Թրամփը Զելենսկուն ասել է, որ ավելի լավ կլինի առանց «Տոմահավկների» հարցը լուժել

  • 23:20 17.10.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի նոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Ուկրաինային խորը հարվածներ հասցնել Ռուսաստանին: «Մենք դա կքննարկենք», – ասել է Թրամփը հոկտեմբերի 17-ին, ուրբաթ, Սպիտակ տանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք այդ թեման կբարձրացվի Ուկրաինայի առաջնորդի հետ ավելի ուշ սկսվող բանակցությունների ժամանակ։

«Այո, դա այն բանն է, որը մենք կքննարկենք: Սա սրացում է, բայց մենք դա կքննարկենք»: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել առանց «Տոմահավկ» հրթիռների կիրառման: Նա ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի զիջել տարածքներ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, նշելով, որ պատերազմները անկանխատեսելի են։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել հազարավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ «Տոմահավկ» թևավոր հրթիռների դիմաց: Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ինքը «Տոմահավկերի» և այլ հրթիռների կարիքն ունի, բայց ասել է, որ պատրաստ է քննարկել Զելենսկու առաջարկը։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Մոսկվան միջուկային հարված կհասցնի Ուկրաինայի կողմից «Տոմահավկ» հրթիռներով հնարավոր հարձակման դեպքում: «Նույնիսկ ոչ մասնագետը հասկանում է, որ սա [ամերիկյան «Տոմահավկ»-ների Կիևին փոխանցումը] ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ: Որովհետև, երբ միջուկային տերության ուղղությամբ թռչում է միջուկային մարտագլխիկ կրող հրթիռ, պատասխանը կլինի լիովին ակնհայտ: Այն կլինի միջուկային», – հայտարարել է սենատորը «Վմեստե-ՌՖ» հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. նրա խոսքով՝ «անհնար է տարբերակել, «Տոմահավկ»-ները միջուկային գլխիկ ունեն թե ոչ», և որ նման հրթիռների արձակումը, եթե դա տեղի ունենա, կիրականացվի ոչ թե Ուկրաինայի, այլ Միացյալ Նահանգների կողմից: