Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով տուժած հայ վարորդները շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր նրանք դարձյալ կառավարության շենքի մոտ պահանջեցին լուծում տալ իրենց խնդրին՝ սպառնալով փակել մաքսակետերն եւ ճանապարհները։
Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն օրերս ահազանգել էր, որ բազմաթիվ հայ վարորդներ 3-10 տարի մուտքի արգելքի մասին ծանուցումներ են ստացել Ռուսաստանում։ Պատճառն այն է, որ նրանք օրենքով նախատեսված 90 օրից ավելի են մնացել ՌԴ տարածքում։ Նախկին օրենսդրությամբ ոչ վիզային երկրների քաղաքացիները, եթե ՌԴ էին մեկնում չաշխատելու նպատակով, տարվա ընթացքում իրավունք ունեին 180 օր գտնվել ՌԴ տարածքում։ Հիմա այդ ժամկետը կրճատվել եւ սահմանվել է 90 օր։ Հայկական բեռնատարների վարորդները դժգոհում են, որ այդ ժամկետը քիչ է, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ իրենք ստիպված են լինում օրերով հերթի մեջ գտվել Վերին Լարսի անցակետում։
Թեպետ օրենքի խստացումն ուժի մեջ էր մտել այս տարվա հունվարից, սակայն, Տաթեւիկ Բեժանյանն ասել էր, որ մինչ այս տարվա սեպտեմբեր ամիսը ռուս իրավապահների կողմից լոյալ վերաբերմունք էր ցուցաբերվում, սակայն սեպտեմբերից արդեն բավական խիստ մոտեցում է դրսեւորվում։ Բազմաթիվ ահազանգեր կան, որ մարդիկ մուտքի արգելք են ստացել։ Սահմանապահները թույլ են տալիս քաղաքացուն մուտք գործել ՌԴ, եթե նույնիսկ 90 օրվա ժամկետն անցել է, սակայն երկրի ՌԴ տարածքում արդեն ոստիկանները խիստ վերահսկողություն են կատարում ու ենթարկում պատասխանատվության։
Վարորդներից Վահան Արշակյանն այսօր լրագրողներին ասաց, որ 90 օրը գերազանցելու համար իրեն ու հորը 5 տարով զրկել են ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ «Ընդհանուր 104 օր ենք գտնվել ՌԴ-ում, 14 օր գերազանցել ենք, քարտիս վրա արգելք էին դրել, գնացի, որ իմանայի՝ ինչն է խնդիրը, այդ օրն էլ իմացել եմ։ Հետո հայրս գնացել էր, հետ էին ուղարկել, ասել էին՝ 5 տարով փակ է ձեր ճանապարհը»,- ասաց նա։
Վարորդներից մեկն էլ նշեց, որ իրենց սկզբում ասել են, թե այդ սահմանափակումն իրենց չի վերաբերում։ «Մեզ ասում էին՝ դուք տրանզիտ մտնում, դուրս եք գալիս, դա ձեզ չի վերաբերում, բայց պարզվում է՝ վերաբերում է մեզ»,- ասաց նա։
Վարորդներից Մուշեղ Ասլանյանն էլ ասաց․ «36 տարվա վարորդ եմ, հիմա տանս պարապ-սարապ նստած եմ, դատարանով ինձ տարել դատել են, մեղավոր են ճանաչել՝ շտրաֆ են դրել ու 5 տարով արգելք սահմանել»։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր վարորդներին ասաց, թե կառավարությունը զբաղվում է այդ հարցով։ Բայց վարորդներին այս պատասխանը չի գոհացնում։ «Մեզ ժամկետ ասեք՝ ինչքան ժամանակից է այդ հարցին լուծում լինելու, մեզ պետք է ռեալ պատասխան տաք»,- նշեցին նրանք։