«Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը փաստ է, հայրենազուրկ են 150 հազար մարդիկ։ Եվ այս պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունները բացասական եմ գնահատում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի՝ Մինսկի խումբը լուծարելու հայտարարությանը եւ արցախցիների իրավունքների հարցն անտեսելուն։
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հեշտությամբ են լուծարում, կան դիվանագիտական թիկունքային որոշումներ այս հարցի շուրջ։ «Առհասարակա ԵԱՀԿ պաշտոնյաներն ունեն ստանդարտ, պարտավոր են իրազեկել հանրությանը կարեւոր հարցերի շուրջ, ԵԱՀԿ ընդունած տարբեր փաստաթղթերում եւ բանաձեւերում այդ պարտավորությունն արձանագրված է։ Երբ այդպես ակնհայտ խախտում ու շրջանցում են այդ պարտավորությունները, նշանակում է, որ հարցը լուրջ է»,- նշեց Ղուկասյանը։
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այսօրվա իրավիճակում ակնհայտ է, որ Արցախի հարցը ԱՄՆ, Ֆրանսիայի ու Եվրամիության ձեռքում է։ «Ինչպես իրենք կորոշեն այդ հարցը առաջ տանել, այդպես էլ կլինի։ Եթե որոշեն ճնշել Ադրբեջանին ու պահանջել ընդունել այն, ինչը Մինսկի խումբը մշակել էր տարիների ընթացքում, լուծումն այդպես կլինի, եթե կորոշեն այլ կերպ վարվել, կարծես թե այդ հարցում ազատություն ունեն, որովհետեւ հանրային ճնշումներ չկան։ Այդ դեպքում, իհարկե, կարող է պատմության մեջ գրանցվել ԵԱՀԿ-ի խոշոր անկումներից մեկը, երբ ինքն է գործիք դառնում։
Բայց մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն 57 անդամ պետություն ունի, այդ թվում՝ ՌԴ-ն է։ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետեւանքով կոպիտ խախտել է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթուղթը՝ Հելսինկյան ավարտական ակտը։ Ադրբեջանը եւս խախտել է Հելսինկյան ակտը՝ Արցախում էթնիկ զտում անցկացնելով։ Կան Հելսինկյան ավարտական ակտը խախտող եւ դրան աջակից պետություններ, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն աջակցում են այդ խախտումներին։ Եվ ԵԱՀԿ-ն դրա պատճառով գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որովհետեւ հավանաբար Արեւմուտքին այդքան էլ ձեռնտու չէ այդ կազմակերպությունը լուծարելու որոշումը։ Այսինքն՝ քաղաքական լուրջ խնդիրներ կան, որոնք հրապարակային չեն քննարկվում։ Բայց այդ խնդիրները կան՝ ի՞նչ անել ԵԱՀԿ-ի հետ՝ լուծարե՞լ, ինչպես Մինսկի խումբը, թե՞ փորձել պահպանել, բայց ի՞նչ անել Հելսինկյան ավարտական ակտը խախտող պետությունների՝ Ադրբջանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ մյուսների հետ»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե արցախցիները պետք է ինտեգրվեն եւ իրենց կյանքը շարունակեն Հայաստանում, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Դա Ադրբեջանի թեզն է։ Հայաստանի իշխանությունները կրկնում են Ադրբեջանի բոլոր նարատիվները, դրանք տարածում են մեր հնարության մեջ։ Նրանք այսօր հանդիսանում են Իլհամ Ալիեւի քարոզչական ներկայացուցիչները Հայաստանում»։
Ռոզա Հովհաննիսյան