Պուտինը պնդում է «Զանգեզուրի միջանցքը»

  • 02:01 14.10.2025

2025 թվականի հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը քննարկելու համար: Այս երկրները տարիներ շարունակ չեն կարողանում համաձայնության գալ Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու 8 կիլոմետրանոց հատվածի ավարտի շուրջ: Ռուսաստանը և Իրանը արբանյակային չափումներ են անցկացնում Ռեշտ-Աստարա երկաթուղու համար՝ շարունակելով իրականացնել 2023 թվականի համաձայնագիրը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Դա ծիծաղելի է․ եթե Իրանին անհրաժեշտ լիներ Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջով անցնող ճանապարհ, այն վաղուց գոյություն կունենար: Իրանն ու Ադրբեջանը հիմա էլ շատ լավ շփվում են հայ-իրանական սահմանի այն կողմի ճանապարհով՝ Իրանի տարածքում։

Ոչ ոքի պետք չէ նաև «Զանգեզուրի միջանցքը», որը Ալիևն անվանում է Միջին միջանցքի «երկրորդ երթուղի»: Այլ կերպ ասած՝ կա առաջին և հիմնակա երթուղի: Թուրքական, եվրոպական և հայկական պնդումները այս միջանցքի՝ որպես «տրանսպորտային հրաշքի» մասին, պարզապես թոզ են և թաքցնում են ոմանց մտադրությունը՝ անեքսիայի ենթարկել Հայաստանը հարավը և այն վերածել զենքի, թմրանյութերի և այլ ապրանքների տարանցման համար մոխրագույն գոտու:

Բաքվում երեկվա հանդիպումը տեղի ունեցավ Պուտինի և Ալիևի միջև «մեծ հաշտեցումից» մի քանի օր անց։ Այս «հաշտեցումը» տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ նույնիսկ եթե «Թրամփի ճանապարհը» կառուցվի, ռուս սահմանապահները կմնան տեղակայված հայ-իրանական սահմանին։

Այս հայտարարությունը չէր կարող արվել առանց Բաքվի, Թեհրանի և Վաշինգտոնի հավանության։ Պուտինը փաստորեն ապահովեց ռուս սահմանապահների ներկայությունը «Թրամփի ճանապարհին»։

Այս ճանապարհը նրա համար չափազանց կարևոր է։ Հակառակ դեպքում Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չէր ներառի Ադրբեջանը Նախիջևանի միջոցով Թուրքիայի հետ կապող արտատարածքային միջանցքի մասին 9-րդ կետը։

Այս հարցը չի ներառվել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագրի՝ 2025-ի օգոստոսի 8-ին  նախաստորագրված տեքստում, քանի որ այն առաջնահերթություն չէր երկու կողմերի համար էլ։ Սակայն Վաշինգտոնում անսպասելիորեն ընդունվեց առանձին հռչակագիր «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հավանաբար՝ Պուտինի պահանջով։ ՌԴ ԱԳՆ-ն միանգամից ողջունեց հռչակագիրը։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9 կետերից Պուտինին մնացել է իրականացնել միայն 9-րդ կետը՝ միջանցքը։ Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությանը ցանկացած հղում կառաջացնի հարց՝ իսկ որտե՞ղ է Ղարաբաղը և Բերձորի միջանցքը։ Հետևաբար, ավելի հեշտ է «Զանգեզուրի միջանցքը» անվանել «Թրամփի ճանապարհ» և շարունակել վերահսկել հայ-իրանական սահմանը։

Հոկտեմբերի 13-ին, Հայաստանում՝ Պասկևիչի բլրի վրա, նշվեց 1827 թվականի «Երևանի ամրոցի պարսկական լծից ազատագրման տարեդարձը»։

«Այդ օրվանից Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական տիրապետությունից, և, ինչպես նշեց հիշատակի միջոցառման նախաձեռնող, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, 14,400 ընտանիք կարողացավ վերադառնալ իրենց պատմական հայրենիք», – հաղորդում են ռուսական պետական ​​լրատվամիջոցները։

Հոկտեմբերի 13-ին՝ 1921 թվականի Կարսի պայմանագրի օրը, նկարիչ Կարեն Կյուպելյանը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Կարսի անօրինական պայմանագրի դեմ։ Նա իր ակցիան անվանեց մշակութային պերֆոմանս՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները գործում են ռուս-թուրքական պայմանագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ այս պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ Նախիջևանը ժամանակավորապես փոխանցվեց Ադրբեջանին՝ որպես թուրքական պրոտեկտորատ։

Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ բոլոր փաստաթղթերին, որոնք հաստատում են իր իշխանությունը Հայաստանում՝ սկսած Իրանի հետ Թուրքմենչայի պայմանագրից, Թուրքիայի հետ Կարսի պայմանագրից և վերջացած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունով։ Այս փաստաթղթերը մնում են ուժի մեջ, և “գետնի վրա” դրանց վավերականությունը պահպանելու համար Պուտինը պնդում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Ռուսաստանի ԱԴԾ զորքերի վերահսկողության ներքո։

Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունը չեն վիճարկում Ռուսաստանի այս իրավունքը և խոսում են ինչ-որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Բաքուն և Անկարան նույնպես չեն վիճարկում Կարսի պայմանագիրը և նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ այս փաստաթղթերի վերանայումը կարող է հանգեցնել Թուրքիայի և Ադրբեջանի պարզապես փլուզմանը։

Սակայն Հայաստանն ու Ռուսաստանը դա թույլ չեն տա։