
Մեր զրուցակիցը վաստակաշատ մանկավարժ, Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թոշակառու ուսուցչուհի Մարիետտա Շահնազարյանն է։ Արցախից տեղահանվելուց հետո նա բնակություն է հաստատել ՌԴ–ում։
Տիկին Մարիետտան վերհիշում է․
-Հետ նայելով անցյալին՝ գտնում եմ, որ ես երջանիկ մարդ եմ: Ներողություն եմ խնդրում իմ տառապած ազգից, բայց և այնպես շնորհակալ եմ այս արհավիրքներից անկորուստ դուրս գալու և ուժ գտնելու զրոյից ամեն ինչ նորից սկսելու հավատս վերականգնելու համար:
Ծնվել և մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Կյանքը ինձ պարգևել է հոյակապ ծնողներ, քույրեր, դստրեր, թոռներ և ընկերներ: Արցախյան վաստակաշատ ուսուցիչներ Մառլեն Շահնազարյանն ու Թամարա Սարգսյանն ընտանիք են կազմել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, ուր գործուղվել էին աշխատելու տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետ տեղափոխվել են նույն շրջանի Քարագլուխ գյուղը: Հայրս որպես ութամյա դպրոցի տնօրեն, մայրս՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի:
Մանկությունս քույրերիս հետ անցել է այդ գեղատեսիլ գյուղում, որի հիասքանչ բնությունը, գյուղամիջյան փողոցները, դպրոցը դաջվել են հիշողությանս մեջ:
Սոցիալական պայմաններից ելնելով, երբ դեռ կառուցվում էր Նորագյուղը և ընդլայնվում Խրամորթը, տեղացիները սկսեցին տեղափոխվել այդ գյուղերը, և դպրոցը կանգնեց փակման խնդրի առաջ: Հայրս որոշեց մնալ գյուղում, իսկ մեզ տեղափոխեց քաղաք Ստեփանակերտ: Գյուղը փոքր քայլերով դատարկվեց: Հետագայում բազմաթիվ գյուղեր արժանացան նույն ճակատագրին:
Մայրս Արցախյան առաջին պատերազմի տարիներին անընդհատ կրկնում էր, որ հաղթանակի կհասնի այն ուժը, որին կհաջողվի պահել Քարագլխի բարձունքը: Եվ դա իրականություն էր, որն ապացուցվեց հետագայում:
Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեղի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ու կենսաբանության բաժինը: Աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցում: Այն հետագայում կրում էր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս, մեր դպրոցի սան, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի անունը:
Հպարտ եմ, որ 27 տարի աշխատել եմ այդ դպրոցում՝ իմ հարազատ մանկավարժական ընտանիքում և ունեմ բազմաթիվ աշակերտներ, որոնց մեծամասնության հետ ցայսօր կապ ունեմ: Հպարտ եմ, որ Արցախում կրթել ու դաստիարակել ենք հայրենասեր և նվիրյալ սերունդ: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ կապը միշտ պետք է ուղղված լինի մի նպատակի՝ պահպանել ազգայինը, հարստացնել այն, գնահատել անցյալը և կառուցել ապագան:
2020 թվականի 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան ծանր շրջանի մասին
-Չարաբաստիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել։ Ամեն ինչ դեռ շատ թարմ է իմ հիշողության մեջ։ Պատերազմի ժամանակ ես ու 91-ամյա հայրս մի օր անգամ չենք բացակայել Արցախից: Կիսադատարկ էր Իվանյանը, հայրս էլ՝ ծանր հիվանդ: Մեզ բազմիցս առաջարկել էին հեռանալ Արցախից, սակայն մենք չէինք համաձայնվում: Հավատում էինք մեր հաղթանակին:
Իրարամերժ լուրեր էին պտտվում: Հայրիկիս հիվանդության պատճառով հաճախ գնում էի Իվանյանի հոսպիտալ՝ դեղորայքի և սննդի: Այդ օրերին բժիշկների և բուժքույրերի, հատկապես գյուղի բուժքույր Գալյա Ներսիսյանի օգնությունը անգնահատելի են: Եվ նորից օգտվում եմ առիթից՝ կրկին իմ խորին երախտագիտությունը հայտնելու նրանց:
2020 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարեցին ամբողջական տարհանման մասին, քանի որ թշնամին արդեն մայրաքաղաքի մատույցներում էր: Երկար էինք համոզում հայրիկիս լքել տունն ու Արցախը: Նա ամեն կերպ համառում էր և դժգոհություն հայտնում՝ ասելով որ իր տեղը կնոջ գերեզմանի մոտ է: Ես և քույրս՝ Մարգարիտան, խոստացանք, որ Երևան հասնելուն պես, կսկսենք նրա երկար տարիներ սպասված գրքի տպագրությունը: Ոգևորված այդ մտքից՝ համաձայնեց:
Իվանյանում մենք զբաղվում էինք մենատնտեսությամբ։ Այդ ժամանակ տնտեսությունից մնացել էր 9 ոչխար, քանի որ մի մասը Սարգիս Գալստյանի խնդրանքով ուղարկել էինք Շուշի՝ զինծառայողների սնունդը ապահովելու համար: Չգիտեինք նրանց հետ ինչպես վարվել: Որոշեցինք թողնել գոմի մերձակա տարածքում և խոտ ու կեր լցնելով նրանց առաջ, հեռացանք։ Հայրս լացելով հրաժեշտ տվեց կենդանիներին՝ իր սովորության համաձայն բարձրաձայն խոսելով ամեն մեկի հետ:
Ճանապարհին շատ սրտնեղած էինք։ Մեքենաների շարասյունը գաղթ էր հիշեցնում: Ամեն վայրկյան հնարավոր էր ընկնել թշնամու թիրախի տակ: Անփորձանք անցանք ծանրաբեռնված ճանապարհի հատվածները, սակայն լարվածությունից Սևանա լճի մերձակայքում վթարի ենթարկվեցինք: Մեզ փրկեց մեր հետևից ընթացող մի արցախցի տղամարդ։
Երևան հասնելու հենց առաջին գիշերն արթնացանք ավտոմեքենաների ազդանշանների շարունակական ձայներից: Մի պահ թվաց, թե հաղթել ենք: Բայց ավա՜ղ: Դա միայն թվացել էր:
44-օր շարունակ հնչող <<Հաղթելու ենք>> կարգախոսը դարձավ ամոթալի պարտություն: Մի ստորագրությամբ հանձնվել էր հայրենիքիս 75 տոկոսը:
Չնայած այդ ամենին, կասկած չունեինք, որ պետք է վերադառնանք: Շուտով սկսեցինք պատրաստվել տունդարձին: Նոյեմբերի 22-ին Քարվաճառի ճանապարհով ճանապարհվեցինք, քանի որ նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան օրը, Քարվաճառը պիտի հանձնվեր: Հմայված հեքիաթային բնությամբ և ափսոսալով վառվող տները, քանդված զորանոցներն ու դպրոցները, չէինք կարող զսպել մեր արցունքները: Փորձում էինք մտապահել բոլոր տեսարանները, Թարթառն ու Դադիվանքը: Գիտեինք՝ վերջին անգամ ենք տեսնում:
Ինչպիսի ուրախությամբ մտանք մեր տուն ու նստեցինք սառած վառարանի մոտ: Թոռնիկս՝ Օլեսյան, որ Երևան էր տարհանվել Շուշիից, մեր տանն էր: Քիչ հետո նա ասաց՝ մամ, բոլորն իրենց տուն վերադարձան, բացի մեզանից:
Հայրիկիս Իվանյանում պահելն արդեն անհնար էր: Եվ մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտի մեր բնակարանը: Մեր շենքի դիմաց Ազատամարտիկների պուրակն էր, որտեղ ամեն օր ավելանում էին 44-օրյայի հերոսների նկարներով պաստառները: Ամեն օր պատշգամբից հայրիկս նայում էր նրանց և ափսոսանքով ասում, որ ինքն այդ տարիքում վայելում էր կյանքը, իսկ այս տղաներն իրենց կյանքը զոհաբերեցին: Գոնե վերջինը լինեն…
Ես աշխատանքս շարունակում էի գյուղում․ ունեի ավարտական դասարան, պիտի կազմակերպեի <<Վերջին զանգի>> արարողությունը: Դժվար էր համակերպվելը վշտին, մանավանդ որ համայնքից զոհեր ունեինք: Այդ ժամանակ հասկացա, թե ինչու էր հայրս այդքան ծանր տանում իր սաների զոհվելու լուրերը կամ նրանց հրաժեշտ տալու արարողությունները:
Մտնում ես դասարան ու այնտեղ զոհված Արմեն Աղաջանյանի որդի Արենն է նստած։ Հեշտ չէ նայել անհայր մնացած երեխայի աչքերի մեջ։ Մյուս անկյունից թվում է՝ քեզ է նայում ժպտերես Արսենը։ Նա մեր ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոֆա Ռոբերտովնայի որդին էր: Մյուս դասարաններում Արտակը, Արմեն և Արտակ եղբայրները, Գուրգենը՝ մեր դասվար Արինա Մնացականյանի որդին, Արկադյան, ով զոհվեց իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ին, Գարիկը, Կարենը։
Իմ պատկերացրած վերջին զանգն այլ երանգ ուներ՝ բոլորովին ուրիշ սցենարով: Ցանկանում էի Իվանյանի դպրոցում ունեցած դասղեկությանս երեք դասարանները հավաքել ու մեծ տոնական միջոցառում կազմակերպել: Սակայն մտահղացումս անկատար մնաց: Միջոցառումը կազմակերպեցինք համեստ, առանց ավանդական երգ ու պարի: 2021-ը աշխատանքային կենսագրությանս վերջին տարին էր: Ստեփանակերտում խնամում էի հայրիկիս և համատեղում աշխատանքս Իվանյանում:
44-օրյա պատերազմից հետո ևս երկու տարի դասավանդեցի հարազատ դարձած կրթօջախում: Դրան զուգահեռ ակտիվ մասնակցում էի ընդդիմադիրների կազմակերպած բոլոր միջոցառումներին, կիսվում էի իմ մտքերով թերթերում և սոցհարթակներում: Հավատում էի, որ մենք մեր հայրենիքում ապրելու գերաշնորհն ունենք: Չնայած թշնամու ափի մեջ էինք, բայց շարունակում էինք ապրել: Փորձում էի պահպանել լավատեսությունս և ամենուր շեշտում էի՝ դիմացեք, լօխ լյավա իննան․․․ Հետագայում ինչքա՜ն ատեցի այդ արտահայտությունը․ գաղթի ճանապարհին ծանոթներս կշտամբանքով հիշեցնում էին իմ խոսքերը։
Շրջափակում, պատերազմ, տեղահանություն
-2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը․ մեկ օր առաջ էի վերադարձել Երևանից և ամեն անգամ փառք էի տալիս Աստծուն, որ մեկ օր ավել չմնացի իմ սիրելի քաղաքում:
Օրեցօր դժվարանում էր մեր կացությունը: Բայց անկախ բոլոր դժվարություններից, մենք վայելում էինք մեր հողն ու ջուրը, երեկոյան զբոսանքները, երկար զրույցները հարևանների հետ: Եվ ավելի շատ ժամանակ էինք տրամադրում կենդանի շփմանն ու մշակութային կյանքին:
Առօրյայի անբաժան մաս էին դարձել խանութների հերթերը, որտեղ լարվածությունը հաղթահարում էինք սրամտությամբ ու կատակներով: Շրջափակման վերջին ամիսները վերածվել էին գոյության պայքարի: Հացը երազանք էր դարձել: Երեխաները կարոտով էին հիշում իրենց սիրելի քաղցրավենիքները: Մրգերից միայն խաղողն էր ու ձմերուկը: Նռան հյութը դարձել էր մեր ամենասիրելի ըմպելիքը:
Չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը իմ խնամու՝ մայոր Սամվել Սարուխանյանի մահվան տարելիցն էր: Վաղ առավոտյան Իվանյանի հոսպիտալի ավտոբուսով մեկնեցի Ստեփանակերտից․ այլ տրանսպորտի միջոց վաղուց չէր գործում: Ժամը մեկին գերեզմանոցից նկատեցինք, որ գյուղի կենտրոնական ճանապարհով ռազմական տեխնիկա է բարձրանում դեպի Նորագյուղ: Շտապեցինք տուն։ Տուն հասնելուն պես որոտացին առաջին պայթյունները, որոնք մեկ վայրկյան չդադարեցին մի ամբողջ օր: Էլի պատերազմ սկսվեց՝ հանկարծակի, անողոք:
Աշակերտները դպրոցներում էին, մարդիկ՝ աշխատանքի վայրերում։ Կապ չկարողացանք հաստատել իրար հետ, մնում էր մտնել ապաստարաններ ու սպասել: Նորակառույց դպրոցը ապաստարան չուներ, ուսուցիչները աշակերտներին տարհանեցին պահածոների գործարանի նկուղը: Ցուրտ ու անվերջանալի գիշեր, պայթյուններ և անորոշություն։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին արդեն զինադադար էր, տարահունչ լուրեր և ասեկոսեներ էին պտտվում: Ասացին, որ թշնամին Ասկերանի <<Տանկ>> հուշահամալիրի մոտակայքում է, Ստեփանակերտի մատույցներում: Մի բան պարզ էր՝ պարտություն: Տարակուսած վերադառնում էին մեր զինվորները, կազմալուծվում էր բանակը: Ամեն ինչ խժռում էր կրակը․ այրեցինք ամեն ինչ՝ համազգեստ, շքանշաններ, գերդաստանի նկարներ, տարիների վաստակ, մի կյանք ու պատմություն:
Այդ օրերի ապրումներն աննկարագրելի են: Առաջին անգամ հայտնվեցինք անելանելի վիճակում, հուսահատված ու հիասթափված: Լուր տարածեցին, որ Հակարիի կամուրջը բաց է և պետք է հեռանալ: Պաշտոնական հայտարարություն չկար և սկսվեց համատարած խուճապը: Բոլորը շտապում էին փրկվել: Օդում լուրեր էին պտտվում, որ անցակետը բաց կմնա ընդամենը 4-5 օր: Այդ օրերին դեռ չէի հասցրել գիտակցել, թե ինչ է կատարվում: Իրականության դառնությունը զգացի, երբ հայտնվեցի օդանավակայանում, որտեղ մարդիկ փորձում էին պաշտոնական մի խոսք լսել ու պաշտպանվել: Համոզվեցի, որ սա վերջն է, և մեզ ոչ ոք չի օգնի։ Մեզ թողել են ճակատագրի քմահաճույքին՝ անզեն, անպաշտպան, մինչև ատամները զինված թշնամու ճանկերում: Կասկած չկար՝ պետք է հեռանալ, քանի դեռ կա այդ հնարավորությունը: Մենք էլ բռնեցինք գաղթի ճանապարհը:
Սեպտեմբերի 25-ին, որպես նշխար, վերցրեցի հայրիկիս ձեռագիր օրագիրը Արցախյան շարժման մասին և Արցախ-Ղարաբաղ հանրագիտարանը, որի հեղինակը քեռիս՝ Սերգեյ Թեմուրի Սարգսյանն է: Ընդամենը մի ճամպրուկով կրտսեր աղջկաս ընտանիքի հետ ճանապարհ ընկանք Իվանյանից: Երանի տվեցի ծնողներիս, որ չեն տեսնում այդ ամենը: Անտեղյակ էի, թե մյուս երկու աղջիկներս ու քույրերս ինչ վիճակում են: Փեսաս, ով զինվորական սպա էր, լուռ վարում էր մեքենան: Երկու փեսաներս սպաներ էին՝ իրենց հայրերի ու եղբայրների հետ միասին Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ: Հիմա պետք է անցնեին թշնամու սրի տակով:
21-րդ դարի գաղթ․ կրիայի արագությամբ անցնում էր ժավտոմեքենաների, գյուղտեխնիկայի շարասյունը: Ուզում էի հավատալ, որ ժամանակավոր ենք հեռանում և պինդ պահում էի թե՛ Ստեփանակերտի բնակարանի, և թե՛ Իվանյանի տան բանալիները: Նոր Շենի մատույցներում էինք, երբ հասավ պայթյունի մասին բոթը: Ոչ մեկից լուր չունեի․ հարազատներս դեռ Ստեփանակերտում էին:
Հակարին անփորձանք անցանք: Թշնամին այնքան ոգևորված էր պայթյունի լուրից, որ ստուգումները հպանցիկ անցան: Սեպտեմբերի 26-ի առավոտյան հասանք Հայաստան: Շրջափակումից դուրս եկած փոքրիկ թոռներս քարացել էին խանութների առատությունից: Կամավորները հյուրասիրեցին քաղցրավենիքներով և յոգուրտով: Գորիսում մեզ դիմավորեց փեսայիս ընկերը և հյուրընկալեց իր տանը: Աստծո կամոք մենք բարի ու գթասիրտ մարդկանց ենք միշտ հանդիպել: Սկզբում բարեկամներիս մոտ էի բնակվում: Դուստրերս ընտանիքներով Հայաստանի տարբեր քաղաքներ էին հասել և տուն վարձակալել: Երախտագիտությամբ եմ հիշում տիկին Մարգարիտային և նրա ամուսնուն, ովքեր Վայքի հյուրանոցում երեք ամիս ապաստանել են ավագ դստերս ընտանիքին և շուրջ 40 արցախցու:
Արցախի տեղահանությունից երկու տարի է անցել։ Մարիետտա Շահնազարյանը մտաբերում է յուրաքանչյուր պահը, ուրախ և տխուր օրերը: Ամեն մի բառից ճմլվում է սիրտը։
-Արցախից հեռանալուց հետո իմացա, որ քույրս ամուսնու՝ Սարգիս Գալստյանի հետ կամավոր մնացել են Ստեփանակերտում: Ծանր ապրումներ ունեցա, վախենում էի նրանց համար: Գրեթե 40 տարի ճանաչելով Սարգիսին՝ ես երբեք չեմ կասկածել նրա հայրենասիրության և անբասիր լինելու մեջ: Համոզված էի, որ այդ քայլին դիմել է գիտակցաբար՝ հաստատ հիմնավորված դրդապատճառ ունենալով: Բայց դա մեկ առ մեկ բացատրել մարդկանց՝ կնշանակեր արդարանալ: Որոշեցի լռել և սպասել նրանց: Իրենց սև գործն արեցին լրագրողները, հանձինս Թաթուլ Հակոբյանի և ֆեյսբուքյան ամենաթողությանը: Ավելի հեշտ է սևացնել մարդու համբավը, քան նրան պաշտպան կանգնել: Ահաբեկված էին նրա մտերիմ ընկերները, հարազատներն ու բարեկամները:
Հայաստանում ես անհանգիստ ու անորոշ վիճակում էի: Արցախում՝ նույնիսկ ամենադժվար պահերին, զգոն և ամուր էի: Այնտեղ ես կայացած անձնավորություն էի, հանգիստ՝ իմ զավակների բարեկեցիկ կյանքի նկատմամբ: Վեց թոռներիս ապագան լրիվ տեսանելի էր ինձ համար, բայց մի քանի օրում այդ ամենը հօդս ցնդեց: Ես սովոր եմ դժվարությունները հաղթահարել: Միայնակ մեծացրել եմ երեք աղջիկներիս՝ տալով նրանց պատշաճ դաստիարակություն ու բարձրագույն կրթություն:
Ավագ դուստրս՝ Օլգան, անգլերենի մասնագետ է և աշխատում էր Իվանյանի դպրոցում։ Կրտսեր աղջկիս՝ Տաթևը, հոգեբան էր նույն դպրոցում։ Միջնեկ դուստրս՝ Թամարը, աշխատում էր ԱՀ ԿԳՄՍՆ ՆԶՊ բաժնում և Շիրակացու Ճեմարանում: Նրա ամուսինը երկար տարիներ դասախոսում էր ԱրՊՀ-ում:
Բարձրագույն կրթությամբ մասնագետները, սակայն, տեղ չգտան Մայր Հայաստանում: Մյուս կողմից էլ երկրում տիրող քաոսային վիճակն ու մասերի բաժանված հասարակությունը ստիպեցին հեռանալ Հայաստանից և հաստատվել Ռուսաստանում, որտեղ իմ եղբայրը օգնության ձեռք մեկնեց մեզ:
Փառք Աստծո, կարճ ժամանակում բոլորը սկսեցին աշխատել իրենց մասնագիտությամբ, իսկ թոռներս էլ՝ բարձր պահելով արցախցու պատիվը, ռուսական դպրոցներում լավ են սովորում՝ աչքի ընկնելով իրենց առաջադիմությամբ ու կարգապահությամբ:
Իհարկե, շատ դժվար է հայրենիքից դուրս ապրելը: Օտար միջավայրը երբեք չի կարող փոխարինել ընկերների ու բարեկամների ջերմ մթնոլորտին, հարազատ հող ու ջրին:
Հեռվից հետևում եմ Հայաստանի քաղաքական կյանքին: Նույն ըմբոստն եմ մնացել, նույն ընդդիմադիրը։ Իմ մտքերով հաճախակի եմ կիսվում սոցցանցերում, քանի որ դա իմ պայքարի միակ ձևն է: Եթե ինչ-որ կերպ կարողանում եմ վերափոխել մարդկանց մտածելակերպն արցախցու հանդեպ, թրքամետ խավի զանգվածից գոնե մեկին հասկացնել, թե ով է արցախցին ու ինչերի միջով է անցել, ապա դա հաղթանակ է ինձ համար։ Անարդար վերաբերմունքն ընդդիմադիրների նկատմամբ, հատկապես, Սարգիսի նկատմամբ, նրա ընկերների վերաբերմունքը տեսնելով, ավելի եմ հիասթափվում, քանզի արցախցիներիս լռությունը, պասսիվությունը և անտարբերությունը սեփական ճակատագրի նկատմամբ, հարիր չէ մեզ: Մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ոչ մի արցախցի չի ինտեգրվելու ադրբեջանցու հետ, Ալիևի իշխանության տակ չի ապրելու։ Պետք է հասկանալ, որ խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են արժանապատվորեն՝ թշնամուն ծնկի բերելով: Սա ժամանակավոր զինադադար է: Ինչպես հայրիկս կասեր՝ Արցախյան առաջին, երկրորդ և երրորդ պատերազմներ չկան, սա մի մեծ արցախյան պատերազմ է՝ կարճ զինադադարներով:
․․․Իսկ վերադարձ լինելու է․ ուղղակի միայն այն դեպքում, երբ թուրք չլինի իմ հայրենի Արցախում, երբ այնտեղ անվտանգության երաշխիք լինի: Իսկ դարավոր պատմությունը ցույց է տվել, որ թուրքին չպիտի հավատաս: Ատելությունը հայի հանդեպ նրա գենի մեջ է, այնինչ հայի գոյատևման գրավականը ինքնապահպանման հատկությունն է, հայրենասիրությամբ մինչև ողն ու ծուծը տոգորված գենով:
Վերադարձ լինելու է: Երանի նրանց, ովքեր կտեսնեն այդ վերադարձը: Երիցս երանի, ովքեր կմասնակցեն այդ վերադարձի իրականացմանն ու կարարեն հայկական Արցախում:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ