Ազատության հրապարակում կայացել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ու հոգևորականների:
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը»:
Կարապետյանը շարունակեց. «Մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական: Մենք հետևողական գնալու ենք առաջ. ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական էլ մենք կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան հետևողական էլ մենք ցույց կտանք մեր ուժն ու միասնականությունը»:
Նա ներկայացրեց Հայաստանում խաղաղ իշխանափոխության ծրագիր։
«Առաջին քայլ. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ազատ ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնել այս փոքր խմբին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին – խմբ.)», – ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել, որ իշխանությունների կողմից չօգտագործվի վարչական ռեսուրսներ։
Կարապետյանը նշեց, որ նախկինում եղել են բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ, որոնց գործունեությունը, այս կամ այն պատճառով, անհաջող է եղել։
Հանրահավաքից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով հասան ԱԱԾ շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Սամվել Կարապետյանին: