Եթե Հայաստանը չի ընդունում Բաքվի պայմանը, “խաղաղություն” չի՞ լինի

  • 23:27 15.10.2025

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կրկին «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»: 

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Երևանում էր և լսել է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը մերժել Բաքվի վերոհիշյալ պայմանը։

Հայաստանը չի ընդունում Բաքվի պահանջը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ, ասել է Միրզոյանը Էլինա Վալտոնենի հետ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանը շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխություններ՝ դրանք դարձնելով խաղաղության պայմանագիր ստորագրելու պայման։ «Մենք չենք ընդունում այս նախապայմանը», – ընդգծել է Միրզոյանը։

Նման մերժումը կարող է նշանակել, որ “խաղաղության պայմանագիրը” կարող է չկնքվի, քանի որ Հայաստանը չի կատարի Բաքվի պայմանը։

Թեկուզ Միրզոյանը չի հերքել, որ Հայաստանը ինքը կարող է փոխել սեփական Սահմանադրությունը։

«Սահմանադրության փոփոխությունը կամ նորի ընդունումը բացառապես Հայաստանի ներքին գործն է, մեր ժողովրդի գործը։ Հայաստանը երբեք պարտավորություններ չի ստանձնել և չի մտադիրվում ստանձնել երրորդ կողմերի առջև Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ», – ընդգծել է նախարարը։

Այսինքն, Սահմանադրությունն այնուամենայնիվ կփոխվի․ ներկայիս Սահմանադրությունը, որը հղում է անում Անկախության հռչակագրին և 1989 թ․ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը, նույքան ատելի է ՀՀ կառավարության համար,որքան Բաքվի։