ԵԱՀԿ նիստին ներկայացվել է արցախցիների իրավունքների հրատապ պաշտպանության անհրաժեշտությունը

  • 18:04 16.10.2025

Հոկտեմբերի 6-ից 17-ը Վարշավայում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ մասնակից երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։

“Հոկտեմբերի 14-ին ռասայական խտրականության դեմ պայքարի և հանդուրժողականությանը նվիրված նիստին պատմական գիտությունների թեկնածու, մշակույթի իրավունքի փորձագետ Արմինե Տիգրանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Արցախից Ադրբեջանի պատերազմական հանցանքների հետևանքով բռնի տեղահանված շուրջ 150 հազար հայերի իրավունքների հրատապ պաշտպանության, Ադրբեջանի կողմից ռասայական ատելության հիմքով հայկական պատմական հուշարձանների ոչնչացման, հայ ժողովրդի համայնքային կյանքի կազմաքանդման և ինքնությանը հասցված ծանր վնասների հետ կապված փաստեր։

Տիգրանյանը նշել է, որ հումանիտար խորը ճգնաժամի հետ մեկտեղ, հարկ է ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի մշակույթի իրավունքի խախտումներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ֊ի համապատասխան դաշնագրերում։

Նա ադրբեջանական ընդգրկուն պատվիրակության ներկայությամբ միջազգային բարձր ամբիոնից  բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության դրսևորումների, բռնությունների, Արցախի հայկական լանդշաֆտի իսլամացման խնդիրները և նշել, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից արդեն իսկ դատապարտված մարդկության դեմ այս ծանր հանցագործությունները պետք է արժանանան միջազգային համապատասխան գնահատականի և կանխվեն, պետք է ապահովվի արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը դեպի իրենց պատմական հայրենիք”, հաղորդում է Panorama.am-ը

Միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ անդամ պետությունների պարտվիրակություններ: Քննարկվում են տարածաշրջանում առկա զարգացումները և դրանց հետևանքները, ինչպես նաև Հելսինկիի սկզբունքների պարտավորությունների շարունակական կարևորությունը տարածաշրջանի ընդհանուր անվտանգության համար: