«Կարեւոր է լինել Սյունիքում եւ հանդիպել մարդկանց հետ, ովքեր եկել են Լեռնային Ղարաբաղից, նրանց, ովքեր նոր տուն են գտել Հայաստանում»

  • 13:32 17.10.2025

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը եւ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Սյունիքի մարզ՝ ծանոթանալու «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ընթացքին։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն երկար ժամանակահատված է, ինչ խաղաղ է, ինչը հույս է տալիս, որ հնարավոր է հասնել խաղաղության։

«Գերմանիայի կառավարությունը շատ ակտիվ ներգրավված է եղել խաղաղության բանակցություններում։ Բեռլինում հանդիպումներ ենք կազմակերպել, ծառայություններ ենք մատուցել, որոնց համար Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները շատ երախտապարտ են եղել, իսկ հիմա պետք է դեպի ապագա նայենք եւ տեսնենք, թե հաջորդ քայլերը որոնք են»,- ասել է Գերմանիայի դեսպանը։

Անդրադառնալով արցախցիների մասին հարցին՝ նա ասել է․ «Կարեւոր է լինել Սյունիքում եւ հանդիպել մարդկանց հետ, ովքեր եկել են Լեռնային Ղարաբաղից, նրանց, ովքեր նոր տուն են գտել Հայաստանում»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ լրագրողներին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել՝ աջակցելու այս նախաձեռնություններին եւ այս տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը։ Մենք պատրաստ ենք օգտագործել մեր գործիքները ոչ միայն ձեր նշած նախագծի համատեքստում, այլեւ «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռեւս երկու տարի առաջ։ Եվրոպական միությունը մշտապես եւ հետեւողականորեն աջակցել է խաղաղությանը այս տարածաշրջանում, եւ մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունը գալիս է»,- ասել է Մարագոսը։

«Մենք այստեղ չենք միայն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք այստեղ ենք՝ ձեզ հետ ուս-ուսի կանգնելու, որպեսզի օգնենք Հայաստանին՝ դառնալու ավելի դիմակայուն, ավելի անկախ, ավելի ինքնիշխան։ Եվրամիության դիտորդական առաքելությունը դեռեւս այստեղ է եւ մեծ աջակցություն է ցուցաբերել, ցույց է տվել ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության համար»,- նշել է Մարագոսը։

Եվրամիությունը կմասնակցի՞ «Թրամփի ուղի» նախագծին հարցին՝ Մարագոսը պատասխանել է․ «Եվրամիությունը պատրաստ է մասնակցել այս տարածաշրջանում իրականացվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, եւ մենք կապի մեջ ենք Հայաստանի կառավարության, ինչպես նաե այլ գործընկերների հետ»։

Ինչ վերաբերում է այս նախագծերի վերաբերյալ հնարավոր ժամանակացույցին կամ վերջնաժամկետներին, ԵՄ դեսպանը նշեց. «Սա, ինչպես միշտ, շատ կախված է նախագծերի հասունությունից: Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, ինչպես նաև այլ գործընկերների հետ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ։ Մենք շարունակելու ենք համագործակցել Հայաստանի հետ, երկրում գործող ընկերությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք իրականացնել եւ օգնել կարողությունների զարգացման հարցում, որը նույնպես շատ անհրաժեշտ է լինելու՝ ավելի շատ երթևեկություն ապահովելու համար, որն անցնելու է Հայաստանով»։

Լրագրողները նաեւ հարց են ուղել ԵՄ դեսպանին այն մասին, թե Եվրամիության 2,5 մլրդ եվրո աջակցությունը ի՞նչ փուլում է, որ համայնքներում ու ոլորտներում է ներդրվել։

«Դրանք նախագծեր են, որոնք արդեն իրագործված են կամ իրագործման փուլում են։ Օրինակ՝ Սիսիան-Քաջարան մայրուղին, այդ թվում՝ թունելի կառուցումը այս նախաձեռնության մի մասն է: Սրանք բոլորը ներդրումներ են, որոնք մենք իրականացնում ենք ԵՄ բյուջեից, ՀՀ կառավարության կողմից վերցված վարկերից, ինչպես նաեւ «Թիմ Եվրոպա» ծրագրի շրջանակներում։ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունն է, որի շրջանակներում էլ իրականացվում է այս շրջայցը։ Բայց դուք այս 2.5 միլիարդի մեջ կտեսնեք նաեւ «Կանաչ Երևան» նախաձեռնությունը՝ 87 ավտոբուսները, ավելի քան 50 մանկապարտեզները Երեւանում, որոնք վերանորոգվել են, ինչպես նաեւ ներդրումները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի կապի արդիականացման համար»,- ասել է նա: