Նոստրադամուսի արև․ Արցախցիները հեգնում են ապագա ընտրությունները

  • 09:16 16.10.2025

Ծաղրանկարը Ալվարդ Գրիգորյանի

New Artsakh ֆեյսբուքյան էջը, որտեղ հիմնականում արցախցիներ են, հարցում է անում, թե ում կցանկանայիք ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել 2026-ին: 500-ի հասնող մեկնաբանություններից հասկանալի է դառնում մարդկանց տրամադրությունները:

Մեկնաբանություններից հետաքրքիր խճանկար է ստեղծվում: Մարդիկ կամ Սամվել Կարապետյանին են ցանկանում տեսնել այդ պաշտոնում, որը գերակշռող մասն է կազմում, կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ ասում են՝ ով ուզում է լինի, միայն թե Նիկոլ Փաշինյանը չլինի, հեգնում եւ հումոր են անում: Մեկնաբանություններից երեւում է նաեւ մարդկանց հիասթափությունը բոլորից:

Խմբում հարցը ձեւակերպվել է հետեւյալ կերպ.

Ո՞ւմ եք տեսնում որպես Հայաստանի վարչապետ 2026 թվականի ընտրություններից հետո

  1. Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»
  2. Սամվել Կարապետյանի թիմ / «Մեր ձևով» շարժում
  3. Ռոբերտ Քոչարյան / «Հայաստան» դաշինք
  4. Անդրանիկ Թևանյան / «Մայր Հայաստան» դաշինք
  5. Վարդան Ղուկասյան (Դոգ)
  6. Սերժ Սարգսյան (ՀՀԿ – Հանրապետական կուսակցություն)

Ներկայացնում ենք առավել ուշագրավ գրառումների մի կապոց:

Ոչ մեկին, բոլորը Նիկոլ սպասարկողներ են

Հասարակ ժողովրդի մասին մտածող վարչապետ, նոր, խղճով, բարի վարչապետ, բայց ոչ Փաշինյանը

Մարդը, ով գիտի Հայրենիքի ու Հողի արժեքը, ով պիտի տեր լինի երկրի զարգացմանն ու ապագային

Քոչարանին, եթե խոստանա, որ նույն սխալներն չի կչկնի

Վարդան Ղուկասյան (Դոգ), նա հետ կվերցնի Արցախը` համոզված եմ

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Նույնն են բոլորը

Մեր պապերին ու տատերինեն տանջամահ անելով սպանել են, հղի մայրերի փորը կտրել երեխուն հանել, ոչ՜ ազգի դավաճանին, ոչ՜ թուրքամոլին, ցեղասպանությունը ներեց նա

Խելքը գլխին մարդ չկա՞ր

Ելնեք վերև, իջնեք ցած, մեկ է, Նիկոլն է լինելու

Ով էլ լինի, մեկ է` իր բարեկամների համար է լինելու, մեզ ի՞նչ

Ժողովուրդ, ընտրեք կոմպետենտ, համարժեք, ուժեղ առաջնորդ, որը կխթանի երկրի տնտեսությունը, կստեղծի հզոր բանակ և սեփական ռազմական զինանոց, այլ ոչ թե Նիկոլի նման դավաճանի

Ալիեւն ինչ ասում, նա անում է, հենց այդպիսի ղեկավարի էլ դուք արժանի եք

Գուրգեն Սիմոնյան, Շնորհապետական կուսակցություն

Նա, ով կկարողանա իրոք մեր Արցախը և Հայաստանից զավթված մեր տարածքները և մեր անմեղ գերիներին հետ բերել

Ոչ մեկն էլ մի բանի պիտանի չեն, դրա համար ստիպված Դոկին

Ոչ մեկին, մենք այդ պաշտոնի համար պատրաստ մարդ չունենք

Փորձառու անձնավորություն, ով կկարողանա Հայաստանի շահը պաշտպանել աշխարհում հետեւաբար` Քոչարյան

Նոստրադամուսի արև` դեռ 2026-ի մարգարեության փաթեթը չի հաստատվել

Մենք բոլորի հետ ընկերներ կլինենք, բացի դաշնակցականներից։ Դաշնակցականները երկու կողմերի համար էլ ուռուցք են

Իհարկե Փաշինյան: Փաշինյանը ղեկավարելու է մինչեւ 2024 թվականը։

Ամփոփել է Մարութ Վանյանը