Արցախցիների՝ Հայաստանում ինտեգրվելու մասին թեզը կեղծ թեզ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե արցախցիները պետք է ինտեգրվեն Հայաստանում, քանի որ վերադարձի հնարավորություն չկա։
«Եթե ինտեգրացիայի խնդիր լիներ, 1988 թվականը չէր լինի։ Մենք բաժանված լինելով՝ միշտ մեր կապը պահպանել ենք։ Դեզինտեգրացիայի թեզը գալիս է այն ուժերից, որոնք շահարկում են «070» անձնագրի կոդը, հակաարցախյան քարոզ են անում եւ ակնհայտ սահմանափակումներ են դնում արցախցիների համար»,- ասաց Կարաբեկյանը։
Նա նշեց, որ թեկուզ Արցախը Հայաստանից առանձին էր, չճանաչված, բայց 33 տարիների ընթացքում Արցախը տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին մասնակցում էր Հայաստանի միջով։
«Ես՝ որպես դասախոս, հիշում եմ, որ երբ հարցնում էին՝ դուք ինչո՞ւ եք Բոլոնյան համակարգին անցնել, պատասխանը մեկն էր՝ որովհետեւ Հայաստանն անցում է կատարել այդ համակարգին։ Հիմա պատասխանատվությունից խուսափելու համար ասում են՝ տարբեր հասարակություններ են, պետք է ինտեգրվեք։ Հիմա շատերի Աստվածը փողն է, իրենք եւ եկեղեցին են հալածում, եւ դպրոցից ազգային ու հայեցի ծրագրերն են հանում։ Եթե ինտեգրված չէինք, ինչո՞ւ էր մեզ մոտ հայկական դրամը։
Երկրորդը՝ միջազգային դիվանագիտությունն ուղղորդված էր դեպի ՀՀ, Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն ասում էր, որ ՀՀ-ն տիրապետում է Արցախի հիմնախնդրին եւ կարող է ներկայացնել եւ Հայաստանի, եւ Արցախի շահերը։ Դա 2004-2005 թվականներն էին։
Երրորդ ատրիբուտը զինված ուժերն էին։ Հիմա ո՞նց է հնարավոր, որ կարեւոր ոլորտները, որոնք ինտեգրված էին, հանկարծ բաժանվեն։ Հանկարծ պարզվի, որ 33 տարի միացած չէինք, ինտեգրված չէինք։ Միայն նրա համար, որ 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը չընկնի Փաշինյանի վրա, ասում են՝ Ղարաբաղը առանձի՞ն էր։ Ոչ, միասին են եղել։
Ո՞նց է հնարավոր, որ մեկ ժողովուրդ լինի, բայց ֆինանսական, ռազմական, հոգեւոր, մշակութային առումով ինտեգրումը չլինի։ Այդ ինտեգրացիան գլխավոր ուղղություններում միշտ եղել է։
Խոչընդոտն իրականում հենց այն մարդկանց պատճառով է, որոնք գիշեր-ցերեկ հայ ազգի հատվածների մեջ կեղծ օրակարգեր են ստեղծում ու թշնամիներ են հորինում։ Կամ, օրինակ, ասում են՝ ղարաբաղյան կլան։ Եղբայր, ղարաբաղյան կլանն է քեզ իշխանության բերել, եւ հիմա դու փորձում ես այդ ժողովրդից վրեժ լուծել։
Այսինքն՝ ինտեգրցիայի քողի տակ կրկնակի ստանդարտներ են կիրառվում, կեղծ օրակարգ է մեջտեղ բերվում, թե Հայաստանը փողն ուղարկում էր Ղարաբաղ, Ղարաբաղը պրոբլեմներ էր ստեղծում։ Լավ, հիմա մենք չկանք, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքե՞լ է կամ էլ Հայաստանի նկատմամբ ավելի բարեկամական տրամադրությո՞ւն ունի։ Ո՞րն է բարեկամության նշանը, որ Փաշինյանը սուրճ է բերե՞լ Ալիեւի համար»,- նշեց Կարաբեկյանը։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հնարավորությանը՝ Դավիթ Կարաբեկյանն ասաց, որ այս իշխանությունների համար դա անհնար է, որովհետեւ իրենք դրանով արդարացնում են Արցախը հանձնելը։ «Եթե իրենք ինքնուրույն լինեն, հասկանալի է, բայց իրենք այն քաղաքական պատվերի շրջանակներում են գործում, որն իջեցված է նրանց պատվիրատուների կողմից։ Ագենտը ասում ու անում է այն, ինչ իրեն պատվիրված է։ Իսկ արցախցիների վերադարձ, ըստ իս, լինելու է, այդ հարցը երբեք օրակարգից չի հանվել։ Ավելի հզոր գործընթացներ կան, մեր հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ երբ մեկը փորձել է մեզ արանքից հանել, մեր խնդիրը փակել, ինքն իր ընտանիքի ու դինաստիայի գլխին փորձություններ է բերել»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան