Արսենն այստեղ գրում է արցախահայերի հոգեբանական խնդիրների մասին, որոնց կարծես հպանցիկ են անդրադառնում մամուլում, ինչը մեծ հաշվով նորմալ է․ մեկը չի կարող զգալ մյուսի ատամի ցավը, ասում էր Կանտը: Հադրութեցիներն էլ ասում էին՝ մինչեւ մեր օրը չընկնեք, չեք հասկանա:
Առաջին տեղահանությանը ես ականատես եղա վաղ իննսունականներին, երբ շահումյանցիները մեր գյուղով, Վաղուհասով անցնում էին: Կովեր, ձիեր, էշեր բեռնած հասել էին մեր գյուղ: “Ես առանց թեյ չեմ կարողանում, բայց երկու օր է Թարթառից եմ ջուր խմում”, ասում էր մի շահումյանցի տարեց մարդ, երբ մեր գյուղի տանը թեյ էին հյուրասիրել նրան: Տեղացիները երեխաներին կոշիկ, շոր էին տալիս, գնում գաղթականների կովերը: Հետո շահումյանների մասին այդպես էլ “ոչնչին չիմացանք”: Միայն մարտակերտցիներն ասում էին, որ նրանք շատ հարուստ էին ապրում եւ սիրուն, մեծ տներ ունեին, ասում էին նաեւ, որ Ռուսաստան են գնացել եւ այնտեղ են հիմա հարուստ ապրում:
Երեսուն տարի անց ես դարձյալ շահումյանցու հանդիպեցի, բայց Խաչպար գյուղում: Մտել էի սուպերմարկետ, մի կին փողի հաստ կապոցից մանրս էր վերադարձնում: Նա սուպերմարկետի տերն էր: Բարբառից ես զգում էի, որ արցախցի է, բայց մի տեսակ ուրիշ ակցենտ կար, որ դասական Ղարաբաղի բարբառը չէր եւ չէր կարող 2023-ին Հայաստան եկած լիներ ու այս կարճ ժամանակում սուպերմարկետ բացել (չնայած այդպիսիներն էլ գտնվեցին): Դուք է՞լ եք ղարաբաղցի, հարցնում եմ ես: Շահումյանցի եմ… Ժպիտ չէր, պարզ էլ չէր, թե ինչ արտահայտություն էր կնոջ դեմքին, բայց կարծես ասում էր, դեռ երկար ու դժվար “ինտեգրման” ճանապարհ ունեք անցնելու:
Թե ինչ է նշանակում փախստական դառնալ, արդեն գիտակից տարիքում, 2020թ. ականատես եղա, երբ ինքս էլ արդեն կիսով չափ փախստական էի դարձել եւ գոնե կիսով չափ կարող էի հասկանալ: Մի իտալացի լրագրողի հետ, ով արցախցի փախստականների թեմայով էր հետաքրքրված, Բուժական էինք գնացել: Ճարտարեցի մի տարեց մարդ սովետական սանատորիայի ճաշարանում ինչ-որ սուպ էր ուտում, որի ջուրը մի տեղեով էր փախած, յուղը` մի, ինչպես արցախցիներն են նկարագրում անհամ պատրաստած ճաշը: Զգացվում էր, որ մարդը ներվային է, գթալը բերանն է տանում, զանգ է գալիս, ջղայնանում է, թե հեռախոսի, թե զանգողի եւ թե սուպի վրա: “Սա լա՞փ է, որ դրել են դեմս”, գթալը թողնում է ափսեյի մեջ ու ասում. “ավելի լավ է գնանք”:
“Սանատորիայում” պայմաններն ահավոր էին, սոխի ու կաղամբի հոտը միախառնվել էին խոնավության ու բորբոսի հոտին: “Գյուղապետն ասել է, որ այլեւս չեն կարողանալու հոսանքի համար փոխհատուցել, ինչը նշանակում է, որ մենք պետք է դուրս գանք այստեղից”, ասում էր հադրութեցի մի կին, ով այդտեղ էր ապրում իր շուշեցի ճակատագրակցի հետ:
Ճարտարեցի տղամարդն իմանալով, որ մենք հետ Երեւան ենք գնալու, ակնարկեց, որ կարող է մեզ տանել եւ փողը, որ տաքսուն ենք տալու, իրեն վճարենք: Իտալացին բնականաբար ուրախ էր ինչ-որ բանով օգտակար լինել նրան, սակայն մեր օգնությունը տեղ չհասավ: Դեպի Երեւան ճանապարհին նա խփեց մեքենան: Դեռ սուպն ուտելիս, զգացվում էր, որ նա շատ նյարդային է, ինչն էլ վթարի պատճառ դարձավ: Վեճի ժամանակ ճարտարեցին ավելի էր ջղայնանում, ասես ավելի շատ ինքն իր վրա, որ չի կարողանում գրական հայերենով բացատրել, որ ինքը չէ խախտում կատարել: Ես ու իտալացին շվարած սպասում էինք: Ինչեւէ, նա մեքենայի վանդակացանցը բեռնախցիկ նետեց եւ մենք շարունակեցինք ճանապարհը:
2020թ. հետո ահագին ժամանակ կար, հասկանալու համար, թե ինչ է կատարվում փախստականի հոգեկան առողջության հետ: Հադրութեցիները լավ կհիշեն ձրի ավտոբուսները, որ Ստեփանակերտի ստադիոնի մոտից Երեւան էին մեկնում: Հերիք էր այնտեղ տաս րոպե կանգնել, հենց կանգնել, քանի որ նստարան էլ չէին դնում, եւ նրանք արեւից հալվում էին մինչեւ կեսօր, քանի որ առավոտից անհրաժեշտ էր լինում “հերթ բռնել”: Այստեղ էլ մի հադրութեցի աղջիկ էր վիճում ստեփանակերտցիների հետ․ “առեւտուր անելու ժամանա՞կ եք գտել, չե՞ք կարողանում ուրիշ տրանսպորտով Երեւան գնալ, սա ձե՞զ համար է”, անզորությունից մեկ լացում, մեկ ուժ էր հավաքում “պայքարը” շարունակելու համար:
Վարձակալության նույն “բիզնեսը” Ստեփանակերտում էր աճել և այսօր շարունկվում է Հայաստանում: Լավ առիթ էր ստեղծվել տարիներ դատարկ մնացած հին խրյուշովկան վարձով տալու համար: Այնպիսիներն էլ կային, որ պարզապես ձրի էին առաջարկում իրենց բնակարանը, ինչպես այսօր Հայաստանում:
Արցախցիների սոցիալական խնդիրներ, բնակարանային ծրագիր, 40+10, ինտեգրում, աշխատանք, քույրեր եւ եղբայրներ, կարդում-լսում ենք ամեն օր: Այս խնդիրներ իրոք կան եւ հրատապ են, բայց արդյո՞ք այս ամենը չորս պատի ու կտուրի մասին է: Չկա հոգեկան առողջություն` ոչինչ չկա, կարդում եմ Կարմիր Խաչի թվիթը:
Step1-ն էլ արդեն գրել է արցախցիների շրջանում տարեցների մահերի աճի մասին: Ո՞ր հոգեբանը կարող է “խաբել” տարիքն առած մարդուն (քաֆթառ շանը քուչիքուչի չըն անել, ասում էր տատս), ավելի լա՞վ չէ լուռ մեռնել, քան բացատրել, թե ինչ է կատարվում իմ հետ, երեւի ասում են նրանք:
Մասիսում ես արցախցի տեղահանվածների եմ հանդիպել, որոնց համար Ֆրանսիայի աջակցությամբ կացարաններ են տրամադրել, որը համեստ հյուրանոցային պայմաններ ունի, բայց մեկ է, մարդիկ երջանիկ չեն զգում եւ իրենց տունն են ուզում: Կարելի է շքեղ հյուրանոցում էլ դժբախտ լինել: Կարելի է առավոտյան հայելու մեջ նայել եւ ասել. “բարի լույս, փախստական, էլի՞ դու, որքա՞ն ես այստեղ ապրելու”: Վերադարձ, սեփականության իրավունք, կադաստրի թուղթ, քաղաքացիություն, անձնագրի կոդ, տնավորվել, ի՞նչ հեշտ լուծումներ են գտել իրավաբաններն ու քաղաքագետները ամեն ինչ քողարկելու համար:
Բոլոր փիլիսոփաները, հոգեբանները դեռ հին Հռոմից մինչեւ Հունաստան գրել են մարդու երջանկության մասին: Արցախցիները տո՞ւն են կորցրել, թե՞ իրենց երջանկությունը: “Քո երջանկությունը կախված է քո մտքերից”, ասում են ստոիկները: Ի՞նչ կա արցախցիների մտքերում:
Մարութ Վանյան
Լուսանկարներ. Բուժական 2020թ.