
Պատերազմն ավարտելու համար Ուկրաինայի Դոնբաս շրջանը պետք է «բաժանվի», և մեծ մասը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարությունն արեց ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ կիրակի՝ հոկտեմբերի 19-ին։
«Թող այդպես մնա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ՝ տարածաշրջանի 78%-ն արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է», – լրագրողներին ասաց Թրամփը Air Force One ինքնաթիռում։
«Նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ բանակցել ավելի ուշ։ Բայց առայժմ հակամարտության երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն առաջնագծում՝ գնան տուն, դադարեցնեն կռվելը, դադարեցնեն մարդկանց սպանելը», – ասաց Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հերքեց The Financial Times-ում հոկտեմբերի 19-ին ավելի վաղ հրապարակված հոդվածը, որտեղ պնդվում էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան հորդորել է հանձնել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին՝ հավելելով, որ հակառակ դեպքում Պուտինը «կկործանի» Ուկրաինան։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով։ Հետևաբար, նրա կարծիքով, սահմանները պետք է գծվեն այնտեղ, որտեղ բախվում են Ռուսաստանի ռազմական ուժը և ուկրաինացիների անկոտրում կամքի ուժը։