Մեզ հետ և մեր շուրջը կատարվող իրադարձությունների ֆոնին, ամեն օր ավելանում է հոգեսոմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնք հետագայում վերածվում են օրգանական հիվանդությունների: Արդյունքում, ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են հոգեբանի և հոգեբույժի դիմելու անհրաժեշտությունը։
Բռնի տեղահանումից հետո արցախցիները չեն կարողանում գտնել իրենց տեղը նոր հասարակությունում: Կորստի ցավը ամեն օր ուժգնանում է, մինչդեռ սոցիալական վիճակը վատանում է, և մարդիկ պարզապես չեն կարողանում հաղթահարել նման դժվար փորձությունները. նրանք արդեն ուժասպառ են և ի վիճակի չեն շարունակելու պայքարելը: Ցավն ու մելամաղձությունը հյուծում են հոգին։
Step1.am-ի հետ հարցազրույցում հոգեբան Վարդան Ասծատրյանը կիսվել է իր կարծիքով արցախցիների հոգեբանության վրա Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության վերաբերյալ:
«Արցախցիները ինձ դիմում են տարբեր հոգեբանական խնդիրներով։ Նրանց մեծ մասը տառապում է հետաձգված հետտրավմատիկ սթրեսային խանգարումից։ Սա ամենածանր ձևերից մեկն է, որը դրսևորվում է դեպքից 1-2 տարի անց։ Այս խանգարումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, ովքեր կորցնում են մայրական բնազդը, անտարբեր են դառնում, ընտանիքից հրաժարվելու ցանկություն են ունենում և այլն։ Շատերը, իմ օգնությամբ, հաջողությամբ հաղթահարել են այս խնդիրները և ապրում են լիարժեք կյանքով։
Ինձ դիմել են նույնիսկ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, որոնք նույնպես դուրս են եկել այս սարսափելի վիճակից։ Ես նաև աշխատել եմ արցախցի դեռահասների հետ, ովքեր պայքարում էին սթրեսի դեմ՝ խորապես չգիտակցելով հայրենիքի կորստը։ Նրանց համար դժվար էր հասկանալ, թե ինչպես կարելի է մարդուց խլել ամեն ինչ մեկ ակնթարթում. տունը, հայրենիքը և այլն։
Սթրեսի հետևանքով իմ արցախցի հայրենակիցներից շատերի մոտ զարգացել և վատթարացել են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, շաքարախտ, հոդերի խնդիրներ և այլն։
Սթրեսը էվոլյուցիայի շարժիչ ուժն է։ Մարդը կկարողանա՞ հաղթահարել այն, թե՞ ոչ, կախված է անհատից։ Ոմանք, հաղթահարելով սթրեսը, ավելի ուժեղ են դառնում, ինչպես դա տեղի է ունենում արցախցիների զգալի մասի դեպքում։ Մինչդեռ մյուսները չեն կարողանում հաղթահարել այս վիճակը և դառնում են այն հիվանդությունների զոհ, որոնց նկատմամբ նրանք գենետիկորեն նախատրամադրված են»։
Արսեն Աղաջանյան