ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց, որ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։
«Մենք հույս ունենք, որ այս ամբողջ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ուշ»,- ասաց նա։
Հարցին՝ Մինսկի խմբի լուծարման դեպքում ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում Արցախի խնդրի կարգավորումը, մասնավորապես, արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնաու եւ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցերի լուծումը, Էլինա Վալտոնենը նման պատասխան տվեց․ «Մինսկի կառույցները կփակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ Եվ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ, իսկապես խորքային քննարկում ունեցանք պարոն նախարարի հետ, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարելու խաղաղության եւ կայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում»։
Նա նշեց, որ հետագայում էլ կհամագործակցեն Հայաստանի հետ տնտեսական, շրջակա միջավայրի եւ կլիմայի ոլորտներում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկնեց ՀՀ իշխանության թեզը, թե արցախցիները պետք է մնան ու ինտեգրվեն Հայաստանում։ «Կուզեմ կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն այս հարցում, մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսեն, շարունակեն Հայաստանու ու ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը»,- նշեց Միրզոյանը։