Շողեր Սարգսյան․ որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է

  • 12:30 20.10.2025

2022 թվականին Արցախի Հանրային Հեռուստատեսության նախաձեռնությամբ նկարահանվեց ,,Ամանորյա զարմանք երկիրՙՙ ֆիլմը: Այն ցուցադրվեց Նոր Տարվա շեմին: Չնայած շրջափակման ծանր պայմաններին, դերասաններին հոջողվեց փոքրիկ ժպիտ ու տոնական տրամադրություն պարգևել բոլոր մեր հայրենակիցներին:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից էր լրագրող և դերասանուհի Շողեր Սարգսյանը: Step1.am հետ զրույցում  Շողերը կիսվեց արցախյան հիշողություններով և պատմեց հարկադիր տեղահանումից հետո իր կյանքի ու գործունեության մասին:

Պատմիր հիշողությունների մասին, մանկությունից, որտեղ ես ծնվել, մեծացել, ինչով ես զբաղվել, ինչ հետաքրքիր, յուրահատուկ հիշողություններ ունես արցախյան առօրյա կյանքից։

Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում։ Մանկությունս՝ այն ամենագեղեցիկ ու խաղաղ Արցախն է, որտեղ սիրում եմ վերադառնալ իմ հիշողություններում։ Դավիթ Բեկ փողոցում կանգնած, մուգ կարմիր դարպասներով պապական տանս մասին հիշողություններում եմ հիմա։ Իհարկե, կորստի ու կարոտի դառնությունը շատ է, սակայն դրանց առանցքում այնքան լույս ու ջերմություն կա․ տատիկի՝ պատշգամբին սկուտեղում շարված չրեր, պապիկի՝ քաոսային դասավորված գրքեր, մեծ Բաբոյի տնկած թթի ծառ ու շնչող պատեր, որ իր ձեռքով շարել է մեծ Դեդոն։

Վաղ մանկության հիշողություններիս մեծ մասը կապված է հաստաբուն թթի ծառի ու ծառի ճյուղից կախված փայտե ճոճանակի հետ։ Ավելի ուշ Ստեփանակերտը իր սահմանները ընդլայնեց ինձ համար, և մեր տան բակից բացի ընդգրկեց նաև Մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը, որտեղ ստեղծագործել էին սովորեցնում։ ՄՊՍԿ-ից դեպի տուն Ազատամարտիկների փողոցով էի իջնում, որտեղ ակացիաներ էին աճում, ու Ստեփանակերտը ինձ համար ակացիայի, մայիսի, կանաչ խոտի, անթև դպրոցական հագուստի ու մինչև նախավերջին էջը գրված տետրերի, տաք հացի ու “ածովի” պաղպաղակի, դասից ուշանալու ու ընկերուհիներով ձյաձ Սամվելի գրախանութում ժամերով նվեր ընտրելու, Կոլցեվոյի մայթերին վաճառվող կանաչու ու հրապարակում անշտապ քայլելու բույրն ունի։

Անդրադառնանք վերջին ժամանակաշրջանի դեպքերին․ բլոկադա, մեկօրյա պատերազմ, տեղահանություն: Փորձիր նկարագրել քո ու քո ընտանիքի առօրյա կյանքը ու ապրումներն այդ ժամանակաշրջանում:

Այս թեմային շատ եմ անդրադարձել հարցազրույցներում, և երևի թե չունեմ ավելացնելու նոր բան։ Հիմա հիշողություններս ավելի աղոտ են ու չնայած դրանց դաժանությանը, միշտ ակամայից ժպիտով ենք հիշում, որ գազ չկար, լույս չկար, կապը՝ բախտի հարց էր, որ ձուն փոխանակվում էր շաքարավազով, շաքարավազն էլ մանկական տակդիրներով։ Որ սիսեռից սուրճ էինք պատրաստում ու մայոնեցից թխվածքաբլիթ։ Որ հացը ամեն անգամ ավելի սև էր, ավելի պինդ ու ավելի դառը՝ ճիշտ ամեն նոր օրվա նման։ Որ մարդիկ վաղաժամ մահանում էին, որ շատ մարդիկ՝ չէին ծնվում։ Տեղահանությանը չեմ ուզում անդրադառնալ, ներողություն եմ խդնրում, բայց այլևս նույն ապրումները պատմելը անապրելի է դարձնում իմ այսօրվա կյանքը։ Միայն կասեմ, որ անգամ այդ օրերին ես չէի փոշմանել բլոկադայի ժամանակ Արցախ վերադառնալու համար։

Ի՞նչ պայմաններում ես ապրում Հայաստանում ու ինչո՞վ ես զբաղվում տեղահանությունից հետո։  Պատմիր թատերական ոլորտում քո գործունեության մասին:

Երևանում ապրում եմ ընքանիքիս հետ, բարեբախտաբար մեզ հաջողվել է չբաժանվել իրարից, լինել միասին ու օգնել իրար չմնալ մշտատև սգո մեջ, ապրում ենք հանուն իրար և իրար համար։ Ընտանիքի ու սիրող մարդկանց ներկայությունը կյանքում շատ է օգնում այս փուլում։

Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Երևանում վերադառնալ արվեստին և որ բոլոր ճանապարհները թատրնում ինձ դարձյալ կապում են Արցախին։ Սկսվեց ճանապարհը Պարոնյան թատրոնում, երբ ռեժիսորս՝ Ռուզան Խաչատրյանը բեմադրեց “Արևի մարդիկ” ներկայացումը։ Հիմքում Հերմինե Ավագյանի պատմվածքներն են, և այդ ներկայացումը ինձ հնարավորություն է տալիս 2 ժամով կրկին տանը լինել։

Այնուհետև միացա նաև Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնին, որտեղ ստեղծագործական ազատությանը զուգահեռ գտա շատ մտերիմ ընկերներ, նոր իմաստ ու ոգեշնչում, մարդիկ, որ նոր էին ինձ համար, բայց այնքան հարազատ, որովհետև նույն ճանապարհն ու պատմությունն ենք կիսում։ Ի դեպ, այս օրերին ռուսական թատրոնը սկսում է իր պատմության նոր էջը, նոր անունով՝ “Եռ-Ակի” թատրոն, խորհուրդի հիմքում Ստեփանակերտի թատրոնի մոտ տեղակայված դիմակներով աղբյուրն է՝ իրեք կռանը։ Մեր ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի ղեկավարությամբ թատրոնը սկսում է նոր ճանապարհ՝ հավատարիմ իր գաղափարին՝ ամեն ինչի հիմքում սերն է։

Եվ իհարկե, ինձ համար շատ կարևոր ու մեծագույն ոգևորություն է, որ իր գործունեությունը Երևանում վերսկսել է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը։ Առաջիկայում ունենք մեծ առաջնախաղ, որը մեր փոքրիկ նվեր է հատկապես արցախյան բարբառը կրող, ճանաչող կամ պարզապես սիրող հանդիսատեսին։ Անհամբեր սպասւոմ եմ աշնանային առաջնախաղերիս։

Փորձերին զուգահեռ սովորում են “Գալյա Նովենց” թատերական դպրոցում՝ արցախցի երիտասարդների համար հատուկ բացված կուրսում՝ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ։ Մի տեսակ հուզված եմ կյանքիս այս փուլի համար, զգացողություն է, որ վերջապես ունեմ հնարավորություն Արցախի հետ կապս ավելի ամուր և իմաստավորված ձևով պահել, որ ունեմ փոքրիկ առաքելություն։

Ի՞նչ դժվարությունների ես առնչվում Հայաստանում։

Դժվարությունները սկզբում և հիմա տարբեր են, ամենամեծ խնդիրս սովորելն էր ճիշտ արձագանքել ագրեսիվ մարդկանց քաղաքական թեմաներով, որովհետև Արցախը իմ համար քաղաքական թեմա չէ, Արցախը տուն է, որի կորուստը ես համահայկական ողբերգություն եմ համարում։ Բոլորս ենք անտուն մնացել, գոնե՝ հոգեպես։ Բայց ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում են ինձ սովորեցրել սիրել ու սիրվել, ովքեր ցույց են տվել, որ ես մեծ համայքնի կարևոր մասն եմ և հասկացված եմ։

Մյուս դժվարությունը իմ համար Երևանի տեմպն ու կյանքի օրենքներն են, այստեղ հասկացա՝ ես փոքր քաղաքի մարդ եմ, ավելի կոնկրետ՝ ես մի հստակ քաղաքի՝ Ստեփանակերտի մարդ եմ։

Պատրաստվո՞ւմ ես արդյոք մասնակցել արցախցիների բնակապահովման ծրագրին։

Իմ ընտանիքը դեռ քննարկում է հնարավոր տարբերակները, բայց որևէ հստակություն այս պահին չկա։

Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես։ Որտեղ ես պատկերացնում քո ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ կան արտագաղթի մտադրություններ։

Ես, ցավոք, դադարել եմ երկարաժամկետ ծրագրեր կազմել, բոլոր ծրագրերս ամենաշատը մեկ տարվա մասշտաբով են։ Աշխատում եմ սվորել ապրել այստեղ և հիմա, գիտակցված, կենտրոնացած, առանց ափսոսանքի։ Իհարկե, միշտ չի ստացվում, ավելի հաճախ մտքերս անցյալում են դեգերում։ Ապագայի մասին վախենում եմ մտածել կամ երազել։ Բայց այս պահին Հայաստանում ապրելու և գործելու ցանկությունս հստակ է՝ Արցախ վերադառնալու հույսով։

Կվերադառնայի՞ր արդյոք Արցախ, և ի՞նչ պայմանների դեպքում։

Ազատագրված հայկական Արցախ իմ ընտանիքը կվերադառնա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ցավոք, սա դեռ երազանքների մասին է։

Արսեն Աղաջանյան