Անահիտ Հարությունյանն Արցախից է։ Նրա ամուսինը՝ Ռաֆիկը, զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Շուրջ երկու տարի Անահիտը փորձում է հոգում խեղդել ծանր ցավը, որ կարողանա ոտքի կանգնեցնի երկու անչափահաս երեխաներին։ Օրվա հացը վաստակում է ձեռքի աշխատանքներով։ Նրա խոսքով՝ միայն աշխատելու ընթացքում է կարողանում կտրվել ծանր մտքերից։
Անահիտը պատմում է, թե ինչպես է ծագել բյուրեղապակիներով ներդիրներ պատրաստելու գաղափարը ու ստեղծվել Crystal Shine բրենդը։
-Աղջիկս մի սիրած շորիկ ուներ, որի վրա մի փոքրիկ թերություն կար։ Ոչ ցանկանում էր ազատվել այդ շորից, ոչ էլ հագնում էր։ Որոշեցի ինչ որ ձևով շտկել շորի թերությունը և ուրախացնել դստերս։ Բյուրեղապակիներով դիզայն կատարեցի․ արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց։ Դա իմ առաջին աշխատանքն էր։
Այդ ժամանակ իմ մոտ միտք ծագեց՝ ինչո՞ւ չզբաղվել հենց այդ աշխատանքով, որն ինձ հոգեհարազատ է ու նաև եկամուտ կտա։
Նոր հմտություններ ձեռք բերելու համար հետաքրքրվեցի, թե որտեղ կարող եմ դասընթացների մասնակցել, որպեսզի կատարելագործվեմ ու փորձ ձեռք բերեմ։ 2024 թվականին մասնակցել եմ Shecan ծրագրին, ստացել եմ դրամաշնորհ, որի շնորհիվ ձեռք եմ բերել համապատասխան հումք ու սկսել աշխատել։
Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, շատ եմ սիրում աշխատել բյուրեղապակիների հետ։ Իհարկե, հեշտ չէ, քանի որ պետք է շատ նրբորեն մոտենալ գործին, այնպես անել, որ պատվիրատուների սրտով ու ճաշակով լինի։ Լինում են օրեր, որ մինչև խոր գիշեր աշխատում եմ, քանի որ չեմ կարողանում կտրվել գործից՝ ցանկանալով ավարտին հասցնել։
Դիզայն եմ անում տարբերի իրերի վրա՝ բաժակների, պայուսակների, հագուստի, կոշիկների, շրջանակների, աքսեսուրաների վրա։ Crystal Shine ֆեյսբության էջի միջոցով եմ ներկայացնում աշխատանքներս, առցանց պատվերներ ստանում։ Ունեմ պատվիրատուներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Մեկ պատվեր արդեն փոստի միջոցով ուղարկել եմ ԱՄՆ։
Նպատակ ունեմ ընդլայնել իմ գործունեությունը։ Նախատեսում եմ հետագայում տարածք վարձակալել, նոր սարքավորումներ ձեռք բերել ու ավելի մեծ ծավալով աշխատել և ինչու չէ նաև նոր աշխատուժ ներգրավել։ Այս պահին աշխատում եմ մորս հետ։ Նա կար ու ձևի դասընթացների է մասնակցել, ունի հավաստագիր։ Համատեղում ենք մեր աշխատանքները։ Նրա կարած հագուստի վրա դիզայն եմ կատարում։ Մեծ սիրով պատրաստ ենք պատվերներ ընդունել։
Անահիտը ավելացնում է, որ այս պահին զբաղված է հավաստագրով բնակարան ձեռք բերելու հարցերով։ Նա չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, քանի որ Եռաբլուրում ամուսինն է, ում չի կարող մենակ թողնել։ Երեխաները՝ Վիկտորիան ու Սերգեյը, հաճախում են դպրոց, տարբեր խմբակներ, մասնակցում են մշակութային ու մարզական միջոցառումների և մրցույթների։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ