմ ընկեր», որը «միշտ այնտեղ է, երբ նրա կարիքը կա»։
«Երբ ՆԱՏՕ-ն խնդիրներ ունի, նրանք դիմում են ինձ։ Ես խոսում եմ Էրդողանի հետ, և նա երբեք չի հիասթափեցնում ինձ։ Նա հիանալի է։ Շնորհակալություն ձեր բարեկամության համար», – ընդգծեց Թրամփը։
Թուրք պաշտոնյաներից մեկը անմիջապես հայտարարեց, որ Թուրքիան ստանձնում է Գազայի վերակառուցման պատասխանատվությունը։
Թրամփը, որը հենց նոր էր ապահովել իսրայելցի պատանդների վերադարձը, ոչինչ չասաց «լավ տղաներին»՝ Ալիևին և Էրդողանին Բաքվում պահվող հայ գերիների մասին։