
Հռոմի պապ Լևոն XIV-ը անընդունելի է համարել սովի օգտագործումը որպես զենք հակամարտության ժամանակ։ «Ընթացիկ հակամարտության սցենարներում մենք տեսնում ենք սովի օգտագործումը որպես զենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ընդունված այն գաղափարը, որ սովի մատնումը պատերազմական հանցագործություն է, ավելի ու ավելի է մոռացվում», – ասել է պապը՝ հղում անելով միջազգային իրավունքին։
Գազայում սովամահ եղած երեխաների պատկերները տարածվել են ամբողջ աշխարհում՝ առաջացնելով Իսրայելի դեմ տրամադրությունների ալիք ամբողջ աշխարհում։ Այս ալիքը դարձել է այնքան հզոր և վտանգավոր ներկայիս աշխարհակարգի համար, որը պաշտոնապես կոչվում է քրիստոնյա-հրեական, որ Թրամփը որոշել է դադարեցնել պատերազմը և ապաշրջափակել Գազան։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախ տանող միակ ճանապարհը փակվել է՝ տասնյակ հազարավոր մարդկանց դատապարտելով սովի։ Դատարկ խանութների և հացի հերթերի պատկերները տարածվել են ամբողջ աշխարհում, բայց դրանք չեն առաջացրել վրդովմունք առ այն, որ սովն օգտագործվում է որպես զենք։ Դրանք հանգեցրել են Ակնայից ճանապարհը բացելու և Արցախի մեծ մասը գրաված Ադրբեջանից օգնություն ստանալու, ենթարվելու, սեփական ինքնությունից հրաժարվելու կոչերի։
Նույն կոչով հանդես էին գալիս ռուս «խաղաղապահները», որոնց պահեստները Ստեփանակերտի օդանավակայանի բազայում լի էին ամեն տեսակի սննդամթերքով։ Նրանք հաճույքով վաճառում էին այն չափազանց բարձր գներով (մի օր պետք է հաշվարկել, թե որքան են վաստակել ռուս զինվորականները Արցախում սովից)։
Սա պահանջում էին նաև Երևանի իշխանությունները, որոնք այդպիսով փորձում էին ազատվել Արցախում ապրող 150,000 ՀՀ քաղաքացիների ճակատագրի համար պատասխանատվությունից։
Բերձորի միջանցքը փակվեց 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում հրապարակված հայտարարությունից երկու ամիս անց։ Այդ հայտարարությունով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց Արցախից՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այս հայտարարության «կնքահայր» Մակրոնի կառավարությունը որևէ քաղաքական քայլ չարեց սովի որպես զենք օգտագործումը կանխելու համար։ Ֆրանսիական քաղաքների քաղաքապետերը Կոռնիձոր ժամանեցին դեռևս 2023 թվականի օգոստոսին՝ փորձելով ապահովել միջանցքի բացումը, բայց ապարդյուն։
Կրակը, որի մեջ համաշխարհային իստեբլիշմենթը Արցախն ու Հայաստանը նետել է որպես սրբազան զոհաբերություններ, կլանում է աշխարհը և ոչ մեկին չի խնայի։