Ցավոք սրտի, սա ավելին շատ նման է անձնական հարցերի լուծման, քան իրավապաշտպանության

  • 22:11 17.10.2025

«Ժողովրդավարության բաստիոնում այսօր իրավապաշտպանների կարիքն ավելի շատ կա, քան կարելի է պատկերացնել։ Սա անպատկերացնելի իրավիճակ է՝ մարդիկ հայտարարում են, թե գնում են դեպի Եվրոպա, թե ստեղծել են ժողովրդավարության բաստիոն, բայց արդյունքում՝ այսօր իրավապաշտպանների կարիքը շատ ավելի է զգացվում։ Ինչ-որ դիսոնանս կա, ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը սուտ է խոսում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԺԱՐ սահմանադրական շարժուման համահիմնադիր, նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ավելի վաղ Նինա Կարապետյանցը հայտարարել էր, որ դադարեցնում է իրավապաշտպան գործունեությունը, այնուհետեւ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց իրավապաշտպանությունը դադարեցնելու եւ քաղաքականություն մուտք գործելու մասին։ Նինա Կարապետյանցն ասել էր, որ Հայաստանում իրավապաշտպանությունը լուրջ հետընթաց է ապրում։

Մեր հարցին, թե ինչո՞ւ են պասիվ իրավապաշտպանները, ի՞նչ է կատարվում, Կարապետյանցը պատասխանեց, կար ժամանակ, երբ կային քաղհասարակության եւ իրավապաշտպանության հայրերը, բայց, ցավոք սրտի, իրենց մեծ մասն այլեւս ողջ չեն։

«Եվ մնացած դաշտը կարծես որոշեց, որ կարելի է թուլանալ եւ զբաղվել գործերով, որոնք այս պահին գուցե այդքան էլ արդիական չեն։ Շղարշ ու տպավորություն են ստեղծում, թե շատ բուռն աշխատանքով են զբաղված, ինչը նաեւ իրենց բարեկեցությունն է ապահվում։ Ավելին, իրենք փորձում են ցույց տալ, որ իրենց մի մասը շատ կառուցողական են, այսինքն՝ անունն են դրել կառուցողական եւ այս իշխանությունների հետ սերտ համագործակցություն են ապահովում։ Ցավոք սրտի, սա ավելին շատ նման է անձնական հարցերի լուծման, քան իրավապաշտպանության կամ քաղհասարակության իրական ֆունկցիաների իրականացման։ Դա է պատճառը, որ ես դադարեցրել եմ իրավապաշտպան գործունեությունը եւ հասկացել, որ խնդիրը շատ ավելի խորքային է, այդ թվում՝ նաեւ քաղհասարակության խնդիրները լուծելու համար, այսինքն՝ զտելու, յուրահատուկ լյուստրացիա իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ քաղաքական գործնթացներ։ Այնպես որ, սպասեք գործընթացների, այդ թվում՝ նախկին գործընկերները, որովհետեւ չի կարող իրավապաշտպան ներկայացող մարդը փաստացի դառնալ օրվա իշխանության պրոպագանդիստը։ Դա անթույլատրելի է, հակաքաղհասարակական գործունեություն է, եթե  չասեմ, որ դա բարոյականությունից դուրս է»,- ասաց նա։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ բոլոր երկրերում քաղհասարակությունն իշխանություններին զսպելու միջոց ու հնարավորություն է, բայց մեզ մոտ քաղհասարակության մի մասն ուղիղ լծվել է իշխանությանը փառաբանելու, իշխանության հակասահմանադրական գործողություններն արդարացնելու գործին։

«Սա քաղհասարակություն չէ։ Այնպես չէ, որ բոլորն են այդպիսին, բազմաթիվ մարդիկ կան, ովքեր շատ ազնիվ նվիրյալներ են, մնացել են իրեցն դիրքում, բայց  մեծ մասը․․․ ուղղակի ամոթ իրենց»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան