Ինչպես հայտնում է 301-ը, Հայ օգնության միության (ՀՕՄ) «Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված 10 ընտանիք ապահովվել է բնակարանով։
Շիրակի մարզում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել արցախցիների համար երկարաժամկետ բնակարանային պայմաններ և կայունություն։
Հոկտեմբերի 16-ին Բենիամին գյուղում տեղի ունեցավ բնակարանամուտի և տնօրհնեքի արարողություն՝ ՀՕՄ-ի 115-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, որին մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 200 ՀՕՄ անդամներ։
«Հույսի երկիր» ծրագրի շրջանակներում Բենիամին, Ախուրիկ, Սարիար, Հացիկ և Բասեն գյուղերում կառուցվել կամ գնվել է մոտ 15 տուն։ Շահառուները պարտավոր են ապրել տներում և մշակել հարակից հողատարածքները առնվազն տասը տարի, որից հետո գույքը կփոխանցվի նրանց։ Յուրաքանչյուր տուն վերանորոգվել և կահավորվել է փոխանցումից առաջ։
«Հույսի երկիր» նախաձեռնությունը ստացել է սփյուռքի աջակցությունը։ Շնորհիվ շարունակական նվիրատվությունների՝ ՀՕՄ-ը նախատեսում է շարունակել ծրագիրը այլ շրջաններում, այդ թվում՝ Սյունիքում, որպեսզի օգնի տեղահանված արցախցի ընտանիքներին մնալ իրենց հայրենիքում՝ Հայաստանում։
Դավիթ Ղահրամանյան