Թրամփ. «Սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով»։ Եվրոպան միայն մեկ հնարավորություն ունի՝ Արցախ

  • 11:13 18.10.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր և ջերմ էր, բայց ես նրան ասացի, ինչպես որ խստորեն խորհուրդ էի տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Բավական է արյուն թափվել, սեփականության սահմանները որոշվում են Պատերազմով և Կամքի ուժով։ Դրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն, թող պատմությունը դատի։ Ավելի կրակոցներ, ավելի մահեր, ավելի զանգվածային և անկայուն ծախսեր պետք չեն։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ մահանում են. ԲԱՎԱԿԱՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄՈՏ»,- նշել է Թրամփը։

Այս հայտարարությունը բացահայտում է բանակցվող սահմանը՝ կանգ առն՞լ ներկայիս առաջնագծում, թե՞ Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջի Դոնեցկի շրջանի իր վերահսկողության տակ մնացած մասերը։ Ուկրաինայի ամբողջության վերականգնումը Մակրոնի և Փաշինյանի սիրված «Ալմա-Աթայի հռչակագրի» շրջանակներում այլևս քննարկման առարկա չէ։

Թրամփի հայտարարությունը ենթադրում է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Դոնբասի մի մասի նկատմամբ հետագա պահանջներից, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնվել Ռուսաստանի կողմից արդեն օկուպացված տարածքների կորստին։

Թրամփի հետ զրույցից հետո Զելենսկին զանգահարեց եվրոպացի առաջնորդներին, քանի որ Թրամփի «առաջարկը» Ուկրաինային, ըստ էության, առաջարկ է Եվրոպային: Թրամփի «սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով» սկզբունքը նշանակում է ներկայիս աշխարհակարգի փլուզում, հատկապես եվրոպական մայրցամաքում և Մերձավոր Արևելքում։

Այս սկզբունքի Եվրոպայի կողմից լուռ ընդունումը և ուժի կիրառման նկատմամբ նրա թողտվությունը, մասնավորապես՝ Արցախյան հարցի շուրջ, անխուսափելիորեն պետք է հանգեցններ այնպիսի իրավիճակի, երբ հարցականի տակ կդրվեն Եվրամիության սահմանները: Կասկած չկա, որ այս սկզբունքից ոգեշնչված՝ Պուտինը, Էրդողանը և Եվրոպայի մյուս «բարեկամները» ԵՄ-ից կպոեն որքան հնարավոր է շատ տարածք, իսկ Թրամփը թագը գլխին կօրինականացնի այն:

Եվրոպան միայն մեկ հնարավորություն ունի՝ վերադառնալու Արցախի հիմնական հարցին, որը սկիզբ դրեց «օրենքի ուժի» օրինականացմանը։ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Եվրոպային հնարավորություն է տալիս միայնակ պաշտպանել «օրենքի ուժի» սկզբունքը։

Սակայն առայժմ Եվրոպան նախընտրում է պատրաստվել խոշոր, մարտավարական միջուկային պատերազմի և սահմանների նոր վերաձևավորման։ Գերմանիան վերսկսում է ընդհանուր զորահավաքը, Ֆինլանդիան բոլորի համար պատրաստում է ռումբապաստարաններ, իսկ Հունգարիան գծում է նոր կայսրության քարտեզներ, որոնք հասնում են մինչև Վիեննայի պատերը։