
Կիրակին արցախյան շնչով էր լցված «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնը։ Տարածքում, որտեղ միշտ արցախյան բարբառն է լսելի, այս անգամ համախմբողը նաև արցախյան խոհանոցի երկու անփոխարինելի «տիտաններն» էին՝ ժենգյալով հացն ու կուրկուտը։
Օրը կազմակերպվել էր YMCA Արցախի և Armenians Unified կազմակերպությունների կողմից։ Նպատակը՝ տեղահանված արցախցիներին նորից իրենց ուժերին հավատալու հնարավորություն տալը, արդեն իսկ ֆինանսավորված ծրագրերն ու հաջողված ստարտափերը ներկայացնելը, արցախյան խոհանոցի ավանդույթները պահպանելն ու վերջապես՝ իսկական տոն ունենալը։
Ինչպես Step1-ի հետ զրույցում նշեց «Տոն» երիտասարդական ռեսուրսային կենտրոնի պատասխանատու Արտակ Մկրտչյանը, կենտրոնի անունը պատահական չէ․ «Ցանկացել ենք, որ այստեղ բոլորը իրենց տանը զգան»։
Փառատոնի ընթացքում ներկաները հյուրասիրվեցին ավանդական կուրկուտով, ժենգյալով հացով ու գինով։ Մշակութային մասը ապահովեց «Մենք ենք մեր սարերը» համույթը՝ ստեղծելով իսկական արցախյան տրամադրություն։
Բոլոր կողմերում նկատելի էր երիտասարդական աշխուժությունը․ ծանոթ դեմքեր, տարիների հիշողություններով տարված մարդիկ, ժպիտներ, տաք գրկախառնություններ։
Կենտրոնը լցված էր ջերմությամբ ու միասնականության զգացումով՝ հիշեցնելով, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլև միասնություն հիշողություն ու երազանք։
Արտակ Մկրտչյանի խոսքով՝ հենց այսպես է հնարավոր կենդանի պահել մեր արժեքներն ու համախմբվել մի տանիքի տակ, որը մեզ շատ է պակասում։
Մարիամ Սարգսյան