Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ DW-ին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
“Ադրբեջանական կողմը, ցավոք, առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ։ Մենք համաձայն չենք դրա հետ. մենք ունենք հակափաստարկներ։ Սակայն նրանք կարծում են, որ մեր Սահմանադրության հետ կապված խնդիր կա. սա նրանց տեսակետն է։
Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ. մենք քաղաքական հայտարարություն ենք արել”,ասել է Արարատ Միրզոյանը։
“ՀՀ Սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Բայց նոր Սահմանադրություն մշակող Հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը, և մենք, ամենայն հավանականությամբ, այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք պատրաստ ենք անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Միրզոյանը։
Միրզոյանը փաստորեն ոչ թե մերժում է Բաքվի պայմանն, այլ ասում է, որ իշխող ուժը 2018-ից ինքն էր պատրաստվում Սահմանադրություն փոխել։ Խոսքն ակնհայտ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղման մասին է, որտեղ որպես անկախության հիմք է ընդունվում Արցախի և Հայաստանի միավորման մասին 1989 թ․ որոշումը։
Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում այս որոշումը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ։ Ավելին՝ նա ասում է, որ “18 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկել են ծառայելու ՀՀ սահմանից դուրս”, նկատի ունենալով Արցախը։ Թե ոնց է Փաշինյանը որոշում “սահմանը”, անհասկանալի է։ Բայց ակնհայտ է, որ նրան գրեթե ոչ ոք Հայաստանում չի հակադարձում։
Եթե ընդդիմությունը և իսթեբլիշմենթը չեն ասում, որ Արցախը Հայաստան է, և դա ամրագրված է Անկախության հռչակագրում, ապա նրանք դառնում են Նիկոլ Փաշինյանի համահանցակիցներ։
Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ոչ մի քաղաքական ուժ չի պնդել, որ 18-ամյա հայ քաղաքացիները ծառայել են այն հողում, որն, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ մաս են կազմում։ Եվ քանի դեռ գործում են ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, Արցախը՝ ՀՀ օկուպացված մասն է, որտեղից հանցավոր դավադրության և ցեղասպանության արդյունքում վտարվել են 150,000 ՀՀ քաղաքացիներ։
Ընդդիմությունը դա չի ասում, նախընտրելով վատնել լոբբինգի հսկայական ռեսուրսն “արցախցիների վերադարձի” անիմաստ թեզն առաջ քաշելով։ Իսկ Արցախի իսթեբլիշմենթը, փոխանակ “ԼՂ հանրապետության արձակումից” հետո հայտարարի, որ այլևս միակ իրավական հիմքը՝ 1989 թ․ որոծումն է, կրկին խոսում է “վերադարձի” մասին։