2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափման ժամանակ Յուրիկն ու Բախշին նույնպես ստիպված եղան թողնել իրենց գյուղն ու այն ամենը, ինչ տարիներով կերտել էին։
Յուրիկը նախ գնաց Երևան՝ բարեկամների մոտ։ Մի քանի շաբաթ անց հասկացավ՝ մեծ քաղաքի աղմուկը, վարձերը և անծանոթ միջավայրը իրենը չեն։ Որոշեց գա Կապան, որտեղ եւ բարեկամ կար, եւ այն եզակի վայրերից է, որ հիշեցնում է Արցախը։ Կապանը, իր լեռներով ու բնությամբ, շատ նման է Արցախին։ Ահա թե ինչու այս վայրն իրենց համար դարձավ մի փոքրիկ շարունակություն Արցախի։
«Դուր գալու առաջին կետը մեր բարբառն էր․ էստեղ մարդիկ մեր պես են խոսում, լրիվ հասկանում ենք իրար։ Չենք «թարգմանոմ» լեզուն։ Մի քանի բառ կա, որ տարբեր ենք ասում, բայց մերն է, մեր շունչն ունի», – ասում է Յուրիկը։
Բախշին, ով տեղահանվել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից, Յուրիկի հետ նույն շինարարության վրա են աշխատում, այդպես են ծանոթացել, չնայած երկուսն էլ ապրում էին Մարտունու շրջանում։
Բախշին տրակտորիստ է եւ հողի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Ասում է՝ Կապանի բնությունը, որքան էլ հարազատ թվա, չի կարող փոխարինել հայրենի գյուղի դաշտերին։
«Շատ նման ա, բայց մեր բնությունը ոսկի էր։ Հողին դիպչում էիր՝ ոսկի էր դուրս գալիս։ Այստեղ չես զգում նույնը»։
Յուրիկը տարիներ շարունակ զբաղվել է գյուղատնտեսությամբ։ «Անասնապահություն, այգեգործություն՝ խաղողի մշակություն։ Իսկ հիմա չեմ կարող անգամ տաս արխ անել։ Գյուղում կուզեի ապրել, բայց երեխաները քաղաք են ուզում», – պատմում է նա։
Ամենից շատ կարոտում է իր խաղողի տեսակը․ «Կարդինալը չկա՝ ոչ դեղին է, ոչ կարմիր։ Իմ սրտի խաղողը չեմ գտնում»։
Բախշին, որը սեփական մեծ ագյու փոխարեն հիմա մի քանի քառակուսի մետր վարձակալած բնակարանում է ապրում, նեղությունների մոտ նշում է նաեւ դրական կողմերը՝ «Մի քանի ամսվա մեջ ոսկի հարևաններ ենք ձեռք բերել»։
Բախշին սկզբում ապրում էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, կատակում է՝ «տրակտորով ձուկ բռնել չի լինի»,- դրա համար տեղափոխվեց այնտեղ, որտեղ իր միակ հարստությունը՝ տրակտորը կարող է գումար աշխատել եւ ապրուստ ապահովել։
Նրանք այժմ վարձով են ապրում։ Տան վարձը 40-180 հազար դրամ է։ «Մենք 40 են տալիս, բայց տունը, որտեղ ապրում ենք՝ ամբողջությամբ դատարկ էր, ստիպված էնք ամեն ինչ գնել, միակ բանը, որ օգնություն ենք ստացել՝ լվացքի մեքենան է»,- ասում է Բախշին։
Տուն ունենալը երազանք է դարձել, իսկ հայրական տանն ապրելը՝ աղոթքի պես մի բան։ Հիմա սպասում են բնակարանային ծրագրերի իրականացմանը, Բախշին որոշել է՝ հենց Կապանում էլ կապրի, մինչեւ մի օր տան ճամփան բացվի, իսկ Յուրիկի երեխաները քաղաքում են ուզում ապրեն, որ աշխատեն։
Սակայն երկուսն էլ գիտեն՝ սիրտը մնում է այնտեղ, որտեղ գերեզմաններն են։ «Բոլորն էլ ուզում են իրենց ծննդավայրում ամփոփվեն։ Մենք էլ արդեն այն տարիքին ենք, որ գերեզմանի մասին ենք մտածում՝ անտեր թողած մեր գերեզմանների, որտեղ նաեւ մենք պետք է ամփոփվեինք», -ասում է Բախշին։
Յուրիկը լրացնում է՝ առանց ավել բառերի․ «53 տարի ապրել եմ այնտեղ։ Ասեմ ի՞նչը չեմ կարոտում՝ ամեն ինչ էլ կարոտում եմ»։
Հիմա նրանք շարունակում են ապրել Կապանում՝ Արցախին շատ մոտ։ Վստահ են, եթե տան դուռը բացվի, բոլորը ոտաբոբիկ են վազելու։
Մարիամ Սարգսյան